Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի ստորագրած հուշագիրը`արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին, որոշակի հղկում է ԲՀԿ-ի հավակնությունները: Այդ մասին այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա ասում է, որ այդ հուշագիրն ամբողջական փաստաթուղթ է, որում կողմերը շրջանցել են «մանր-մունր» հարցերը`ներկուսակցական, ներքաղաքական ամբիցիաները: Ասում է` գերխնդիրը Հայաստանը ստեղծված իրավիճակից դուրս բերելն է: Պատգամավորը համամիտ է`որեւէ հուշագիր ի զորու չէ բոլոր հարցերին միանգամից լուծումներ տալու, բայց «հուշագիրը գոնե զսպաշապիկ է քաղաքական անհարկի հավակնությունները գործի դնելու դեմ»:
()(
Aravot.am-ի դիտարկմանը, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի հայտնի քվեարկությունից հետո հուշագիր ստորագրելով «Ծառուկյան» դաշինքը հետ քայլ է արել, մանավանդ, նկատելի են խմբակցության պատգամավորների դիրքորոշումների մեղմացում, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց՝ հուշագրի առկայությունը որոշակի ուղղվածություն է մտցնում իրենց գործողություններում, բայց ինքը չի ժխտում, որ ճիշտ է արել, որ քվեարկել է այդ նախագծի օգտին: «Բավական է ապատեղեկատվություն տարածեք այդ նախագծի մասին»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը`շարունակելով պնդել, որ այդ նախագծի ընդունումը արտահերթ ընտրությունները երկարաձգելու դավադրություն չէր, այլ խորհրդարանի գործունեությունն ամրապնդող քայլ: Aravot.am-ի դիտարկմանը, որ իշխանությունն է նման կերպ ներկայացրել, պատգամավորը հակադարձեց. «Ես ընդհանրական եմ ասում, այդ թվում նաեւ այն իշխանավորներին, ովքեր իշխանության մեջ իրենց տեղը ամրապնդելու, երկարաձգելու համար խաղում են ժողովրդի վստահության եւ համբերության վրա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ