Մակեդոնիայի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոսը ոտքի վնասվածք ստացավ եւ նրան պատգարակով տարան խաղադաշտից:
Հետխաղային մամուլի ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Aravot.am-ի՝ ֆուտբոլիստի վիճակի մասին հարցին պատասխանեց, որ ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց եւ ասուլիսից հետո ինքն այցելելու է նրան:
Այնուհետեւ, մարզիչը շնորհակալություն հայտնեց բոլոր ֆուտբոլասերներին, լրագրողներին, որ Ջիբրալթարից կրած դաժան պարտությունից հետո իրենց մենակ չթողեցին, կանգնեցին թիմի կողքին, ոգեշնչեցին եւ ֆուտբոլիստներն էլ եռապատիկ ջանք գործադրելով վարձահատույց եղան խոշոր հաշվով հաղթանակով: Պարոն Գյուլբուդաղյանցը չէր կարողանում մոռանալ նախորդ խաղում կրած պարտությունը, բայց նաեւ վստահեցրեց, որ հավաքականը հաղթանակների համար պայքարելու է մինչեւ վերջ: Նա ընդգծեց, որ ազգայինի հաջորդ հանդիպումներին ֆուտբոլիստներ կհրավիրվեն նաեւ երիտասարդական հավաքականից, որպեսզի աստիճանաբար սերնդափոխություն իրականացվի: Ա. Գյուլբուդաղյանցը այսօրվա խաղում ֆուտբոլիստներից որեւէ մեկին չառանձնացրեց՝ նշելով, որ բոլորն էլ լավ խաղացին: Միայն ասաց, որ Յուրա Մովսիսյանը, որ վերադարձից հետո հավաքականի կազմում իր առաջին գոլը խփեց, դեռ լավագույն մարզավիճակում չէ եւ վստահություն հայտնեց, որ ֆուտբոլիստի դեռ կավելացնի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ