«Հայկական Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Սոթք համայնքի դեմ՝ ի դեմս գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանի: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը հայտնել էր, որ 2015թ. մարտի 23-ին կնքվել է համագործակցության պայմանագիր: Կազմակերպությունը համայնքին է մատակարարել հոլանդական ընկերություններից մեկի կողմից արտադրված Ա դասի 362.700 կգ կարտոֆիլի տնկանյութ: Պայմանագրով պարտավորվել են, որ պատասխանող համայնքապետը տնկանյութի արժեքի 50 տոկոսի չափով կանխավճար կտա, իսկ մնացած 50 տոկոսը՝ կվճարի մինչեւ 2015թ. նոյեմբերի 10-ը: Այդ կապակցությամբ պատասխանող կողմը համայնքի ավագանու որոշումի քաղվածքն է տրամադրել հայցվոր կազմակերպությանը: Ավագանու որոշման համաձայն էլ, համայնքը պարտավորվել է ապրանքի արժեքի մնացած գումարը՝ 78 000 000 ՀՀ դրամը վճարել մինչեւ 2015թ. նոյեմբերի 1-ը՝ երաշխավորելով պարտավորության կատարումը համայնքի գույքով, ակտիվներով, ֆինանսական միջոցներով, տեխնիկայով եւ հողատարածքներով: Սակայն համայնքի ղեկավարը չի կատարել ստանձնած պարտավորությունները: Դատարան դիմելու պահին պարտքը կազմել է 70 707 000 ՀՀ դրամ:
Ի դեպ, նախորդ պարտավորություններից բացի, համայնքապետի որոշման համաձայն՝ համայնքը պարտավորվել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով վճարել տուգանք, եթե սահմանված ժամկետում վճարումը չի կատարվի: Ագրարագյուղացիական միավորումը դատարանից խնդրել է պատասխանող Սոթք համայնքից հօգուտ իրենց բռնագանձել 70 707 000 ՀՀ դրամ՝ դրա նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվարկելով 0,01 տոկոսի չափով տույժ՝ պարտավորության կետանցի օրվանից սկսած մինչեւ պարտավորության փաստացի մարումը, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով տուգանք: Տեղեկացնենք, որ հայցվոր կողմը դատարան էր դիմել այս տարվա ապրիլի 24-ին, հայտնելով, որ համայնքի եւ մատակարար հոլանդական ընկերության կողմից կատարված փոխադարձ հաշվարկների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պատասխանող կողմի պայմանագրային պարտավորությունները կազմում են ընդհանուր 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ եւ 3.000.000 ՀՀ դրամ:
Այսինքն, փոփոխված հայցով հայցապահանջը կազմում է 22.280.000 ՀՀ դրամ: Ի դեպ, կողմը դիմել էր նաեւ հաշտության խնդրանքով, հաշտության համաձայնություն կնքվել է 28.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի եւ 3.000.000 ՀՀ դրամի չափով:
Դատարանում խնդիր էր ծագել նվազեցնել հայցային պահանջի չափը: Երեկ վերաքննիչ դատարանը հրապարակելու էր վճիռը:
Սեփ. լր.
«Առավոտ»
16.10.2018