Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը համաձայն չէ ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանի այն դիտարկման հետ, որ ԸՕ-ի այսօր խորհրդարանական խմբակցությունների հետ կազմակերպված քննարկումներն ուշացած են: «Կարող եմ մի սուբյեկտիվ և համարձակ դատողություն էլ անել, քանի որ ինձ թվում է, որ ՀՀԿ խմբակցությունում բոլորը չէ, որ համաձայն են նրա հետ, որովհետև մի քանի պատգմավորներ շատ լուրջ ու բովադակային քննարկում էին վարում»,- ՀՀԿ խմբակցության հետ քննարկման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը: Ըստ նրա, ՀՀԿ-ական որոշ պատգամավորների կողմից նաեւ առաջարկներ են հնչել։
Իսկ քննարկման արդյունքների մասին Արարատ Միրզոյանն ասաց. «Մենք ՀՀԿ-ի հետ պայմանավորվել ենք, որ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատենք։ Եթե բոլորի կողմից կա մտադրություն ունենալ լավ ԸՕ, լավ ընտրական համակարգ ընտրություններից առաջ, եթե գտնում ենք, որ ժամանակ կա, ապա ջանքերն ինտենսիվացնենք ու որոշակի շտկումներ անենք»։
Փոխվարչապետի ներկայացմամբ՝ ավելի վաղ թե՛ հայեցակարգը, թե՛ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել են. «Պաշտոնապես վերջին տարբերակն այսօր է ուղարկվել։ Վենետիկի հանձնաժողողվի հետ կոնտակտները շարունակվելու են, հուսամ՝ որոշակի փոխըմբռնում կլինի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ