Մինչ իշխանական քարոզչամեքենան փորձում էր հերքել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հայտարարություններն այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավորների վրա ճնշումներ են եղել , Արմեն Աշոտյանն ասում է վարչապետն ընդունեց այդ փաստը եւ իրողությունը փաթեթավորեց, որ այդ ճնշումները եղել են ժողովրդի ճնշումներ: «Չի կարելի ամեն ինչ վերագրել ժողովրդին. Սահմանադրական բարեփոխումների պահանջ վերագրել, հետո, դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների պահանջ վերագրել, ճնշումներ վերագրել ժողովրդին: Այդպիսի քաղաքական գործելաոճը շատ մեծ հեռանկարներ չունի»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը:
Aravot.am-ի հարցին ի պատասխան Արմեն Աշոտյանն ասաց`կողմ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցի: ՀՀԿ-ում այս մասով երկու թեւի են բաժանված: Արմեն Աշոտյանն այն թեւի մեջ է, ովքեր կարծում են, որ ՀՀԿ-ն կայացած գաղափարախոսություն ունեցող կուսակցություն է եւ քաղաքական դաշտում իր ասելիքը դեռ ունի: Այլ հարց է համարում, որ վերջին տարիներին իրենց չի հաջողվել քաղաքական ակունքները մաքուր պահել: Ասում է`Հայաստանի քաղաքական մշակույթն է պահանջում, որ յուրաքանչյուր նախորդ իշխանություն չանհետանա քաղաքական բեմից, քանի որ ունի ինստիտուցիոնալ հիշողություն, կապեր եւ այդ իշխանության չարատավորված անձինք կարող են օգտակար լինել: Ինքն ափսոսում է, որ ժամանակին, իշխանափոխությունից հետո, ՀՀՇ-ի պոտենցիալը մսխվեց: «Եթե ամեն անգամ Հայաստանում քաղաքական ցիկլերը սկսենք`սրբում ենք, կամ ինչպես վարչապետն էր ասում`արմատախիլ անենք նախորդներին, տնկում ենք նոր քաղաքական մշակույթի տնկիներ, երբեք չենք ունենա կայուն քաղաքական համակարգ, երբեք չենք ունենա կայացած կուսակցական համակարգ, երբեք չենք կարողանա անկախ ներիշխանական եւ ներքաղաքական վայրիվերումներից, ունենալ երկարաժամկետ քաղաքական պլանավորում»,- ասաց նա:
Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է`կա բարիկադներ կառուցելու եւ կա բարիկադներ քանդելու ժամանակ: Արմեն Աշոտյանն ասում է`պետք չէր բարիկադներ կառուցել, որ դրանք քանդելու հիմնավորումներ բերվեին: Կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի համար կգա աստվածաշնչյան մեկ այլ ժամանակ`քարերը հավաքելու ժամանակը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ