Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը նաեւ վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահն է, ԱԺ խմբակցություններում հանդիպումներ է ունենում Ընտրական Օրենսգրքի նախագծի շուրջ: Հանդիպմանը մասնակցում են նաեւ Դանիել Իոաննիսյանը, Արտակ Զեյնալյանը, արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: ՀՅԴ խմբակցությունում հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսում են անել, նաեւ հպանցիկ ներկայացրեց, թե այս ընթացքում «Ծառուկյան» դաշինքի, ՀՀԿ-ի հետ հանդիպումների ժամանակ ինչ առաջարկներ են ստացել, որոնք գտնում են, որ քննարկման առարկա կարող են դառնալ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանն ասաց. «Իրենց սրտով են օրենսգրքի բազմաթիվ դրույթներ, մի քանի դրույթներ կան, որոնց հետ սկզբունքային հակասություն ունեն ՀՅԴ ներկայացուցիչները եւ իրենց դիրքորոշումը արդյունքում կհայտնեն քվեարկությամբ»: Արարատ Միրզոյանն ասաց, որ խոսքը, մասնավորապես, դասական համամասնական ընտրակարգի եւ համամասնական ռեյտինգային ընտրակարգի մասին է. «Օրինակ, խոսքը այսպես կոչված դասական համամասնական ընտրակարգի, երբ ցուցակը կա ու մարդիկ քվեարկում են ցուցակին եւ այսպես կոչված համամասնական ընտրակարգի մասին է, երբ մի քվեաթերթիկը կարող ես շրջել եւ կատարել նաեւ ռեյտինգային քվեարկություն, հիմնական սկզբունքային հակասությունը սրա մեջ է: Տեխնիկական բաների մասին էլ ենք խոսել եւ ընդհանուր եզրեր գտել ենք, ես խոսում եմ կոնցեպտուալ տարբերությունների մասին: ՀՅԴ-ն որոշ հարցերի մասին իր դիրքորոշումն ունի, ինչպես եւ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը:
Արարատ Միրզոյանն ասաց, որ երկուշաբթի օրը լինելու է ԱԺ արտահերթ նիստ, որտեղ առաջին ընթերցմամբ քննարկվելու եւ քվեարկվելու է «Ընտրական օրենսգիրքը», այսինքն, մինչ այդ ԸՕ-ն պետք է քննարկվի ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, որը կլինի, հավանաբար, ուրբաթ:
Հարցին՝ դեկտեմբերին արտահերթը չանելու մասին խոսք եղա՞վ, որովհետեւ իրենք դեմ էին՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Այո, ՀՅԴ-ն եւս մեկ անգամ վերահաստատեց, որ դեկտեմբերը ամենեւին էլ իրենց կարծիքով լավագույն ժամանակը չի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մենք էլ եւս մեկ անգամ վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ դեկտեմբերի առաջին տասնօրյակում կամ առաջին կեսում պիտի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
Հարցին՝ ՀՅԴ-ն առաջարկում էր, որ ոստիկանությունը պետք է վարչապետին առընթեր մարմին լինելու կարգավիճակից դուրս գա, քննարկեցի՞ք այդ հարցը՝ Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ այդ հարցը չեն քննարկել, միայն ԸՕ-ի շուրջ են խոսել. «Այդ առաջարկը, որի մասին խոսում եք, հետեւյալն է, որ ոստիկանությանը հաշվետու դարձնենք ԱԺ-ին, սա եղել է նաեւ մեր առաջարկներից մեկը եւ կարծում ենք, այն պետք է կյանքի կոչենք»: Դա, ենթադրաբար, կլինի ընտրություններից հետո:
Արարատ Միրզոյանն ասաց, որ հինգշաբթի ինքը մեկնելու է Վենետիկ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ