Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է հորդորենք իշխանություններին ոչ միայն մակերեսային, այլև արմատական փոփոխությունների գործընթաց ծավալել. Դավիթ Իշխանյան

Հոկտեմբեր 17,2018 12:15

Արցախի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է Արցախի խորհրդարանի պատգամավոր, Արցախի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Դավիթ Իշխանյանի հետ:

-Պարոն Իշխանյան, վերջերս Արցախի ՀՅԴ ԿԿ-ի կողմից հանրապետության նախագահին էր ներկայացվել փաթեթ՝ մինչև 2020 թ. Արցախում կայունություն և զարգացում ապահովելու համար, որում նաև կար կետ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ: Կարծում եք՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա՞ այսօր:

-Ի սկզբանե մենք դեմ ենք եղել Սահմանադրության այն նախագծին, որը ներկայացվել էր, և դրա ընդունումից հետո, համակերպվելով և ընդունելով համաժողովրդական հանրաքվեի արդյունքները, այդուհանդերձ կարծում ենք, որ այս Սահմանադրությունը դեռևս ունի վերափոխելու անհրաժեշտություն:

Դրա համար պետք է լինեն համապատասխան քաղաքական նախադրյալներ և քաղաքական ուժերի պատրաստակամությունը՝ մեր նախաձեռնություններին աջակից լինելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Իհարկե, այստեղ պետք է նաև շեշտել, որ ընդամենը մեկ տարուց ավելի գործող Սահմանադրությունը նոր փոփոխությունների ենթարկելը այդքան էլ քաղաքական մշակույթի մեջ չի տեղավորվում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ առիթից առիթ մենք պետք է ամենօրյա քաղաքական զարգացումների շրջանակում բարձրաձայնենք այն վտանգների վերաբերյալ, որոնք իր մեջ պարունակում է այսօրվա գործող Սահմանադրությունը:

– Հնարավո՞ր է՝ առաջիկայում «Դաշնակցություն» խմբակցությունը խորհրդարանում հանդես գա սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու նախաձեռնությամբ:

-Վերջին ժամանակաշրջանում մենք նման քննարկումներ չենք ունեցել, և միանշանակ այդ մասին հրապարակային բարձրաձայնելը ճիշտ չեմ համարում, բայց այդուհանդերձ կարծում եմ, որ մեր օրակարգում նման նախաձեռնության ցուցաբերումը չի բացառվում:

-Հունիսյան առաջին օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, երկրի իշխանությունների կողմից հայտարարվեց Արցախում բարեփոխումներ իրականացնելու մասին: Արդյունքում կառավարման համակարգի տարբեր ոլորտներում եղան որոշակի կադրային փոփոխություններ: Հայտարարված բարեփոխումների շրջանը համարու՞մ եք կայացած:

-Մենք իհարկե ներկայացրել ենք մեր պատկերացումներն ու տեսակետները բարեփոխումների գործընթացի վերաբերյալ՝ նշելով նաև, որ կադրային փոփոխությունները չեն կարող ամբողջական համակարգային բարեփոխումներ դիտարկվել, սակայն կարծում եմ, որ այդ փուլը դեռևս որոշ զարգացումների տեղ է ունենալու:

Իհարկե, հանուն ճշմարտության նաև պետք է ասել, որ կադրային փոփոխություններին զուգընթաց նաև որոշակի համակարգային բարեփոխումների միտումներ են եղել:

Համարել այդ ամենը ավարտված՝ ճիշտ չեմ համարի, և մենք դեռևս պետք է հորդորենք երկրի նախագահին, գործող իշխանություններին ոչ միայն մակերեսային, այլև արմատական փոփոխությունների գործընթաց ծավալել:

-Այդ ամենից բացի ինչ կարևոր այլ անելիքների անհրաժեշտություն եք տեսնում մինչ 2020թ. համապետական ընտրությունները:

-Նախագահ Սահակյանի հայտարարությունից հետո, որ 2020 թվականին չի հավակնելու նախագահի պաշտոնին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական տարբեր ուժերի մոտ առաջացել է որոշակի քաղաքական ակտիվություն:

Ես պետք այստեղ նաև շեշտեմ, որ նկատելի է նոր նախաձեռնությունների, քաղաքական նոր կուսակցությունների ձևավորման գործընթաց, ինչը բնական է և ողջունելի: Բայց այս ամենը չպետք է դիտարկել միայն 2020թ. համապետական ընտրությունների համատեքստում, չտարվել և չգայթակղվել միայն ապագա ընտրություններով և պետական կառավարման համակարգում այս կամ այն ոլորտում տեղ ունենալու հանգամանքով:

Սա կարծում եմ քաղաքական ուժերի կամ նոր ձևավորվող կուսակցությունների համար պետք է լինի հիմնական ուղեցույցը, այլապես մենք կհայտնվենք անհանդուրժողականության այնպիսի մի քաղաքական մթնոլորտում, որը կարող է մեզ համար շատ ծանր հետևանքներ ունենալ:

Բայց 2020թ. ընտրությունների նախապատրաստական փուլին զուգընթաց, ես կուզենայի բարձրաձայնել և կարևորել համապետական մեկ կարևոր ընտրություններ ևս. խոսքս վերաբերում է ՏԻՄ ընտրություններին:

Այստեղ ևս առկա են լուրջ խնդիրներ՝ հաշվի առնելով այն, որ մենք ունենք ընդունված Սահմանադրություն, ունենք տեղական ինքնակառավարման մասին գործող օրենք, որոնք սակայն միմյանց հետ չեն խոսում: Այդ իսկ առումով կարծում եմ, որ գործող Սահմանադրության համապատասխան, պետք է նաև ցուցաբերել նախաձեռնություն՝ տեղական ինքնակառավարման մասին օրենքում որոշակի փոփոխություններ ու շտկումներ անելու համար և 2019թ. սեպտեմբերին կայացնել ՏԻՄ համապետական ընդհանուր ընտրություններ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031