ԽՍՀՄ բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանն արդեն 15 տարի է՝ գիշերում է դրսում։ 2003 թվականին Լատվիայից վերադառնալով Հայաստան, Խալոյանը պարզում է, որ Երեւան քաղաքի Չեխովի 33 հասցեում գտնվող իր բնակարանն անօրինական ճանապարհով վաճառված է. իր եւ մայրիկի համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը պատկանում է Վրաստանի քաղաքացու։
Արմեն Խալոյանը մեր զրույցում պատմեց, որ մայրը քաղցկեղով հիվանդ է եղել, 2003-ին, երբ վերադարձել է Հայաստան, տեղեկացել է, որ իրենց բնակարանը մայրիկի անունից վաճառել են։ «Մինչեւ հիմա մայրիկիս գտնվելը անհայտ է, սպանել են, ինձ մահվան վկայական են ցույց տալիս, ասում են՝ տառապում էր քաղցկեղով։ Ասում եմ՝ բա որ գամված էր անկողնուն, ո՞նց է գնացել նոտարական գրասենյակ. խնդիրն այն է, որ մեր բնակարանից երկու կանգառ այն կողմ գտնվում է նոտարական գրասենյակ, հիմա հիվանդ մարդը կգնա երկու կանգառ էն կողմը առուծախի պայմանագիր կնքի՞, թե կգա Բաղրամյանի վրա կենտրոնական նոտարական գրասենյակ, որտեղ էլ կնքվել է պայմանագիրը։ Բացի դա, մայրիկիս ստորագրությունը չկա, իր անունից առուծախի պայմանագիր են կնքել ու օտարել են առանց ինձ, որը օրենքով չի կարող լինել, ես պարտադիր կամ ներկա պետք է լինեի, կամ լիազորագիր պետք է ներկայացվեր»,- ներկայացրեց Խալոյանը։
Անօթեւան քաղաքացին 15 տարի շարունակ դիմել է իրավապահներին՝ արդարադատության ակնկալիքով, սակայն անօգուտ։ Մասնավորապես, հայտնվելով անելանելի վիճակում՝ Խալոյանը դիմել է բոլոր պատկան մարմիններին՝ ոստիկանություն, դատախազություն, նախագահին, վարչապետին, սակայն իր դիմումները մինչ այսօր անպատասխան են։
Նրա ներկայացրած հաղորդումներից մեկով 2005 թվականին քրեական գործ են հարուցել նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ, սակայն ըստ քաղաքացու՝ քրեական գործը 5 տարի անց վաղեմության հիմքով կարճվել է։ Արմեն Խալոյանը, սակայն, պնդում է, որ քրեական գործով բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն չի իրականացվել, այս շարքում նա նշում է նաեւ կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման այն ժամանակվա պետի անունը։ «2003 թվականից դիմում եմ իրավապահ մարմիններին, օրինական ընթացք չի ստանում, կոռուպցիոն եւ հանցավոր գործունեությամբ են զբաղված իշխանությունները։ ՀՀ ՔՕ 308 հոդված են հարուցում նոտարի դեմ, այնինչ ինձ հասցվել է նաեւ խոշոր չափերի վնաս, ու գործը կարճել, գնացել են։ Իմ դիմումները, հանցագործության մասին հաղորդումները կոծկվում են։ Ե՛վ նախկինում, եւ հիմա, վարչապետին, ՀՀ նախագահին այլ ձեւի են ներկայացնում իմ խնդիրը, քանի որ նրանք ծանոթ չեն գործին, իրենք ներկայացնում են՝ իբր ես էդ տան հետ ընդհանրապես կապ չունեմ, ու դրանով ավարտվում է ամեն ինչ։ Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանին ուրիշ ձեւ են զեկուցել։
Քրեական գործը կարճելուց հետո 2010-ին դատախազություն բողոք եմ ներկայացնում որոշման դեմ, ինչին պատասխանում են, որ քննիչի որոշումը ճիշտ է: Հանցագործությունը կոծկվում է, ընթացք չի տրվում դիմումներիս։ Ամբողջ այս երկրում իրավապահ մարմինները օրենքով չեն աշխատում, աշխատում են կոռուպցիոն ձեւով, ով գումար կտա նրա օգտին որոշում են պահանջում։
Խալոյանն ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ էլ է դիմել դատախազություն՝ պահանջով, որ կարճման որոշումը վերացվի, քրեական գործն ուղարկվի քննչական մարմին ու հանձնարարական տրվի խորացված բազմակողմանի անաչառ քննություն կատարելու, սակայն այլեւս դատախազությունից իրեն չեն պատասխանում։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում