Իհարկե, այս պահին մեր քաղաքականացված հայրենակիցներին հուզում են վարչապետի հրաժարականը, հակահեղափոխական հնարավոր դավադրությունները եւ արտահերթ ընտրությունները՝ չնայած չեմ կարծում, որ այստեղ անսպասելի զարգացումներ են սպասվում: Իսկ ինձ, խոստովանեմ, ավելի շատ հետաքրքրում են… հնդիկները: Ավելի ճիշտ, ոչ այնքան բուն հնդիկները, պարսիկները եւ մնացած այլազգիները, որքան մեր՝ հայաստանյան հասարակության վերաբերմունքը նրանց, ինչպես նաեւ ընդհանրապես՝ «ստանդարտի» մասին միջին թվաբանական պատկերացումներից շեղվող մարդկանց նկատմամբ:
Թույլ տվեք ձեզ զեկուցել, որ այս առումով սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտ Հայաստանում չկա, եւ այս հարցում ոչ հեղափոխությունը, ոչ էլ ներկա կամ նախկին իշխանությունները բացարձակապես մեղք չունեն, որովհետեւ պետական մակարդակով այդ տեսակի անհանդուրժողականությունը երբեք չի խրախուսվել: Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ գրեթե բացառապես մոնոէթնիկ հանրապետությունում մի քանի սերունդներ գրեթե չեն տեսել այլազգիներին՝ դրա համար էլ, ասենք, մաշկի սեւ գույն ունեցող մարդն ընկալվում է որպես արտառոց երեւույթ, որը մարդկանց մեջ առնվազն ինչ-որ լարվածություն է առաջացնում: Եվ ինչո՞ւ միայն աֆրոամերիկացիները: Ավագ սերնդի մարդիկ պատմում են, որ երբ 1940-ականների վերջում Երեւանի փողոցներում ամռանը հայտնվեցին շորտերով տղամարդիկ, դա, այսպես ասած, «մշակութային շոկ» էր տեղաբնակների համար: Այլ երկրներից եկած մեր հայրենակիցներն էին: Այսօր, իհարկե, մայրաքաղաքում շորտերով ոչ մեկին չես զարմացնի, բայց արդյո՞ք մենք, ձեռքը խղճին դրած, կարող ենք պնդել, որ նախապաշարումներն ու կարծրատիպերը «ախպարների» վերաբերյալ առ այսօր չեն պահպանվել:
Հիմա Երեւանում շատացել են հնդիկները, որոնք այստեղ աշխատում են սպասարկման ոլորտում, ոմանք փոքր բիզնես ունեն: Եվ ես տեսնում եմ, թե ինչպես են, հատկապես իմ սերնդի մարդիկ, «ֆշշացնում» նրանց հետեւից եւ սկսում փնթփնթալ, թե՝ «էս ինչքան են սրանք լցվել»: Իմ հասակակիցները դաստիարակվել են, այսպես կոչված, «ինտերնացիոնալիզմի» ոգով: Բայց փորձեք նրանց հետ մի սեղանի նստեցնել որեւէ հնդիկի, եւ նրանց ամբողջ «ինտերնացիոնալիզմը» հօդս կցնդի:
Երիտասարդ սերնդի մեջ այդ բացասական գծերն ավելի մեղմ են արտահայտված: Նախ՝ նրանց մի մասը հնարավորություն է ունեցել լինելու արտասահմանում եւ տեսնելու տարբեր հավատի, մաշկի տարբեր գույնի, տարբեր ձեւի հագնված եւ, այո, տարբեր սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Բայց եթե նույնիսկ արտասահմանում չեն եղել, համացանցը մեզ տալիս է հնարավորություն ծանոթանալու աշխարհին՝ իր ամբողջ բազմազանությամբ: Այսպիսով, հակառակ ընդունված տրամաբանության, երիտասարդներն ավելի հանդուրժող են:
…Իմ մանկության տարիներին մեր թաղում (Աջափնյակում) մի մարդ կար, որի անունը դրել էին «Գիժ Ժոռա»: Այդ մարդու աջ ձեռքն անընդհատ դողում էր՝ երեւի Պարկինսոնի հիվանդություն ուներ: Եվ նա պարբերաբար բարձրաձայն իր հորինած ոտանավորներն էր արտասանում: Միայն թե պարզ չէ, թե ինչու էր նա «գիժ»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ախպերս պուճուր վախտվանից պոեզիայի հետ չուներ, ոնց որ: Ժոռային գիժ էին ասում, որովհետև ապուշ ապուշ դուրս էր տալիս, մեկ մեկ էլ հանգավորելով: Իսկ հնդիկների ետևից (հուսով եմ հնդկացի, այսինքն ացտեկ չեն) ֆշշացնում են ամենուր: Բայց, ոնց որ մեր ախպերն ա գրում՝ դրա մասին մի ուրիշ անգամ:
Կարծեմ ՆՆ երկրորդ զանգվածում խորհրդային ժամանակներում մի աֆրոերեւանցի էր ապրում՝ թունդ սեւ գույնով, բայց այնպես գրական ու մաքուր հայերեն էր խոսում, նույնիսկ հեռուստացույցով էր հայերեն ելույթ ունենում, էլ ոնց չհարգես նման մարդուն:
« Բայց եթե նույնիսկ արտասահմանում չեն եղել, համացանցը մեզ տալիս է հնարավորություն ծանոթանալու աշխարհին՝ իր ամբողջ բազմազանությամբ: »
……………………………………………………
Այս հաստատումը, Հայաստանի լուրջ խնդիրներից մին է: Ոչ միայն պարզապէս անհնար է միայն Համացանցի միջոցաւ «ծանօթանալ աշխարհին», այլ այդ կերպով, հաւանական է որ մնացեալ աշխարհի մասին կարկտան, սխալ պատկերացումներ է որ կը կազմուին, նամանաւանդ ջահելների մօտ: Եւ այդ կերպով անոնք կը դառնան հեշտօրէն խոցելի, Համացանցի միջոցաւ, ուր այլազան նպատակների ծառայող անթիւ գործիչներ կան: Առանց երկրից դուրս ելլելու, եւ բաւարար տեւողութեամբ ու չափով, այլազան ոլորտնումներում, ժամանակ անցընելու օտար երկիրների մէջ, «ծանօթանալ աշխարհին»ը վտանգաւոր պատրանք մըն է:
Նոյնն է պարագան ու խնդիրը դասական Սփիւռքի այն մեծաթիւ հայերին, որոնք տակաւին բնաւ, մի անգամ իսկ չեն այցելած Հայաստանը, եւ կը կարծեն թէ բաւարար չափով – կամ նոյնիսկ՝ լաւապէ՛ս – ծանօթ են անոր, ու ըստ այնմ հեղինակաւոր կարծիքներ կը կազմեն: