ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին գաղտնալսելու պատվիրատուն հասարակության շրջանում լայն ճանաչում ունեցող մեկն է: Այսօր այս մասին ասաց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Արդյոք Ռոբերտ Քոչարյանն առնչություն ունի՞ գաղտնալսելու հետ՝ այս հարցին ի պատասխան, Վանեցյանն ասաց. «Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը, փաստաթղթավորելը եւ հիմնավորելը շատ-շատ բարդ է, որը, ցավոք սրտի, այս փուլում չի լինում: Դրանք օպերատիվ տվյալներ են: ԱԱԾ ողջ համակարգը շատ ծանր է տանում իրենց տնօրենին գաղտնալսելու փաստը»:
Վանեցյանը վստահեցրեց՝ գաղտնալսելու եւ դա հրապարակելու նպատակը իր հրաժարական ներկայացնելն էր եւ համակարգը թուլացնելը:
ԱԱԾ տնօրենի ներկայացմամբ՝ ֆեյքերի խմբեր կան, որոնք հստակ աշխատավարձեր են ստանում՝ իրեն ու ԱԱԾ-ին վարկաբեկելու համար:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ