Լրահոս
Օրվա լրահոսը

Ձգտում են ընտրությունների գնալ փոփոխված օրենսգրքով. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 17,2018 12:31

Երեկ վարչապետին կից ընտրական փոփոխությունների հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպեցին խորհրդարանական երեք ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի հետ։ Եվ չնայած Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին, սակայն, ըստ էության, չի բացառվում, որ եզրակացություն չլինի։ Երեկ այս առնչությամբ առաջին փոխվարչապետը լրագրողների հետ զրույցում նկատեց. «Մենք ե՛ւ հայեցակարգը շատ ավելի վաղ, ե՛ւ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել ենք, պաշտոնապես վերջին տարբերակն այսօր է ուղարկվել։ Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտակտները շարունակվելու են, հուսամ՝ որոշակի փոխըմբռնում կլինի»։

«Ժողովուրդ» օրաթերթն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ արդարադատության նախարար, վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանի հետ։

– Գործող օրենսգրքով հնարավոր չէ՞ արտահերթ ընտրությունների գնալ։

– Հնարավոր է։ Այսօրվա կառավարություն ձեւավորած քաղաքական ուժի համար սա ձեռնտու է։ Սակայն քաղաքական ուժը նպատակահարմար է գտնում գնալ ժողովրդավարական ճանապարհով, նախապատրաստել ընտրական օրենսգիրքը ավելի ներառական Ազգային ժողով ունենալու։

– Սակայն քաղաքական ուժերն էլ բարձրաձայնում են, թե սա ժողովրդավարական չէ, եւ ուժերի համար երկու ամիսը քիչ է նախապատրաստվելու, սերտելու համար ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ ՚

– Սա այն անհարմարություններից է, որը ստացվում է հավասարակշռման արդյունքում։

– Դուք խոսեցիք կայուն մեծամասնության դրույթի մասին եւ ասացիք, որ այժմ իրավիճակը ճգնաժամային է։ Օրեր առաջ Գագիկ Հարությունյանը նշեց, որ կարելի է օրենք բերել եւ փոխել այդ դրույթը, ամրագրել, որ եթե կայուն մեծամասնություն չկա, ԱԺ-ն կարող է գնալ ինքնալուծարման։ Համակարծի՞ք եք այս տարբերակի հետ։

– Կարող են լինել տարբեր ճանապարհներ դրան հասնելու։ Կառավարությունը իր հայեցողության շրջանակներում այս ճանապարհն է ընտրել։

– Դուք կարծում եք, որ ընտրությունները անպայման պետք է նոր օրենսգրքով լինե՞ն։

– Շատ ցանկալի է, որ այդպես լինի։ Ոչ թե նոր, այլ փոփոխված օրենսգրքով։ Չափազանց ցանկալի է, որ լինեն զարգացումներ, որ ընտրությունները շատ մեծ վստահություն վայելեն քաղաքական ուժերի, արտախորհրդարանական ուժերի եւ ժողովրդի կողմից։

– Ասվում է, որ ընտրությունները պետք է տեղի ունենան, այլընտրանք չկա։ Այսինքն՝ կարեւոր է, որ դրանք տեղի ունենան, բայց կապ չունի՞, թե որ ընտրական օրենսգրքով։

– Շատ կարեւոր է, որ լինի փոփոխված ընտրական օրենսգրքով եւ ընտրությունների նկատմամբ վստահությունը ավելի մեծ լինի, լինի հավասարակշռված ԱԺ։ Սա դոմինանտ ուժի քաղաքական կամքի դրսեւորումն է։

– Ներկայիս օրենսգիրքը թույլ չի՞ տալիս այդպիսի ընտրություններ ունենալ։

– Տալիս է նման հնարավորություն, բայց շատ ավելի լավ կլինի, որ փոփոխված օրենսգրքով լինի։

Զրուցեցին՝   Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031