Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը, անդրադառնալով «Երեւան» հիմնադրամի գործով հարուցված քրեական գործին, ասաց, որ հիմնադրամի տնօրենը պարտավորվել է գումարները հետ վերադարձնել:
«Երեւան» հիմնադրամի գործով արդյոք նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատվության կենթարկվի, այս հարցին ի պատասխան պարոն Վանեցյանն ասաց, որ հիմնադրամի տնօրենը ընդունել է փաստերը, եւ պարտավորություն է ստանձնել վերադարձնելու 1.8 մլրդ դրամը, 1 մլրդն արդեն վճարված է, մնացածը՝ առաջիկայում: Իսկ Տարոն Մարգարյանի դեպքում, ըստ Վանեցյանի, մեկ այլ քրեական գործ կա հարուցված՝ նրա ունեցվածքի մասով .«Եթե հիմնավորվի, որ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով՝ ընթացք կտրվի: Բացի այդ, քննություն է շարունակվում Փյունիկ հիմնադրամի շրջանակներում»:
Տարոն Մարգարյանը, ըստ Վանեցյանի, կազատվի պատասխանատվությունից, եթե «Երեւան» հիմնադրամի գումարները վերադարձվեն.«Ես հակված չեմ մարդկանց, ներողություն, լցնենք բերդերը: Եթե մարդը թույլ է տվել ֆինանսական չարաշահում, եւ պատրաստ է վերադարձնել, ավելի արդյունավետ է գումարները վերականգնվեն բյուջե»:
Ռոբերտ Քոչարյանի՝ Կոնգրես հյուրանոցին առնչվող կապը, ըստ որի նա 6 մլն դոլար կաշառք է ստացել, հաստատվե՞ց, Քոչարյանը փաստաբանները հերքում են, այս հարցին ի պատասխան էլ Վանեցյանն ասաց. «Ես խոսում եմ փաստերով: Ես ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ փաստով, այլ՝ չակերտավոր ասած՝ էմոցիոնալ»:
Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարածքում զենք-զինամթերք հայտնաբերելու եւ այն մարտի 1-ի գործին կապելուց հետո, դա հերքվեց. Այս առնչությամբ էլ Վանեցյանն ասաց, որ այդ մասին տվյալներ էին ստացել, այսինքն՝ այդ տվյալներով այդ զենքը հնարավոր է, որ առնչություն ունենար մարտի 1-ի դեպքերին.«Ես հստակ որեւէ հայտարարություն չեմ արել: Ես ասել եմ՝ կա վարկած, փորձաքննության արդյունքներից հետո կպարզվի: Եղել է փորձաքննություն, եւ ՀՔԾ ղեկավարն ասել է՝ առնչություն չունի»:
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորի հետ Վանեցյանը, իր պնդմամբ, չի խոսել. «Ես ասել եմ՝ Հրաչ, դատավորը Վաչե Մարգարյան է: Հրաչ ասում են Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին: Ես այնտեղ Սասուն Խաչատրյանին հարցնում եմ՝ Հրաչը ի՞նչ ա ասում: Ասում ա՝ Հրաչն ասում ա՝ հիմնավոր ա: Ասում եմ՝ դե ուրեմն, ուզի-չուզի պետք ա տա: Ես ձեզ էլի եմ կրկնում, չեմ վախենում, չեմ թաքցնում, ես դատավորի հետ չեմ խոսել: Ես իմ հեռախոսը տվել եմ քննություն իրականացնող մարմին, ասել եմ՝ փորձաքննություն իրականացրեք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ