«ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավար, անվտանգ եւ ապահով Հայաստանին: Գիտենք, որ այստեղ տեղի են ունեցել փոփոխություններ եւ ակնկալում ենք, որ ՀՀ-ում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն ազատ, արդարացի եւ բոլորի մասնակցությամբ»,-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Նա տեղեկացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի թեման երեկ քննարկել է ՀՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ. «ԱՄՆ-ն կշարունակի պատրաստ լինել աջակցել ՀՀ-ին՝ այս ոլորտում որակական փոփոխություններ կատարելու հարցում»:
Այնուհետեւ ամերիկացի պաշտոնյան համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում պետք է լինեն պատշաճ աշխատատեղեր. «Այս հարցում եւս պատրաստ ենք աշխատել, մասնավորապես՝ տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ: Օրինակ՝ ՀՀ-ում Ամերիկյան համալսարանը կարող է պատրաստել հաջորդ սերնդի մասնագետներ: ՀՀ-ում գործող մեր ընկերությունների փորձն, օրինակ, հանքարյունաբերության ոլորտում եւս կարող ենք դիտարկել: Այդ ոլորտում խոշոր ներդրում կա, որը ներկայում վերանայվում է: Կարեւորում ենք, որ պայմանագրերի նկատմամբ հարգանքն ապահովվի: Դա կնպաստի ներդրումներին»:
Ջորջ Քենթը նշեց, որ հայ-ամերիկյան առեւտրի պալատի ներկայացուցիչների հետ տնտեսական աճի առնչությամբ այսօր քննարկում է ունեցել. «Տնտեսական աճի հարցը տարածաշրջանի բոլոր երկրների համար է կարեւորվում: Գիտենք, որ շատ հայեր իրենց համար փորձում են այլ երկրներում աշխատանք գտնել»: Իսկ թե ինչպիսին կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ՀՀ-ում վերջերս տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, պաշտոնյան ընդգծեց. «Փետրվարին կկայանա հայ-ամերիկյան միջկառավարական խմբի հանդիպումը, որի ընթացքում նորովի կդիտարկենք մեր հարաբերությունների հետագա ընթացքը: Մենք պատրաստ ենք ՀՀ-ի հետ աշխատել. օրակարգը ՀՀ-ինն է, մենք էլ պատրաստ ենք ներդրում ունենալ՝ կոռուպցիայի դեմ պայքարում: Այս ոլորտում մեծ փորձառություն ունենք, մեր նոր մոտեցումներով աշխատել ենք Վրաստանի եւ Ուկրաինայի հետ: Հարկ եղած դեպքում կարող ենք մեր մոտեցումները ներկայացնել նաեւ ՀՀ-ին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ