Հոկտեմբերի 16-ից Հյուսիսային պողոտայում մեկնարկել է «Սիրիահայերի մշակույթի շունչը Հայաստանում» խորագրով փառատոն, որն արդեն 4-րդ տարին է անցկացվում: Հյուսիսային պողոտայում տեղադրվել են տաղավարներ, որտեղ կարելի է ծանոթանալ սիրիահայ վարպետների, տարբեր բնագավառի ներկայացուցիչների, այդ թվում արծաթագործների, բաթիկ արվեստի աշխատանքներին ու գնումներ կատարել:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնը մասշտաբներով մեծանում է: «Երբեք 52 մասնակցով փառատոն չենք ունեցել: Այս անգամ նոր մասնակիցներ ունենք, որոնք օրինակ են վերցրել իրենց ձեռներեց հայրենակիցներից ու որոշել մասնակցել մեր փառատոնին: Սա հրաշալի հնարավորություն է բուն քաղաքի կենտրոնում ծանոթանալ շուկային: Հյուսիսային պողոտան ամենագեղեցիկ եւ բանուկ վայրերից է, որտեղ նաեւ շատ զբոսաշրջիկներ են լինում: Սիրիահայերը այս փառատոնով ապրում են մի քանի ամիս, ձեռք են բերում նոր կապեր, նոր հաճախորդներ ու գործընկերներ»,-ասաց տիկին Հայրապետյանը: Նա հավելեց, որ փառատոնը նվիրված է մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակին: Փառատոնը նաեւ համերգային մաս ունի սիրիահայ երաժիշտների մասնակցությամբ` «Նուռ» բենդ եւ DJ Շանթ:
Անահիտ Հայրապետյանն ասաց, որ պարզել են` սիրիահայ բազմաթիվ կին ձեռներեցներ կան, որոնք համարձակ մասնակցում են փառատոնին, իրենց աշխատանքներն են իրացնում Վերնիսաժում եւ երբեք չեն տրտնջում:
Սիրիահայ Ատուր Բոսնոյանը ներկայացել էր արծաթագործական աշխատանքների տեսականիով: Նա ասաց, որ հաճույքով է մասնակցում փառատոնին: Հավելեց, որ 3 տարի է, ինչ հաստատվել է Հայաստանում: Չթաքցրեց, որ դժվարություններ ունի, սակայն հպարտ է զավակներով, որոնք համալսարան են սովորում եւ ինտեգրվել են հայաստանյան իրականությանը: Աստուրը նաեւ հպարտորեն ներկայացնելով զավակների հաջողությունները` ասաց. «Թող Հայաստանն ալ օգտվե իրենցմե»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ