«Եթե վարչապետը կարողացավ հետաձգել իր հրաժարականը Ֆրանկոֆոնիայի համար, ինչո՞ւ դա չարեց ՀԱՊԿ-ի համար»,- այս հարցը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արմեն Աշոտյանն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին`խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում: Նա ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանի որոշումը`հրաժարականը հետաձգել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջոցառումների համար, բայց իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ի պարագայում նույն մոտեցումը Նիկոլ Փաշինյանը չորդեգրեց:
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի վերջին Երեւանում պետք է տեղի ունենար ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, բայց այն տեղափոխվել է Մոսկվա: ՌԴ պետդումայի պատգամավորները դա պայմանավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով:
Ինչեւէ, Արմեն Աշոտյանն ուրախ է, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումների մասով գործող կառավարությունը վերցրեց նախորդ կառավարությունից էստաֆետը: Ուրախ է, որ նաեւ ԼՂՀ-ի մասով երեւանյան դեկլարացիաներից մեկն ամբողջությամբ կրկնում էր Սերժ Սարգսյանի իշխանության օրոք միջազգային հարթակներում ընդունված փաստաթղթերին: Նա սա համարում է նախորդ իշխանության քաղաքական գերակայությունների շարունակությունը:
Լրագրողների հետաքրքրությանն ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ հրավիրված է եղել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում բոլոր կարեւոր միջոցառումներին, նաեւ Կանադայի վարչապետի պատվին ճաշին, Երեւանի քաղաքապետի երդմնակալությանը: Բայց չի մասնակցել, քանի որ իր ընտանիքի հետ Արցախում է եղել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ