«Հիմա տնտեսությունը կանգառ է առել, եւ եթե առաջիկայում իմ ասած տեսլականը չլինի, ես նույնիսկ կասկածներ ունեմ, որ տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլ նաեւ ռեգրեսի կգնա։ Անընդհատ հեղափոխական վիճակը տնտեսությանը ոչ թե խթանում է, այլ հետ է տանում»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նա վստահեցրեց՝ քանի դեռ կառավարությունը տնտեսական քաղաքականության տեսլական չի ներկայացրել, տնտեսության վիճակը կվատանա։
Անանյանի կարծիքով՝ որքան շուտ լինեն արտահերթ ընտրությունները, այնքան տնտեսության եւ ներդրողների համար իրավիճակը հասկանալի կլինի։
Սեպտեմբերի դրությամբ մոտ 26-28 հազար աշխատակցի հայտ է ներկայացվել ՊԵԿ: Արդյո՞ք դրանք նախկինում գործարարների չգրանցած աշխատակիցներն են, այսինքն՝ ստվերում աշխատողները, այս հարցին ի պատասխան Անանյանն ասաց.«Հա, բայց դա չի նշանակում, որ հիմա բոլոր հարցերը կարգավորված են…Այդ աշխատանքի ընդունումը պայմանավորված է եղել զարթոնքային իրավիճակի հետ, բայց նաեւ շեշտում եմ, որ տնտեսական քաղաքականության ուրվագծային հստակ տեսլական կառավարությունը դեռեւս հանրությանը չի ներկայացրել՝ հայտնի հանգամանքներից ելնելով»:
Թե որ գործարարների մոտ են գրանցվել այդ 28 հազար նոր աշխատակիցները, պարոն Անանյանն ասաց, որ դա հնարավոր չէ այս պահին ասել.«Եթե հիշողությանս զոռ տայի ու ասեի, կլիներ ֆանտաստիկայի ժանրից, որովհետեւ մենք ունենք 88 հազար ակտիվ հարկ վճարող, հիմա կդժվարանամ ասել»:
Հնարավո՞ր է այդ գործատուներն,ասենք, «Ալեքս հոլդինգն է» կամ «ՍԱՍ գրուպը», ՊԵԿ նախագահն ասաց՝ «Բոլորի մոտ էլ կա որոշակի առաջընթաց: Բայց դա կարող է լինել նաեւ, որ զարթոնք է եղել, տնտեսական աճ է եղել, եւ լրացուցիչ աշխատակիցների կարիք է եղել»:
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նկատի ունեք զարթոնք ասելով, սա հեղափոխությո՞ւնն է, թե՞ վարչապետի՝ վենդետա չի լինելու հայտարարությունը, Անանյանը պատասխանեց.«Այդ բոլորի սիմբիոզը, հեղափոխություն կամ զարթոնք, ի՞նչ տարբերություն»:
Մեր դիտարկմանը՝ եթե նախկինում աշխատակիցներին թաքցնում էին հարկերից խուսափելու համար, նշելով, որ բեռը ծանր է, հիմա հարկային դաշտը չի փոխվել, ինչո՞ւ որոշեցին ծանր բեռով մաքուր աշխատել, պարոն Անանյանը պատասխանեց.«Աշխատողների գրանցումը , դա յուրաքանչյուր անձի մեջ ներքին հեղափոխության արդյունք էր, որը տնտեսության հետ որեւէ առնչություն չունի»:
Մեր հարցին՝ Սամվել Ալեքսանյանի մեջ հեղափոխությո՞ւն է տեղի ունեցել, Անանյանը պատասխանեց՝ «Բոլորի, բոլորի, ինչո՞ւ եք թերագնահատում մարդկանց: Բոլորի մոտ ներքին հեղափոխություն է եղել, ազատագրվել են»:
ՊԵԿ ղեկավարը նաեւ ասաց, որ մինչեւ հունվարի 1-ը չեն հասցնի եկամտահարկի մասին փոփոխությունը հաստատել.«Քաղաքական գործընթացներն այնպիսի սրընթաց փոփոխությունների հանգեցրին, որ այո, հնարավոր է՝ մենք հունվարի 1-ից փոփոխություն չունենանք, այլ ունենանք հուլիսի 1-ից: Բայց, որ հստակ է կառավարության մտադրությունը եկամտային հարկի բեռի նվազեցման անելիքների առումով, հստակ իմացեք, ուղղակի հունվարի 1-ի առումով, կարծում եմ, որ մենք չենք հասցնելու»:
Կառավարության առաջարկած եկամտահարկի տարբերակներն են՝ մինչեւ 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը դարձնել 20%, իսկ դրանից ավելի ստացողներին հարկել 25%-ով: Մեկ այլ առաջարկ կա՝ բոլորի համար սահմանել 23% եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ