Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչի՞ց կհիասթափվեր Վիգեն Սարգսյանը (տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2018 18:01

ՀՀԿ-ի կողմից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնախմբում ընդգրկված պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ գործադիր իշխանության ղեկին գտնվող ուժը շտապողականություն է դրսեւորում ԸՕ-ի փոփոխության հարցում: Այդ մասին այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո հայտարարեց Վիգեն Սարգսյանը: Նախկին նախարարը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի այս քննարկումն ուշացած էր: Բացի այդ՝ նրա կարծիքով, այն տեսքով, ինչ տեսքով բերվել է նախագիծը, խորհրդարանական ուժերի մասնակցությունն անտեսված է: Այս նախագիծը Վիգեն Սարգսյանը հետ նահանջ է համարում նաեւ նախորդ` 4+4+4 ձեւաչափով ընդունված նախագծից: Ասաց նաեւ, որ հանդիպման ընթացքում տեղեկացել են` նախագիծն օրեր առաջ է Վենետիկի հանձնաժողով ուղարկվել, այն էլ՝ ոչ վերջնական տարբերակը: Արարատ Միրզոյանն ուղիղ տեքստով ասել է, որ վստահ է` չեն հասցնելու պատասխան ստանալ: «Դա անարգանք է Վենետիկի հանձնաժողովի նման միջազգային կառույցի նկատմամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ կարելի էր չուղարկել, ասել՝ արտակարգ իրավիճակ է, նոր Հայաստան, մենք ենք որոշում ինչ անել:

Նման հապճեպության պատճառը, ըստ նրա, մեկն է` գործադիր իշխանության ղեկին գտնվող ուժի համար նպաստավոր իրավիճակ է, եւ գնում են մի քայլի, որը վնաս է հասցնում Հայաստանում քաղաքական կուսակցությունների ամրապնդմանը եւ ժողովրդավարությանը: Վիգեն Սարգսյանի մոտ տպավորություն է եղել, որ, ԸՕ-ի այս նախագիծը բերելով, գործադիր իշխանությունում գտնվող ուժը ուզում է իր նախընտրական խոստումը կատարել, հետո ասել, որ խորհրդարանը չընդունեց եւ քաղաքական հիստերիայի եւ քարոզչության առարկա դարձնել այդ ամենը: Այսօրվա քննարկումից հետո նրա այդ կարծիքն ամրապնդվել է, որովհետեւ Արարատ Միրզոյանը մի քանի դրվագներով ասել է` «ահա, շատ լավ առիթ է չընդունելու համար»:

Aravot.am-ի հարցին` իր կարծիքով ՀՀԿ-ն պե՞տք է այս ԸՕ-ով ընտրություններին մասնակցի, Վիգեն Սարգսյանն ասաց, որ նախագիծը դեռ խորհրդարանը պետք է ընդունի: Նախագծի վերաբերյալ ՀՀԿ-ն վերջնական որոշում չունի: Իսկ արտահերթ ընտրություններին մասնակցության մասով իր անձնական կարծիքը ներկայացրեց. «Այն կուսակցությունը, որը իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական դաշտից սրբվում գնում է, արկածախնդիրների կուսակցություն է: Կուսակցությունը, որը չի պայքարում իր ասելիքն ասելու համար, չունի ասելիք: Ես ՀՀԿ-ին անդամակցել եմ, որովհետեւ համարել եմ, որ այն քաղաքական ուժն է, որն ունի քաղաքական դիրքորոշում մեր երկրի համար կարեւորագույն հարցերում, այդ թվում` ազգային ինքնության, ազգային արժեքների, Ղարաբաղի: Ես կարծում եմ, որ եթե ՀՀԿ-ն, երկար տարիներ իշխանություն լինելուց հետո, իշխանությունը կորցնելուց հետո համարի, որ այլեւս անելիք չունի դաշտում, ինձ համար կլինի մեծագույն հիասթափությունը իմ ընտրությունից` կուսակցության հարցում»:

Այլ մանրամասները`քիչ ուշ`տեսանյութում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031