Լրահոս
Օրվա լրահոսը

Ճակատագրական  եւ հագեցած համերգաշրջաններ՝ ըստ Սերգեյ Սմբատյանի

Հոկտեմբեր 16,2018 15:51

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը լրագրողների հետ՝ նոր ձեւաչափով էր։ Հանդիպումը նվիրված է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնին, ինչպես նաեւ՝ նվագախմբի նոր համերգաշրջանին: Խաչատրյանի միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին «Խաչատրյանը և ջազը»  համերգային ծրագրով, փառատոնը կհյուրընկալի մեծանուն մենակատարների՝ դաշնակահար Բորիս Բերեզովսկուն, թավջութակահար Ալեքսանդր Ռամին, ջութակահար Դանիել Ռոնին և այլոց, որոնք կներկայացնեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Սերգեյ Սմբատյանն ասաց, որ  իր մի պրեզենտացիան վերաբերվում է իրենց` արդեն իսկ որպես սիմֆոնիկ նվագախումբ: Ասաց, որ նվագախումբը բազմաթիվ գրավիչ առաջարկներ ունի: Նա  ամփոփեց 12-րդ համերգաշրջանը, որոշ փակագծեր բացեց՝ 13-րդի հետ կապված:

Խոսելով 2018/2019 համերգաշրջանի մասին, որ մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, դիրիժորը նշեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալու մի շարք նախաձեռնություններով, հետաքրքիր ծրագրերով։ Նշեց, որ Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված փառատոնը հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը ունկնդիրներին կներկայանա սիմֆոնիկ և կամերային համերգներով, մեծահամբավ մենակատարներով, հարուստ երկացանկով։ Փառատոնի շրջանակներում ընդգրկված է 9 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային։ Հայաստանում գործունեություն ծավալող արտիստները հանդես կգան փառատոնի շրջանակում: Ելույթ կունենան նաև այլ կոլեկտիվներ, արտիստներ, ովքեր հայ չեն, բայց կատարում են Խաչատրյանի երաժշտությունը:

Նրա խոսքերով, աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին հոկտեմբերի 31-ին կկատարի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Հանդես կգան նաև թավջութակահար Ալեքսանդր Ռամը, ջութակահար Դանիել Ռոնը և այլք։ Փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա հետաքրքիր նախագծով՝ «Խաչատրյան նոն-ստոպ», որի ընթացքում կներկայացվի Խաչատրյանի կինոերաժշտությունը։

 Մանրամասները՝ տեսանյութում:

 «Եթե ուզում ենք հաջողություն ունենալ մշակութային դաշտում պետք է մեր գործիքները, անելիքը եւ ընդհանրապես պլանային խնդիրները կարողանանք ճիշտ մատուցել աշխարհի ձեւաչափով, ինչը կարելի է հեշտ կարգավորել, եթե պատկերացնում ես անելիքդ»,-ասաց Սերգեյ Սմբատյանը՝ ներկայացնելով իր խոսքերով՝ նվագախմբի ճակատագրական համերգաշրջանը, որի կեսն աշխատել են որպես Երիտասարդական նվագախումբ, մյուս կեսը՝ որպես Սիմֆոնիկ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նա մեկնաբանեց նաեւ իրենց նվագախմբի անվան եւ կարգավիճակի փոփոխության հարցը, ասաց, որ աշխարհը չի հասկանում, թե ինչ է նշանակում բացարձակ պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, եւ իրենք իրենց ու պետությանը համոզեցին, որ ժամանակն է դառնալ Սիմֆոնիկ նվագախումբ:

Դիրիժորը նշեց, որ 2019թ. փետրվար-մարտ ամիսներին կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը։  Այս համերգաշրջանի ընթացքում Սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում է ավելի քան 25 համերգ: Նվագախումբը հյուրախաղերի տարբեր հրավերներ է ստանում: 2019-ին նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով։

«Ամենասիրված, ամենաքիչ կատարված գործերը կհնչեն, մաեստրոյի հոբելյանական տարին մեզ համար շատ կարեւոր է»,-ընդգծեց նա:

«Մայքլ Ջեքսոն» նախագծին էլ անդրադարձ եղավ: Մաեստրոն ասաց, որ Ջեքսոնի ստեղծագործություններում բավականին շատ սիմֆոնիկ երաժշտություն կա, եւ իրենց նախագիծը խոստանում է  տարբերվող ու հետաքրքիր լինել:

Ինչ վերաբերում է կոմպոզիտորական արվեստի փառատոնին, այն այս տարի կնվիրվի Ավետ Տերտերյանին, որը բացառիկ կոմպոզիտոր բնորոշվեց:

Ամփոփելով նախորդ՝ 2017/2018 համերգաշրջանը, Սերգեյ Սմբատյանը նշեց, որ այդ համերգաշրջանի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ունեցել է 48 համերգ՝ առաջինը՝ Լոնդոնում՝ «Գրամոֆոն» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։

Սմբատյանի ձեւակերպմամբ, «Գրամոֆոնը» երաժշտական աշխարհի «Օսկարն» է , եւ այդ հարթակում հանդես գալու արդյունքում աշխարհն իմացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին:  Անցած համերգաշրջանում են անցկացվել Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, մերօրյա լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական, «Արմենիա» միջազգային փառատոները։ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը եւս կայացել է Սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ ելույթներով։ Նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, 10252-ը՝ արտասահմանում, 1 միլիոն 624 հազար առցանց դիտում՝ առցանց հեռարձակված 26 համերգների ընթացքում։

Նվագախմբի կազմում ակտիվ գործունեություն են ծավալում 5 անսամբլները։ Հայկական երաժշտական շտեմարանը կհարստացնեն Սիմֆոնիկ նվագախմբի 158 աուդիո և 140 վիդեո ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել 18 երկիր ներկայացնող 47 արտիստ՝ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը։ Մեդիչի TV-ով հեռարձակվել է նվագախմբի 4, euronews.com-ով՝ 1 համերգ։ Արտասահմանյան մամուլը Սիմֆոնիկի գործունեությունը լուսաբանել է իր 135 հրապարակումներով, իսկ տեղական լրատվամիջոցները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին անդրադարձել են 1150 անգամ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աjնուամենայնիվ, մեր հասարակությունը, ինչպես հարկն է ծանոթ չէ հայ դասականներին ․․․

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031