Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր որեւէ իշխանություն առանց ՀՅԴ-ի աջակցության լուրջ հաջողությունների չի կարող հասնել». Արմեն Ռուստամյան

Հոկտեմբեր 16,2018 21:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը նաեւ վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն է, հանդիպումներ է ունենում խորհրդարանական խմբակցությունների հետ:

ՀՅԴ-ի հետ հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հանդիպումն օգտակար էր: Մենք ներկայացրեցինք մեր առաջարկները, որոնք տասնյակից ավելի էին, նրանք, որոնց հետ կապված ամռանը համաձայնություն կար մյուս քաղաքական ուժերի հետ: Մենք ներկայացրեցինք 3 առաջարկություն, որոնք խնդրահարույց վիճակ են առաջացնում եւ այդ առաջարկների մերժումը մեկ բացատրություն ուներ, որ դեկտեմբերին չենք հասցնի, ժամկետները սեղմ են: Մենք էլ դրա համար դեկտեմբերին դեմ էինք, էլի: Խնդիրը, դժբախտաբար, դրված է այնպես, որ ամեն ինչ պետք է արվի, որ հասցվի դեկտեմբերին ԸՕ-ն փոխել»:

Ռուստամյանն ասաց, որ առաջին առաջարկը վերաբերում է համամասնական ընտրակարգի փակ եւ բաց ցուցակներին, իրենք, մասնավորապես առաջարկում են, որ բաց ցուցակ լինի ու մարդը իմանա, թե կուսակցության այդ ցուցակից ով պետք է մանդատ ստանա: Դրա համար ժամանակ է պետք հաշվարկն իրականացնելու:

Մյուս առաջարկն այն է, որ առավելագույն շեմը, որ որեւէ կուսակցություն չի կարող 2/3-ից ավելի մանդատ ունենա, 3/5 դարձնել, որ մեկ քաղաքական ուժ չկարողանա Սահմանադրություն փոխել, գոնե մեկ քաղաքական ուժի հետ համաձայնեցնի: Երրորդ առաջարկությունն էլ հետեւյալն է. «Երբ ընտրությունն ավարտվում է, բողոքարկող կողմն ասում է՝ կան կեղծիքներ, միշտ պատասխանը լինում է սա, որ եղել են կեղծիքներ, դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Մենք էլ առաջարկում ենք եղանակ, որ արձանագրվեր ոչ միայն կեղծիքները, այլեւ կեղծիքների ծավալը ու դա հնարավորություն կտա դատարանում փաստարկված վիճարկել ընտրությունների արդյունքները: Բայց այս առաջարկին էլ վերապահումով են մոտենում՝ էլի ժամկետների առումով»:

Ռուստամյանն ասաց, որ ցանկացած լավ քայլ միշտ ողջունել են, դրա համար էլ չնայած ռեյտինգայինին նախորդ օրենսգրքում դեմ էին, բայց օրենսգրքի շուրջ քանի որ կար համախոհություն, իրենք կողմ քվեարկեցին:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ ռեյտինգային ընտրակարգից այս նոր նախագծում հրաժարվել են, ինչը դրական քայլ է, կա շեմի իջեցում, ինչը ժողովրդավարական մոտեցում է, կա գրավի իջեցում, այսինքն, դրական փոփոխություններ, համեմատած գործող օրենսգրքի հետ առկա են. «Գլխավոր հարցը առաջանալու է՝ ո՞նց կարելի է նոյեմբերին ընդունել օրենքը, դեկտեմբերին ընտրություն անցկացնել այդ օրենքով: Բայց մենք համարում ենք, որ ԸՕ ցանկացած դրական փոփոխություն պետք է ողջունենք…Եթե ունենք շանս ավելի լավ օրենսգրքով գնալ, պետք է այնպես անել, որ ավելի լավ օրենսգրքով գնանք: Բայց երբ մեզ ասում են՝ հա, կարելի էր նաեւ դա անել, բայց ժամկետները թույլ չեն տալիս, այ դա մեզ համար անընդունելի է»:

Արմեն Ռուստամյանն ասաց, որ երկուշաբթի օրը հստակ կասեն, թե ինչպես են իրենք քվեարկելու:

Ռուստամյանը նաեւ վարչապետի հետ է այսօր հանդիպել եւ ասաց, որ վարչապետին հիշեցրել է, որ հեղափոխությանն իրենք աջակցել են, նաեւ աջակցել են «Սերժ Սարգսյանի մերժմանը», բայց այդ մերժումը պետք է ենթադրի, որ մերժում են բոլոր այն բացասական երեւույթները, որոնք եղել են մինչեւ հիմա. «Միայն մերժելով առաջ գնալը դժվար է, պետք է նաեւ կառուցենք: Այս կառուցման փուլի մեջ ենք հիմա մտել, ունենք լուրջ անելիքներ: Պատրաստ ենք մեր ամբողջ ներուժը ներդնել, որ այդ մարտահրավերները մեր երկիրը հաղթահարի: ՀՅԴ-ն կանխատեսելի ուժ է ու այսօր որեւէ իշխանություն առանց ՀՅԴ-ի աջակցության, լուրջ հաջողությունների չի կարող հասնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031