Ողջ մարդկությանն է հայտնի, որ կոռուպցիան և կաշառակերությունը մարդու հետ ծնվել և նրա հետ էլ կվերանան: Բոլոր ժամանակներում էլ ամենից շատ խոսվել և այժմ էլ խոսվում է կոռուպցիայի և կաշառակերության չարիքի և դրանց դեմ տարվող պայքարի մասին, սակայն միևնույն է, այդ խոսակցությունները մնում են ձայն բարբառո հանապատի: Այն, ինչի մասին խոսվելու է սույն հոդվածում, սերտորեն կապված է հենց այս երևույթի հետ, այնպես որ արժե ևս մեկ անգամ զգոնացնել մեր «սիրելի» կոռուպցիոներներին:
Աշխարհում ամենաուժեղ մրցավազքը փողի մրցավազքն է և այդ մրցավազքում լուրջ տեղ գրավելու համար անբարո մարդիկ փորձում են արագ, հեշտ և առանց ջանք թափելու մեծ փողեր աշխատել ու դրա միակ ճանապարհը տեսնում են կոռուպցիայի ու թալանի մեջ: Նման մարդիկ պատրաստ են ամեն ստորության, միայն թե փող գա: Նրանց որոշակի մասը հանուն փողի կարող է անգամ զոհաբերել սեփական ընտանիքը: Մարդը հիմնականում ե՞րբ է լքում իր հայրենիքն ու հեռանում: Հարց, որի պատասխանից պարզ կդառնա, թե ինչու 1990-ից սկսած միլիոնավոր
մարդիկ լքեցին իրենց երազած նորանկախ Հայաստանը: 1988թ. սկիզբ առած համազգային շարժումը ոգևորել էլ բացառապես բոլորին և նրանք մեկ մարդու պես մի բան էին ուզում միայն, որ Հայաստանը դառնա անկախ պետություն, որը մի քանի սերունդների հարյուրամյակների երազանք էր: Այդ ժամանակ Տիրոջ կամոք մեզ տրվեց այդ դարավոր երազանքի իրականացումը, սակայն փորձենք տեսնել, թե հետո ի՞նչ եղավ: Երկրում ձևավորվեց և աստիճանաբար սկսեց գլուխ բարձրացնել վայրի կապիտալիզմը ու որոշ մարդկանց հոգիներում ու ուղեղներում հարստանալու մոլուցքը սկսեց իր քայլարշավը: Գաղտնիք չէ, որ կապիտալը ոչ այլ ինչ է, քան ունեցվածք, որը մարդու սեփականությունն է, այնպես որ շատ բնական էր, որ անցնելով կապիտալիզմի ֆորմացիային, Հայաստանը ևս պետք է ամեն ինչ սկսեր սեփականաշնորհումից: Հայաստանում այն սկսվեց հողի սեփականաշնորհումից և իշխանությունների հովանավորությամբ ճարպիկներն սկսեցին իրենց գործը` հողի սեփականաշնորհումն իրենցով անել:
Այսինքն, այդ գործընթացը փաստացի իրականացվում էր ոչ թե գործող օրենսդրությանը համապատասխան, այլ ամեն ինչ արվում էր այնպես, ինչպես մի որոշ խումբ մարդկանց էր ձեռնտու: Այդ նույն մարդկային խումբը իր և իրեն ողջ շրջապատի անունով փաստացի սեփականաշնորհեց երկրի ողջ հողային տարածքը, որի «հաջող ընթացքը» նրանց հետագայում էլ ավելի ոգևորեց գույքի սեփականաշնորհման գործընթացում ու նրանք նույնկերպ՝ կոպեկներով ձեռք բերեցին այն ամենն, ինչ իրենք էին ուզում: Այլ խոսքով, մի խումբ մարդիկ տիրեցին Հայաստանի ողջ ունեցվածքին, մնացածին զրկելով ամեն ինչից: Տպավորություն էր ստեղծվում, որ իբր այդ ամենն ստեղծել էին իրենց պապերը և իրենք պարզապես ձևակերպում են այդ ամենի` ժառանգություն ստացած գործընթացը: Այդ ամենը կատարվում էր օրը ցերեկով և մի բուռ Հայաստանի ողջ ժողովուրդը պարզորոշ ականատես էր դրան: Ժողովուրդը, որ այդ ժամանակ Ղարաբաղ էր ազատագրել, պարզապես անկարող եղավ դիմակայել այդ վայրի անօրինություններին: Իսկ նման դեպքերում կամ պետք է կարողանալ դիմակայել, կամ պետք է ձեռները լվանալ ու մի կողմ քաշվել, ինչը և եղավ, որն ի դեպ, նույն սխեմայով շարունակվում է մինչև այսօր: Նորից եմ կրկնում, բոլորը` բոլորին ճանաչում էին, ամեն ինչ պարզ տեսնում էին և ընդամենը չափազանց զարմացած էին՝ երեկ իրենց հետ Ազատության հրապարակում պայքարող, իսկ այսօր դիմակները հանած իրենց այդ հայրենակիցների վրա:
Սկսվել էր անարդարության և կոռուպցիոն սխեմաների ներդրման ու իրագործման մի հսկայածավալ, համակարգված գործընթաց, որի նկատմամբ ոչ մի վերահսկողություն չկար: Նույնիսկ ավելին, դրան կոչված պաշտոնյաներն իրենք էին համակարգում այդ ողջ գործընթացը: Հատկապես զարմացած ու շփոթված էր ժողովրդի գրագետ, գործարար, մտավորական հատվածը, ով ավելի խորն էր պատկերացնում տեղի ունեցող վայրագ թալանի մոլուցքը և բացի զարմանքից ու անկարողությունից այլ բանի ի վիճակի չէր: Եվ այսպես, բերենք տեսնենք, թե ստեղծված իրավիճակում նրանց ինչ էր մնում անել: Կար երկու ճանապարհ. կամ մնալ հայրենիքում ու ֆիզիկապես ու հոգեպես մահանալ կամ գնալ այլ երկրներ բախտ որոնելու, քանզի առաջին տարբերակի դեպքում Հայաստանում մնալը և ապրելը մարդավայել շարունակելու շանսերն էապես փոքր էին: Ի վերջո, ինչպես ասվեց վերևում, նրանք խելացի էին, որի պատճառով ընտրեցին հենց երկրորդ տարբերակը: Փաստենք, որ այդ տարիների ընթացքում երկիրն ընդմիշտ լքեց միլիոնից ավելի մարդ, որը մեծ ճոխություն է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար:
Իսկ ամենացավալին այն է, որ տարաբնույթ զրույցները նրանց հետ, բերում են մի եզրակացության, որ երկրի վիճակը շտկվելու դեպքում անգամ, նրանց ճնշող մեծամասնությունը մտադիր չէ բնակության վերադառնալ Հայաստան: Ավելին, շատերն անգամ լսել չեն ուզում այդ մասին: Եվ այս ամենը հիմնականում տեղի ունեցավ ոչ թե ցրտի ու մթի պատճառով, այլ երկրում տիրող անարդարության և կոռուպցիայի պատճառով, որը լիովին տակնուվրա արեց այդ մարդկանց ներաշխարհը և վերջնականապես ոչնչացրեց նրանց հավատը: Այդ ժամանակահատվածի իշխանավորներին չափազանց ձեռնտու էր իրականացվող մեծածավալ արտագաղթը, քանզի որքան շատ մարդ հեռանար, այնքան քիչ մարդ կմնար երկրում, և հետևաբար այդքան քիչ մարդ կլիներ դժգոհողների բանակում, իսկ դա նշանակում էր, այդքանով կփոքրանար իրենց գահընկեց անելու վտանգը: Այդ տարիների իշխանությանը միմիայն պետք էր, որ իրենք որքան հնարավոր է շատ թալանեն և շարունակեն ամեն գնով մնալ իշխանության ղեկին: Նրանք ակնթարթ անգամ չէին մտածում, որ հավերժական ոչինչ չկա և ինչպես ողջ մարդկությունը, այնպես էլ իրենք ժամանակավոր են: Բավական էր ընդամենը մի պահ դադար տալ և առանց իրենց խաբելու ռեալ խորհեին դրա մասին և արդյունքը լիովին այլ կլիներ: Այդ նույն մարդկանց մեջ լեթարգիական քնից կարթնանար մարդը և իրեն լոկ մի հարց կտար. ի վերջո, այս ամենն իր ինչին է պետք ու անմիջապես կմտաբերեր դպրոցից հայտնի. «ինչի ձեռք տամ, ոսկի դառնա» հեքիաթի հետևանքը:
Այս ամենն ասվեց, որպեսզի համեմատություն անցկացվի նախորդ իշխանությունների կողմից մշտապես բարձրաձայնած` «կոռուպցիան չարիք է» և իրենք ոչ միայն պատրաստ են, այլև գիշեր-ցերեկ ողջ թափով «պայքարում են» կոռուպցիայի և կաշառակերության դեմ, որի իրական արդյունքներն այսօր պարզորոշ դուրս են գալիս ջրի երես: Երկրի պատկան մարմինները որտեղ ձեռքները դնում են, բացի սարսափելի կոռուպցիոն գործընթացներից, ոչ մի այլ բան չեն տեսնում: Այն, ինչ այսօր բացահայտման փուլում է, դա տեղի ունեցած թալանի և կոռուպցիայի մի չնչին մասն է միայն, այնպես որ, եթե պատկան մարմինների ժամանակը և ուժերը բավականացնեն և նրանք ուսումնասիրեն Հայաստանի ցանկացած կազմակերպություն, հիմնարկ, ձեռնարկություն, ապա կհանդիպեն բացառապես նույն պատկերին` զուտ դրանց չափերի համամասնական տարբերությունների: Դա բնական է, քանի որ ամենուրեք գործել է նույն համակարգային սխեման: Այս ամիսներին կատարված բացահայտումները վկայում են, որ այս գործընթացի շարունակությունն ամենուրեք ունենալու է նույն պատկերը և ֆիքսվելու են շատ միլիարդավոր դոլարների թալան ու կոռուպցիա: Իհարկե, այս բացահայտումները չափազանց կարևոր են ու անհրաժեշտ, սակայն շատ ավելի կարևոր է, թե ինչպես պետք է վարվել այդ գումարների հետ, որն էլ կլինի իմ հաջորդ հոդվածի նյութը:
Եզրափակելով, նշենք միայն, որ մեզնից` երկրում մնացածներիցս, որքան ավելի խորաթափանց էին հատկապես 90-ականներին արտագաղթածները, քանզի նրանք դեռևս այն ժամանակ էին զգում և տեսնում այս պատկերը, այնպես որ, հայրենիքը լքելու համար նրանց մեղադրելն այնքան էլ արդարացի չէ…
Անանիա Մաղաքյան