Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ակնառու
ներկայացուցիչները կրկին Հայաստանում էին
Տեղեկացրել էինք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Հայաստան էին այցելել Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ Մոհամեդ Աիդ-Արաբը, օթյակի խորհրդի անդամ, միջազգային եւ ֆրանկոֆոնիայի հարցերի պատասխանատու Դիմիտրի Արսենակիսը, օթյակի խորհրդի անդամ, Եվրոպայի գծով հարցերի պատասխանատու Էղվե Զաքարիանը եւ այլք: Նրանք բացառիկ հարցազրույց տվեցին «Առավոտին»:
Ի թիվս այլնի, մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» գրքին, որտեղ հետաքրքիր շեշտադրումներ կան կրթության դերակատարության եւ ամեն ինչի մարդակենտրոնության վերաբերյալ: Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի մեծ վարպետի տեղակալ Մոհամեդ Աիդ-Արաբը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ չի վերլուծի ողջ գիրքը, բայց կկենտրոնանա այն գաղափարի վրա, որը վերաբերում է կրթությանը: «Լուսավորության շրջանում մի խումբ մտավորականներ հավաքվել էին Դիդրոյի շուրջ, ու նրանց մտահոգությունը կրթությունն էր: Եվ նրանք մի գաղափար առաջարկեցին, որը կոչվում էր հանրագիտարան: Դիդրոն եւ մյուս լուսավորիչները հավատացած էին, որ խավարամտությունը հաղթահարելու համար ավելի լավ միջոց, քան լուսավորությունը եւ կրթությունը, չկա: Ընդ որում, հատկապես կարեւոր է աղջիկների կրթությունը: Ֆրանկմասոնները ուղղակի կարող են ստորագրել այն սկզբունքի տակ, որ ամեն ինչի կենտրոնում պետք է կրթությունը լինի: Լուսավորության շրջանի մտավորականների մյուս կարեւոր գաղափարը ունիվերսալիզմն էր եւ այն, որ մարդու հանդեպ հարգանքը ոչ միայն Ֆրանսիայում պետք է գերակա լինի, այլեւ այդ նորմը համամարդկային բնույթ կրի ու բնորոշ լինի ողջ աշխարհին: Այս ամենը ոգեւորում է ֆրանկմասոններին»,- նշեց Մոհամեդ Աիդ-Արաբը:
Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի անդամներին հարցրինք` ի՞նչ տպավորություն են ստացել հետհեղափոխական Հայաստանից, քանի որ հեղափոխության օրերին էլ մեր երկրում էին: «Անցյալ ապրիլին մենք զգացինք մարդկանց ներգրավվածությունը, հատկապես երիտասարդների համախմբումը խաղաղ ճանապարհով իրենց երկրին տեր կանգնելու պայքարում: Վերջերս մասնակցել եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դիպլոմների հանձնման արարողությանը, տեսել եմ մոտիվացված, ոգեւորված երիտասարդների, որոնք պատրաստ են նպաստել երկրի հաջողություններին եւ իրենց կյանքը նվիրել այդ գործին»,- պատասխանեց օթյակի մեծ վարպետի տեղակալը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ հայաստանյան «Արարատի որդիներ» մասոնական օթյակին, հարցրինք, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տպավորություն են ստացել, ինչպե՞ս է այն առաջ գնում: «Օթյակն իր հաստատուն, հանգիստ ճանապարհի վրա է, ինչպես մյուս օթյակներում, այնպես էլ այստեղ, մարդիկ են, որ միաժամանակ ներգրավված են իրենց երկրի կառուցման գործում»,-շարունակեց մեր զրուցակիցը:
Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի խորհրդի անդամ, Եվրոպայի գծով հարցերի պատասխանատու Էղվե Զաքարիանը նշեց. «Ինչ էլ հիմա ասենք, դա արտացոլում է «Մեծ Արեւելքի» փիլիսոփայությունը եւ այն արժեքային համակարգը, որ ուզում ենք փոխանցել: Հատկապես այն արժեքային համակարգը, որ հիմնված է երեք հիմնասյուների վրա` ազատություն, եղբայրություն, հավասարություն: Կարեւորում ենք հանդուրժողականությունը: Նաեւ Ֆրանսիայում կա մի բաղադրիչ` աշխարհիկությունը: Այն կապը, որ կարող ենք ունենալ «Արարատի որդիների» հետ, դա ազատության եւ ազատորեն իրեն կյանքը տնօրինելու շարժումն է: «Արարատի որդիներ» մասոնական օթյակի նպատակն է այնպիսի եղբայրների պատրաստումը, որոնք ի վիճակի լինեն մեր գաղափարները տարածել օթյակից դուրս: Նպատակն է կառուցել մի հասարակություն, որն ավելի եղբայրական է, ավելի արդար է, ավելի աշխարհիկ»:
Հարցրինք, թե որտեղ են պատրաստում «Արարատի որդիների» իրենց եղբայրներին: «Մեծ Արեւելքում» կա մի մեծ սկզբունք: Դա օթյակների անկախությունն է: Այս սկզբունքից ելնելով` հայաստանյան օթյակի եղբայրներն իրենք են ամբողջովին կառավարում իրենց օթյակը: Իրենք են որոշում ում ընդունել: Պատկերավոր ասած` ընդհանրապես ֆրանկմասոնների մոտ ընդունված է չմերժել, երբ դուռը թակում են»,-հնչեց պատասխանը:
«Մեծ Արեւելք» մասոնական օթյակի խորհրդի անդամ, ֆրանկոֆոնիայի հարցերի պատասխանատու Դիմիտրի Արսենակիսը խոսեց աշխարհիկության մասին. «Երբեմն «Մեծ Արեւելքի» անդամներին ներկայացնում են այս կամ այն կրոնի դեմ, սակայն աշխարհիկ լինել` չի նշանակում կրոնի դեմ լինել: Աշխարհիկությունն ավելին է, այսինքն թույլ տալ, որ ամեն մեկն ունենա այն կրոնական համոզմունքը կամ ընդհանրապես չունենա: Խղճի ազատություն ունենալ: Կարեւորը, որ իշխանությունը լինի ազատ եւ չեզոք, իսկ մարդիկ ընտրեն այն, ինչ ցանկանում են»:
Հարցրինք` իրենց կարծիքով՝ ո՞րն է պատճառը, որ Ֆրանսիան լինելով ամենադեմոկրատ, ամենաաշխարհիկ եւ մտքի կապանքներից զերծ երկիր, հաճախ է բախվում ահաբեկչության սպառնալիքի հետ, ինչպե՞ս անել, որ նման բաները բացառվեն ողջ աշխարհում:
Մոհամեդ Աիդ-Արաբը պատասխանեց. «Բռնատիրական երկրում շատ հեշտ է բոլորին վերահսկելը, փակելը, իսկ դեմոկրատիայի պարագայում դժվար է այդ ամենը վերահսկել` առանց մարդու իրավունքները ոտնահարելու եւ արժեքային համակարգից շեղվելու: Այստեղ եւ առավելություն կա, եւ թերություն: Դառնալով կրթությանը, նշենք, որ նրա դերակատարությունը կարեւոր է այն առումով, որպեսզի պատրաստվեն այնպիսի մարդիկ, որոնք հարգում են ուրիշի կարծիքը եւ համատեղ ապրելու հնարավորւթյունը: Ահաբեկչությունը գալիս է այն երկրներից, որտեղ ծաղկում է ֆանատիզմը, կա թշվառություն եւ անհանդուրժողականություն»:
Մեր դիտարկմանը` ասում են` բազմության ձայնը Աստծո ձայնն է, արդյոք մի՞շտ է բազմության ձայնն արդարացված եւ արդյոք անհատները մի՞շտ են ազնվորեն ղեկավարում այդ բազմությանը, Դիմիտրի Արսենակիսը պատասխանեց. «Խոսքը վերաբերում է ազգի եւ մարդու գիտակցությանը: Երբ ազգի գիտակցությունը չի սահմանափակվում բռնատիրությամբ, եւ ազգն ազատ է` որոշում կայացնելու առումով, անհատներն էլ կայացնում են այնպիսի որոշում, որոնք օգտակար են երկրի եւ ազգի համար: «Մեծ Արեւելքի» հիմնարար նպատակներից մեկն է` նպաստել ազգերի գիտա
կցության բարձրացմանը, որը Ֆրանսիական հեղափոխության հիմնաքարն է: Դրա համար է Ֆրանկոֆոնիան մեզ համար կարեւոր: Մենք նպաստում ենք Ֆրանկոֆոնիային եւ Ֆրանսիայից դուրս ավելի քան 300 օթյակների միջոցով ամբողջ աշխարհում տարածում ենք այդ գաղափարները, նպաստում գիտակցության, ազատության, այլ արժեքների տարածմանը: Ֆրանկոֆոնիան միայն ֆրանսերենը չի, ֆրանսերենը միշտ եղել է ոգեշնչման աղբյուր եւ ազատության լեզու` ժողովուրդների համար»,- ասաց Դիմիտրի Արսենակիսը:
Ֆրանկմասոնները փաստեցին, թե պատահական չէր, որ 18-րդ դարում բոլոր թագավորական պալատներում խոսում էին ֆրանսերեն, քանի որ այն համարվում էր ազատության լեզու, իսկ պայքարող երկրներում Մարսելիոզ էին երգում:
Նրանց հետ զրույցում անդրադարձ եղավ հայկական հետքերին, որոնք Ֆրանսիայում առկա են 4-րդ դարից, հարցրինք, թե ինչպես են գնահատում հայ-ֆրանսիական փոխազդեցություններն այսօր: «Դա, կարծում եմ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանն ուղղվելիք հարց է, բայց կարող եմ նշել, որ Հայաստանը միշտ Ֆրանսիայի համար եղել է կարեւոր երկիր, Ֆրանսիայի բոլոր շրջաններում կան հայկական համայնքներ, շատ հայտնի մարդիկ ունենք հայկական ծագմամբ: Ֆրանսիան միավորում է բոլորին, որոնք լինելով տարբեր, կառուցում են իդեալական հարաբերություններ: Հիմա այստեղ նստած ամեն մեկս տարբեր ծագում ունենք, եւ մեզ միավորում են Ֆրանսիայի Հանրապետության արժեքները»,-ասաց Մոհամեդ Աիդ-Արաբը:
«Կարող ենք ասել, որ իրենք 100 տոկոսով հայ են, 100 տոկոսով ֆրանսիացի եւ 100 տոկոսով ֆրանկմասոն»,- ֆրանսահայ անդամներին այսպես ներկայացրեց օթյակի անդամ Պիեր Ֆիորին:
Խոսելով ֆրանկոֆոն երիտասարդության կորիզ հանդիսացող Ֆրանսիական համալսարանի ուսանողների մասին, Մոհամեդ Աիդ-Արաբը նշեց, որ երբ խոսում են որեւէ երկրի զարգացման մասին, անպայման ընկալում են էլիտան եւ կրթված երիտասարդությունը. «Պետք չէ էլիտա բառը բացասական ենթատեքստով ընկալել: Էլիտա ասելով՝ նախ պետք է հասկանալ այն մարդկանց, որոնք իրենց ոլորտի քաջատեղյակներն են, լավագույնները, լավ կրթություն են ստացել եւ բաց են աշխարհի առաջ…Կարեւոր է Ֆրանսիական համալսարանի ներկայությունը Հայաստանում, դա կարեւոր է ոչ միայն նրա համար, որ ֆրանսերենով խոսող մարդիկ է պատրաստում, այլ մասնագետների, որոնք կարող են մեծ նպաստ ունենալ Հայաստանի տնտեսության եւ հասարակության զարգացման գործում: Կարեւորը, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, ինչը բացվածություն է աշխարհի առաջ»:
Հարցրինք նաեւ, թե հանդիպումներ եղե՞լ են նախկին եւ ներկա իշխանությունների հետ: «Մենք քաղաքական կուսակցություն չենք, մենք զբաղվում ենք քաղաքականությամբ այն չափով, ինչ չափով դա վերաբերում է գաղափարին: Մենք չենք մասնակցում որեւէ քաղաքական գործընթացի, թեեւ չենք բացառում, որ կան քաղաքական գործիչներ, բայց հումանիստական շարժումը եւ քաղաքականությունը իրար հետ չեն խառնվում»,- նշեց Մոհամեդ Աիդ-Արաբը:
Զրույցի ավարտին Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի անդամները նշեցին, որ ամեն տարի ապրիլին գալիս են Հայաստան` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, 2019-ի ապրիլին եւս նույն առաքելությամբ կժամանեն, սակայն մեկ այլ առիթ էլ կա` նշելու են հայաստանյան «Արարատի որդիներ» օթյակի տարեդարձը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի ակնառու ներկայացուցիչները:
«Առավոտ»
16.10.2018