Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Երանոսյանը առերեսվել է ոստիկանության ծառայողների հետ ու մի տեսանյութ բերել՝ ապացուցելու, որ ինքը ոչ թե 4, այլ 1 նռնակ է կիրառել

Հոկտեմբեր 16,2018 18:25

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը, որի դեմ Բաղրամյան պողոտայում եւ Արցախի փողոցում բախումների ժամանակ հատուկ միջոցներ կիրառելու գործով մեղադրանք է առաջադրվել, ցուցմունք է տվել: Ցուցմունքում նա, մասնավորապես ասել է, որ ինքը ընդամենը մեկ հատ նռնակի կիրառման դեպք է հիշում, այսինքն, մյուս նռնակներն ինքը չի կիրառել: Երանոսյանը չի ընդունում ՀՔԾ-ի մեղադրանքը:

Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանն ասաց, որ ՀՔԾ-ն մեղադրանքում նշել է, որ 4 նռնակ է կիրառվել ու 4-ն էլ Երանոսյանն է կիրառել, հետեւաբար, տրամաբանորեն այդ բոլոր 4 նռնակների վատ հետեւանքների պատասխանատվությունը ընկնում է Երանոսյանի վրա. «Մենք ընդամենը մի տեսանյութով ցույց ենք տվել, որ առնվազն 8 նռնակ է կիրառվել ու առնվազն 300 ոստիկանության ծառայողներ են եղել»:

Մեր հարցին՝ մյուս նռնակների կիրառման դեպքում Երանոսյանի մասնակցությունը չկա՞, նրա՞ հրամանով չեն կիրառել այդ նռնակները՝ փաստաբանը պատասխանեց. «Նռնակի կիրառման համար պարտադիր չի, որ հրաման լինի, նոր կիրառեն: Թե՛ զենքի, թե՛ հատուկ միջոցի կիրառման համար ոստիկանության ծառայողները պարտադիր չի, որ հրաման ստանան»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել 309 հոդվածով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, եթե նույնիսկ ոչ թե 4, այլ մի նռնակ է նետել Երանոսյանը, չի՞ կարող այդ մի նռնակը նետելով՝ չարաշահել իր պաշտոնական լիազորությունները՝ Տիգրան Սաֆարյանը պատասխանեց. «Իրեն մեղադրում են, որ ինքը նռնակները կիրառելու իրավասություն չունենալով՝ կիրառել է նռնակները եւ այդ օրվա ընթացքում նռնակների կիրառման արդյունքում բոլոր վնասվածքները դիտում են՝ որպես 309 հոդվածի հանցակազմի պարտադիր հատկանիշ: Եթե դուրս է գալիս այդ դրվագը, որ բոլորը ինքն է կիրառել, լինում են ավելի շատ կիրառողներ ու ընդամենը մեկն է ինքը կիրառել ու մեկն էլ կիրառել է այնպիսի իրավիճակում, տեսանյութում էլ երեւում է, որ վնասնվածքներ չէին լինի, մարդկանցից հեռու է, մեղադրանքը ինքնաբերաբար փլուզվում է: Հետո հրամանի հետ կապված ՀՔԾ-ն չի մեղադրում ընդհանրապես նռնակներ կիրառելու, այլ՝ ասում է Երանոսյանը, որպես զորքերի հրամանատար, իրավունք չուներ, կարող էր հրաման տալ ու դրա իրավասություն ունեցողները կիրառեին ու դա նորմալ կլիներ: Մենք ամեն դեպքում դրա հետ էլ համաձայն չենք, հրաման պարտադիր չէր լիներ եւ եթե նույնիսկ լիներ էլ, դա չի մեղսագրվում Երանոսյանին: Ասում են՝ Երանոսյանը հատուկ պատրաստվածություն չի անցել: Զորքերի հրամանատարը իրավունք ունի տրամաբանորեն հրաման տա որոշ բաներ կիրառելու, բայց ինքը իրավունք չունի՞ կիրառի: Ցանկացած ոստիկանության ծառայող այս ամեն ինչը կիրառելու իրավունք ունի, եթե իրավիճակը թելադրում է, ինքը չպիտի ասի՝ գիտեք, ես հատուկ պատրաստվածություն չեմ անցել, ուրեմն ինքը ոստիկանության ծառայող չի: Ինքը իրավիճակից բխող ձեռքի տակ եղած ամեն ինչը պետք է կիրառի: Հիպոթետիկ, հանցագործին պետք է վնասազերծի ու զենք չունի, ընդհուպ քարով կարող է նա անել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ Երանոսյանը առերեսվել է, ո՞ւմ հետ առերեսվել: Փաստաբանը բացեց փակագծերը՝ ոստիկանության ծառայողների. «Մարդիկ կային, որ ասել էին, թե մենակ Երանոսյանն է կիրառել նռնակներ, բայց մենք տեսանյութով հերքեցինք իրենց ասած փաստերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031