«Աշխարհի կրոնների երաժշտությունը» խորագրով փառատոնի շրջանակներում Ստրասբուրգի Մայր տաճարում կայացավ համերգ, որին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության աջակցությամբ, մասնակցեց երաժիշտ Ջոն Հոդյանի «Նաղաշ» համույթը։
Մասնակցում էին նաև երաժիշտներ Սիրիայից, Իրաքից և Նեպալից` ներկայացնելով համապատասխանաբար քրիստոնեական, մահմեդական և հինդուիստական կրոնները:
Փառատոնի համակարգողը, բացելով միջոցառումը, հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին և նշեց Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փայլուն ընթացքը:
«Նաղաշ» համույթը կատարեց «Կարոտի երգեր» հավաքածուի ստեղծագործություններից, որոնք գրվել են 15-րդ դարի բանաստեղծ ու հոգևորական Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա: Հայկական խումբն առանձնացավ իր կատարումներով և արժանացավ ջերմ ընդունելության:
Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ