ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ժնեւում հոկտեմբերի 14-18-ն ընթացող Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը եւ Շուշան Սարդարյանը:
Օրակարգում ընդգրկված են 139-րդ վեհաժողովի նախագահի ընտրության, Անվտանգ, կանոնակարգված եւ կանոնավոր միգրացիայի վերաբերյալ գլոբալ պայմանագրի ընդունման, 141-րդ վեհաժողովում Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի թեմայի հաստատման եւ զեկուցողների նշանակման ու ՄՄ-ի կանոնադրության եւ կանոնների փոփոխությունների հարցերը: Օրակարգային են նաեւ նորարարությունների եւ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում խաղաղությունն ու զարգացումը խթանելու գործում խորհրդարանական առաջնորդության վերաբերյալ քննարկումները, ինչպես նաեւ Խաղաղության եւ միջազգային անվտանգության, Կայուն զարգացման, ֆինանսների եւ առեւտրի, ՄԱԿ-ի հարցերի հանձնաժողովների հաշվետվությունների ներկայացումը:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն