Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատարին

Հոկտեմբեր 17,2018 13:19

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար: Շնորհավորելով նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ նա նախկինում նախարարի կարգավիճակում երկար աշխատել է և տիրապետում է ոլորտի խնդիրներին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգևորությունը դառնա կոնկրետ արդյունք և ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները:

«Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ սպորտը պետական առանձնահատուկ նշանակություն, նույնիսկ կարելի է ասել՝ ազգային անվտանգության հետ առնչություն ունեցող ոլորտ է, որովհետև ամեն անգամ, երբ Հայաստանի դրոշը և օրհներգը հնչում են համաշխարհային մարզական ասպարեզներում, դա լրջորեն բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը՝ դրանից բխող մյուս արդյունքներով: Իհարկե, դա այսբերգի երևացող կողմն է, և այդ ամենը հնարավոր չի լինի, եթե չկարողանանք պատշաճ մակարդակի վրա դնել մանկապատանեկան սպորտը, մեր դպրոցներում ֆիզկուլտուրայի դասավանդումը:

Եթե այս տրամաբանությամբ նայենք, սպորտը, ֆիզկուլտուրան և առողջ ապրելակերպը արդեն շատ ավելի լայն իմաստով են ազգային անվտանգության խնդիր, առավել ևս 21-րդ դարում: Կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին, այլև արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ հնարավորինս մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով և ֆիզկուլտուրայով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է, և մեր խնդիրները ռազմավարական են: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակումներ ունենք, բայց մեր ընթացիկ ժամանակաշրջանի ամենաառանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնում ենք և պիտի ընդլայնենք մեր երկրի, մեր ժողովրդի համար հնարավորի սահմանները: Դա թերևս մեր ամենամեծ քաղաքական առաքելությունն է»- իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը հաջողություն է մաղթել Գաբրիել Ղազարյանին և հույս հայտնել, որ կառավարության գործունեությունը կնպաստի Հայաստանում առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակմանը, ինչպես նաև հանրային, քաղաքական, մարզական, մշակութային կյանքին երիտասարդության ակտիվ մասնակցությանը, որովհետև երիտասարդությունն ազգային ներուժի ամենակարևոր կրողն է, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ներուժը իրացվի և կոնկրետ արդյունքներ արձանագրի:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին վստահության համար և նշել, որ նախարարությունն ունի մշակված մի շարք ծրագրեր՝ վարչապետի պաշտոնակատարի նախանշած ուղղություններով սպորտի և երիտասարդության ոլորտի զարգացումը խթանելու համար:

Վարչապետի պաշտոնակատարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը՝ անդրադառնալով անհրաժեշտ ֆինանսավորման հարցին: «Մարդիկ բնականորեն և հասկանալիորեն ունեն ու պիտի ունենան պահանջներ կառավարությունից: Այդ պահանջները լիարժեք չի լինի իրագործել, եթե քաղաքացիները նույնպիսի պահանջկոտությամբ չվերաբերվեն իրենց հարկային պարտավորություններին: Սա շատ կարևոր եռանկյունի է, որովհետև այն քաղաքացին, ով արդարացիորեն պահանջում է կառավարությունից որոշակի լուծումներ, նաև ինքը պետք է լինի այդ լուծումների մասնակից, որովհետև եթե ինքը պատշաճ հարկերը վճարում է, իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Իհարկե, մենք պետք է ապահովենք, որ քաղաքացին վստահ լինի, որ իր վճարած հարկերը չեն գողացվում, չեն մսխվում: Նկատի ունեմ, որ այս բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են, աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի խրախուսենք աշխատանքը, այդ թվում՝ պրոֆեսիոնալ սպորտը, որպեսզի սպորտը և դրա արդյունքները կարողանան ոգևորել նաև ուրիշներին, իսկ դա անելու համար պետք է երկրում աշխատող, հարկերը պարտաճանաչ վճարող քաղաքացիների թիվը հնարավորինս մեծ լինի: Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի այդ վճարված հարկերը չգողացվեն և ծախսվեն առավել արդյունավետ: Զարգացումն այն է, երբ մեզնից յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքն է անում, և ես համոզված եմ, որ դուք ձեր բաժին աշխատանքը կանեք»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031