«Բանակցություններն անցկացվել են, անցկացվում են եւ կանցկացվեն»,- ասում է Ալիեւը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի վերջին կայցելեն տարածաշրջան. օրերս այս մասին հայտնեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի խորհրդական Ջորջ Քենթը։
Այս այցը, թերեւս, ապագայում Փաշինյան-Ալիեւ, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ առարկայական բանակցություններ կազմակերպելու շուրջ քննարկումներ ծավալելուն է ուղղված լինելու:
Մինչ միջնորդների այցը, սակայն, պաշտոնական Բաքուն օրերս որոշ «ճշգրտումներ» արեց: Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով կառավարության նիստում, հարկ համարեց շեշտել, որ բանակցությունները բացառապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է ընթանան: Ալիեւը հերթական անգամ մեղադրեց հայկական կողմին բանակցային գործընթացը տապալելու եւ դրա ձեւաչափը փոխելու փորձերի մեջ՝ նշելով, թե «հայկական կողմը փորձել է փոխել բանակցությունների ձեւաչափը, սակայն հաջողության չի հասել»:
«Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ կայացած երկու հանդիպումները, ինչպես նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ բանակցությունների ձեւաչափը մնում է անփոփոխ, եւ որ այս հակամարտությունը պետք է մոտ ապագայում կարգավորվի միջազգային սկզբունքների եւ նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- պնդել է Ալիեւը՝ հավելելով. «Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողականություն կդրսեւորի իր քաղաքականության մեջ»: Նա կրկին վստահեցրել է, որ «կազատագրեն օկուպացված հողերը», բայցեւ շեշտել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններն անցկացվել են, անցկացվում են եւ կանցկացվեն:
Պաշտոնական Բաքուն, այսպիսով, միջազգային հանրությանը ցույց է տալիս, որ կողմնակից է բանակցությունների անցկացմանը: Իհարկե, սա կարող է Բաքվի լարած հերթական ծուղակը լինել. որոշակի պահից Ադրբեջանը կարող է բանակցային գործընթացը տապալելու «մեղքը» գցել հայկական կողմի վրա՝ լարվածությունը մեծացնելով շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան սահմաններում:
Դուշանբեի հանդիպումը, ըստ Մոսկվայի, «նպաստել է ԼՂ լարվածության թուլացմանը»
Դուշանբեում վերջերս կայացած Փաշինյան-Ալիեւ կարճատեւ հանդիպումն ակնհայտորեն Մոսկվան ու Բաքուն փորձեցին լուրջ առաջընթաց ներկայացնել: Հիշեցնենք, որ Բաքվից այդ հանդիպումից հետո նախ իշխանական շրջանակներից սկսեցին ոգեւորված հայտարարել, թե այն «կարեւոր» հանդիպում էր, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները զարմանալիորեն չեզոք տեղեկատվություն էին տարածում: Ռուսաստանից եւս նման միտում նկատվեց: Անցյալ շաբաթ էլ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հայտարարել է, որ Դուշանբեում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կարճատեւ հանդիպումը նվազեցրել է լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ «Ես ինքս եմ ականատես եղել, թե որքան շատ էին այդ պատվիրակությունների ղեկավարները՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մոտենում իրար եւ քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ հարցեր»,- ասել է նա՝ հավելելով. «Այժմ լարվածությունը հակամարտության գոտում մի փոքր նվազել է»։ Սերգեյ Լեբեդեւը նաեւ հավելել է, որ երկու կողմերի համապատասխան կառույցներին համապատասխան ցուցումներ են տրվել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ. «Մենք հույս ունենք, որ երկու պետությունների ղեկավարների այս առաջին շփումը կշարունակվի եւ դրական արդյունքներ կտա այդ հակամարտության կարգավորման գործում»։
Շոյգուի պլան
Դուշանբեի տրամադրությունները դեռ ամենը չեն: Ռուսաստանում ավելի հեռուն գնացող ծրագրեր են արդեն քննարկվում: Անցյալ շաբաթ ռուսաստանյան «Նեզավիսիմայա Գազետա» թերթի սյունակագիր Վլադիմիր Մուխինը՝ «Շոյգուն պատրաստ է հաշտեցնել Հայաստանին եւ Ադրբեջանին» խորագրով ուշագրավ հոդված հրապարակեց, որում նա նկատում է, որ Ռուսաստանը շարունակում է հետխորհրդային պետությունների ինտեգրման փորձերը, այդ թվում՝ ռազմական ոլորտում: Հեղինակը ուշադրություն է հրավիրում Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովից հետո՝ հոկտեմբերի 12-ին, Համագործակցության անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Հոդվածագիրը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի նախաձեռնությամբ պաշտպանության նախարարները ոչ պաշտոնական միջավայրում մտադիր են քննարկել նախկին ԽՍՀՄ տարածքում սառեցված հակամարտությունները, եւ հավաքական լուծման թեմայի շուրջ Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն խորհրդապահական քննարկումներ անցկացրել են սեպտեմբերի 28-ին Դուշանբեում:
Մեկնաբանելով այդ շփումները՝ Լուկաշենկոն, ըստ հեղինակի, նշել է, որ քննարկվել են Ուկրաինայի արեւելքին, Մերձդնեստրին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: «Պատահական չէ, որ Դուշանբեի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պայմանավորվեցին պաշտպանության նախարարներին հրահանգել հստակ քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության շփման գծում, ինչպես նաեւ պետական սահմանին լարվածությունը նվազեցնելու համար… Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ շփումը հնարավոր է արագ եւ արդյունավետ կազմակերպել երկու երկրների ռազմական կառույցների միջոցով՝ ՌԴ պաշտպանության նախարարության մասնակցությամբ: Եվ ըստ ամենայնի, այս հարցը կքննարկվի Տաշքենդում»,- գրել է հոդվածագիրը՝ հավելելով, որ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում՝ ուղղված Համատեղ (միավորված) կապի զարգացմանը:
Այնուհետեւ հոդվածում նշվում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման կապ, օրինակ` Երեւանի եւ Մոսկվայի միջեւ, վաղուց արդեն գործում է: Ռուսաստանը եւ Ադրբեջանը, որպես ռազմական համագործակցության ոլորտի գործընկերներ, եւս ունեն հուսալի ռազմական կապի ալիքներ: Ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւը հավատացած է, որ Մոսկվայի միջոցով Փաշինյանը եւ Ալիեւը կարող են շփվել կոնֆիդենցիալ եւ առանց խնդիրների: Նետկաչեւը, որպես 14-րդ բանակի հրամանատար, կարծում է, որ Մոսկվայի միջոցով նման կապ շարունակում է գործել Տիրասպոլի եւ Քիշնեւի միջեւ: «Մոլդովացի եւ ռուս խաղաղապահներն ապահովում են կայունություն Մերձդնեստրում: Նման կերպ կարելի է ապահովել նաեւ կայունություն Լեռնային Ղարաբաղում եւ Ուկրաինայի արեւելքում: Այստեղ կարող են պետք գալ ռուս խաղաղապահներ եւ կապույտ սաղավարտներ ԱՊՀ այլ պետություններից: Գաղափարը նոր չէ: Բայց այն պետք է իրագործեն քաղաքական գործիչները բանակցությունների սեղանի շուրջ»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտոնական Մոսկվան, ինչպես նաեւ Բաքուն անընդմեջ շեշտում են Մոսկվայի դերակատարությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, չի կարելի բացառել, որ Ռուսաստանում այլ առանձին ծրագրեր էլ են քննարկում: Ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչեւի՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարն էլ, ըստ երեւույթին, Նոր Հայաստանում տրամադրություններ ստուգելն է: Դրական կամ չեզոք տրամադրությունների դեպքում, ըստ ամենայնի, Մոսկվան հաշտեցման ծանր բեռը կարող է դնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ուսերին:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որի առնչությամբ հայտնի է այսքանը՝ ըստ ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության. «Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգի հարցերը եւ ստորագրվել 20-ից ավելի որոշումներ` պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ տարաբնույթ համագործակցության ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն առանձին հանդիպման ընթացքում հաստատել են նաեւ ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունների միջեւ 2019թ. երկկողմ համագործակցության պլանը»:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
16.10.2018