Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: 2006 թվականից մարզի գլխավոր կառույցում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սարգսյանն ասում է, որ պատճառն իշխանափոխությունը չէ. «Իշխանությունների փոփոխությունը կապ չունի: Ես 4 ամիս աշխատել եմ պարոն Մարգարյանի հետ, ճիշտ է մի քանի օր, բայց աշխատել եմ նաեւ պարոն Խաչատրյանի հետ: Կուսակցական պատկանելությունը որեւէ կապ չունի: Սա զուտ անձնավորված խնդիր է: Մենք այս 4 ամսվա ընթացքում, պարոն Ղուկասյանի հետ էլ անձնական դաշտում որեւէ խնդիր չենք ունեցել, բայց մարզպետ-գլխավոր քարտուղար հարաբերությունները դա մեկ այլ դաշտ է»:
Սարգսյանը դիմումը ներկայացրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, այժմ սպասում է ազատման հրամանին. «Ես իմ աշխատանքն այսօրվա մարզպետի հետ գտնում եմ անհամատեղելի: Որոշումը մարզպետի հետ եղել է փոխադարձ: Ես ցանկություն չունեմ իր հետ շարունակելու աշխատանքը, ինքն էլ՝ ընդունել է: Ես պետականամետ եմ եւ իմ պետության համար պատրաստ եմ կատարել ցանկացած աշխատանք, բայց մենք որքան էլ նշենք օրենք, տող եւ այլն, կա նաեւ անձի խնդիր: Ցանկացած աշխատանք դա անձնավորված է: Եվ, երբ որ դու չես կարող մի անձի հետ շարունակել քո ճանապարհը, բնական է, որ աշխատանքը եւս չի կարող ստացվել»:
Այս պահին աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել նաեւ նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանի խորհրդականը եւ Սպիտակի Սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ