Արարատի մարզի երկու՝ Շահումյան եւ Տափերական գյուղերում առաջին անգամ խոշոր եղջերավոր կենդանիներ են ապահովագրվել: Ծրագիը պիլոտային է, երկու համայնքներից ընտրվել են 32 ֆերմեր, որոնց 226 գլուխ կենդանիները հաշվառվել, համարակալվել, ապա՝ ապահովագրվել են: Ծրագիրն ավարտվել է, այդ կենդանիների ապահովագրությունը՝ դադարեցվել:
Սակայն, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեցին վերոնշյալ գյուղերի գյուղատնտեսները, ծրագիրը բավականին արդյունավետ է եղել, քանի որ կորցրած կենդանու դիմաց փոխհատուցումներ են եղել եւ իրենք կրկին հնարավորություն են ունեցել նոր անասուն գնել:
«Մի կով ջերմություն ուներ, լավ չէր զգում 4-5 անասնաբույժ գնում գալիս էին, որ օգնեն՝ ջուր էին տալիս, դեղ, փորձում էին օգնել, առողջացնել»,-Այսօր այս մասին Շահումյան համայնքի գյուղապետարանում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ պատմեց Գյուղատնտեսական դաշինքի ներկայացուցիչ Արտակ Մարտիրոսյանը:
Ինչպես մարզի անասնաբուժական ծառայության պատասխանատուները նշեցին, Շահումյանն ու Տափերականը մարզի ամենաթիրախային համայնքներից են, որտեղ հաճախ են խոշոր եղջերավորների անկումներ լինում՝ գլխավոր ճանապարհով, դրենաժներով, տարածքին հատուկ լեպտոսպիրոզ հիվանդությամբ պայմանավորված: Ուստի պիլոտային ծրագիրը հենց այս համայնքում է ներդրվել՝ պատկերը հասկանալու համար: Մեկ տարվա ընթացքում ապահովագրական ընկերությունը 4-5 կենդանու դիմաց փոխհատուցումներ է կատարել: Ֆերմերներից մեկի անասունը մետաղ է կուլ տվել, մեկ այլ գյուղատնտեսի կովն էլ ավտովթարից է սատկել: Մալարիայով հիվանդացած անասունի տիրոջն էլ են փոխհատուցել:
Արտակ Մարտիրոսյանի խոսքով, ծրագիրն իրականացնելու նպատակով նախ՝ մրցույթ են հայտարարել, որին մասնակցելու համար հրավիրվել են բոլոր ապահովագրական ընկերությունները, սակայն դաշտում գործող վեց ապահովագրական ընկերություններից մասնակցել են ընդամենը 3 ընկերություն եւ հաղթել է ամենափոքր սակագին առաջարկած ընկերությունը՝ «Նաիրի ինշուրանս»-ը:
«Մեր գյուղատնտեսությունում ռիսկերն այնքան շատ են, որ նույնիսկ այս պարագայում, երբ խոշոր եղջերավորների դեպքում ռիսկն այդքան մեծ չէ, ապահովագրականների ուղիղ կեսը չի մասնակցել եւ պատրաստ չի եղել այդ ռիսկերը կրելու»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:
Ծրագրում ընդգրկված են եղել 18 տղամարդ եւ 14 կին ֆերմերներ:
Պարոն Մարտիրոսյանը ներկայացրեց՝ ապահովագրության պայմանները:
Ծրագրի ավարտից հետո ֆերմերները դիմել են՝ կրկին ապահովագրելու համար: Սակայն, երբ նրանց առաջարկել են սեփական միջոցների հաշվին դա անել, հրաժարվել են: Այսօր հանդիպման ժամանակ գյուղատնտեսներն առաջարկեցին մի ծրագրով էլ ձիերին ու գոմեշներին ապահովագրել, քանի որ Շահումյանում այդ ուղղությունն էլ է սկսել զարգանալ:
Ծրագրի ընթացքում ի հայտ են եկել նաեւ խնդիրներ: Ինչպես նշեց Արտաշատի տարածաշրջանի համաճարակաբան Արարատ Մինասյանը, հաճախ է պատահում, երբ կենդանուն ապահովագրելու ժամանակ քաշը ավելի պակաս է լինում, քան՝ անկման ժամանակ, այսինքն՝ ժամանակի ընթացքում ապահովագրված կենդանին աճում է, սակայն, երբ մի դժբախտ դեպք է պատահում եւ պետք է փոխհատուցվի, ապահովագրությունը նրա նախկին քաշով է փոխհատուցում, մինչդեռ համաճարակաբանը կարծում է, որ մի քանի ամիսը մեկ ապահովագրական ընկերությունը պետք է քաշը վերանայի:
Մանրամասները՝ տեսանյութում
Խոշոր եղջերավոր անասունները ապահովագրվել էին բոլոր հիվանդությունների հետեւանքով անկումների, դժբախտ պատահարների, գազանների հարձակումներից անկումների համար:
Ծրագիրը նախաձեռնել եւ ֆինանսավորել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ` «Տեխնիկական օժանդակություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը» (ENPARD-ARMENIA) ծրագրի շրջանակներում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ