Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես երբեւէ որեւէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել եւ երբեւէ չեմ էլ շեղվելու». Կոստանյանը պատասխանում է քննադատություններին

Հոկտեմբեր 17,2018 13:06

Այսօր լրագրողները ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին հարցրին՝ ձեզ անսկզբունքայնության մեջ են մեղադրում, ինչպե՞ս եք վերաբերվում այդ քննադատություններին: Նա պատասխանեց, որ իրեն չեն կարող անսկզբունքայնության մեջ մեղադրել. «Ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որեւէ առնչություն ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստը եւ կայունության երաշխիքը դա հենց ծառայությունն է պետությանը եւ հայրենիքին: Ես երբեւէ որեւէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել եւ երբեւէ չեմ էլ շեղվելու: Եթե որեւէ մեկը դա կարող է դիտարկել որպես շեղում, ես շատ մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մայիսի 1-ին նման ելույթ ունեցաք ու Փաշինյանի կողքը չկանգնեցիք, Կոստանյանն ասաց, որ իր հայտարարության եւ այդ ելույթի մեջ բացարձակ հակասություն չկա. «Ես ասել եմ երկու բան՝ Նիկոլ Փաշինյանը ազնիվ է, ես իրեն հարգում եմ: Միաժամանակ ես ասել եմ, որ որեւէ մեկը մեր հանրության մեջ Նիկոլ Փաշինյանին չի տեսել պետական կառավարման պրոցեսում, նրա ամբողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային, հասարակական եւ պառլամենտական գործունեության մեջ: Հետեւաբար պետական կառավարման մեջ դուք էլ չեք տեսել, որեւէ մեկդ տեսե՞լ եք, էս երկրում մարդ չկա, որ տեսած լինի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երբեք պետական պաշտոն չի զբաղեցրել: Հետեւաբար, իհարկե, երբ որ որեւէ մեկը երբեք չի տեսել պետական կառավարման մեջ մարդը ինչ հմտություններ է դրսեւորում, բնականաբար: Հիմա կասեք՝ բա էդ դեպքում ի՞նչ փոխվեց այս 5 ամիսների ընթացքում: Այս ամիսների ընթացքում ես տեսա եւ համոզվեցի, որ նպատակները եւ ցանկությունները Նիկոլ Փաշինյանի ազնիվ են եւ իմ խորին համոզմամբ, ուղղված են պետության բարօրությանը: Այլ հարց է, թե դա փաստացիորեն ինչպես է իրագործվում»: Նա ասաց, որ պետք է օգնեն, որ այդ բոլոր նպատակներն իրագործվեն ու հակասություն չկա:

Հարցին՝ ինչո՞ւ չէիք սպասում, որ Նիկոլ Փաշինյանը դրսեւորվեր, նոր դուք ձեր կարծիքը հայտնեիք իր մասին՝ Կոստանյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ եք կարծում, 5 ամիսը բավարար չէ՞ր, որ հասկանաք նպատակների ազնվության մեջ առնվազն, ոչ թե 5 տարի սպասես, տեսնես այդ նպատակներն ինչպես են իրագործվում: Ես իմ հարցազրույցի մեջ խոսել եմ նպատակների ու սկզբունքների մասին»: Հարցին՝ բա մայիսին ինչո՞ւ չէիք սպասում, ինչո՞ւ էիք շտապում՝ նա ասաց, որ չի շտապել ու հորդորեց իր ելույթը նորից լսել: Նա ասաց, որ մայիսի 1-ին դեմ է քվեարկել Փաշինյանին հենց դրա համար, որովհետեւ պետական կառավարման փորձ չունի:

Կոստանյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն իր որոշումը շատ հարգանքով է ընդունել. «Նա միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը, մամուլում ինչ է գրվում, դրանք 40-երորդական հարցեր են: Ինքը շատ հարգանքով վերաբերվեց իմ որոշմանը, ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն լինելուն, այստեղ էլ հակասություն չեմ տեսնում: Նույն օրը ֆրակցիան հայտարարություն տարածեց: Ինչ վերաբերում է նրան, որ ես սահմանազատվեցի ՀՀԿ թիմից, ես ինձ թիմից հեռու չեմ պահում: Ես կուսակցական չեմ, չեմ եղել ու չեմ լինելու երբեք մի պարզ պատճառով, որովհետեւ կուսակցական լինելու պարագայում դու կաշկանդված ես կուսակցական շահերով, կանոններով ու կարգապահությամբ: Ես երբեք չեմ եղել կուսակցական հենց այն նկատառումից ելնելով, որ ես երբեւէ ոչ կուսակցական, ոչ քաղաքական կաշկանդվածություն չունենամ իմ դիրքորոշումն արտահայտելու տեսանկյունից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031