Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար». Մխիթար Հայրապետյան

Հոկտեմբեր 17,2018 12:47

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը հոկտեմբերի 17-ին այցելեցին Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում մոտեցավ տաղավարներին, ծանոթացավ սիրիահայերի ներկայացրած աշխատանքներին, հետաքրքրվեց նրանց գործունեությամբ:

Մխիթար Հայրապետյանը, խոսելով ցուցահանդես-տոնավաճառի մասին, նշեց, որ այն կազմակերպվել է սփյուռքի նախարարության, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և նպատակ ունի նպաստելու Հայաստանում սիրիահայերի սոցիալ-տնտեսական ինտեգրմանը: «Այսօրինակ միջոցառումները լինելու են շարունակական ինչպես սփյուռքի նախարարության, այնպես էլ միջազգային և մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ: Սա թվով 24-րդ բարեգործական ցուցահանդես-տոնավաճառն է: Նախորդ անգամ, երբ ՀՀ անկախության տոնին նվիրված ցուցահանդես այցելեցի, հիմնական խնդիրները, որ բարձրաձայնվում էին սիրիահայերի կողմից, կապված էին տաղավարների վարձակալության հետ: Սիրիահայերն ինձ խնդրեցին որևէ լուծում գտնել: Եվ մենք անմիջապես բանակցություններ սկսեցինք «Տաշիր Սթրիթ»-ի հետ, հաջողվեց գալ համաձայնության»,-նշեց Մխիթար Հայրապետյանը: Նա հավելեց, որ շուրջ 4 տասնյակ սիրիահայերի Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում կտրամադրվեն տաղավարներ մեկ տարի ժամկետով, վարձակալության առաջին երեք ամիսները կլինեն անվճար, իսկ մյուս ինը ամիսների ընթացքում նախատեսված 60 հազար դրամ ամսավճարի փոխարեն սիրիահայերը կվճարեն 30 հազար դրամ: Այս ամենը Մխիթար Հայրապետյանը համարեց քայլ առաջ:

«Մենք մեր լավագույնն անում ենք, որ սիրիահայերն ինտեգրվեն, լինեն հասարակության լիիրավ անդամ, ունենան աշխատանք: Մեր առաջնահերթություններից է այն, որ կարողանանք հստակեցնել՝ ինչ հարկային արտոնություններ կարող ենք տրամադրել սիրիահայերին: Առհասարակ, սիրիահայերի հիմնախնդիրները մշտապես սփյուռքի նախարարության խոշորացույցի տակ եղել են ու կմնան»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարն ու առանձնացրեց կրթական, բնակարանային, աշխատանքի ապահովման խնդիրները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031