«Ես վստահ եմ, որ դավադրություն տեղի չի ունենա»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին`մտավախություններ չունե՞ն, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո հնարավոր է խորհրդարանական ուժերը վարչապետի թեկնածու առաջադրեն: Նման վստահություն պատգամավորին տվել են ԱԺ կանոնակարգ-օրենքի ընդունման հետ կապված զարգացումները, երբ Նիկոլ Փաշինյանի հորդորով մարդիկ հավաքվեցին խորհրդարանի բակում եւ «պաշարման» մեջ պահեցին այդ նախագծին «կողմ» քվեարկած պատգամավորներին: Դա ի նկատի ունենալով, Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Դավադրություններն»` իրենց հետևանքներով, զերծ կպահեն մեր գործընկերներին»:
Ալես Սիմոնյանն անդրադարձավ նաեւ դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությանը: «Իմ տեղեկություններով ու իմ տրամաբանությամբ մենք պետք է մասնակցենք «Իմ քայլը» դաշինքով: Թե ով ներգրավված կլինի այդ դաշինքում՝ չեմ կարող ասել, ես էս պահին տեղեկություն չունեմ. թե որևէ կուսակցություն գրավոր դիմել է, կամ գուցե դիմել է, մենք դեռ չենք քննարկել»,- ասաց Ալեն Սիմոնյանը` մեջբերելով վարչապետին` նախկինների ու ներկանների բաժանում չեն անելու:
Խոսելով արդեն ԸՕ-ի փոփոխությունների մասին, Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ թավշյա հեղափոխությունը բավական մեծ բևեռացում է բերել քաղաքական դաշտում եւ այս համատեքստում, ինքը ճիշտ է համարում եւ անցողիկ շեմը 4 %-ի իջեցնելը, եւ ընտրական գրավի նվազեցումը, եւ հստակ ամրագրելը, որ խորհրդարան պետք է անցնեն առնվազն 4 կուսակցություններ. «Որպեսզի հնարավորություն տանք այն ուժերին, որ անգամ 0.1 տոկոս են հավաքում, բայց դա առավել է քան մնացած ուժերը, կայանան որպես կուսակցություն: Ի վերջո, մեր նպատակը Հայաստանում քաղաքական դաշտ, ինստիտուցիոնալ իշխանություն և ընդդիմություն ձևավորելն է, այլ ոչ թե ինչ-որ մեկի մենիշխանությունը հաստատելը, ինչը որ արվել է նախկինում»:
Ալեն Սիմոնյանն, ի դեպ, հայտարարեց, որ իր համար արտահերթ ընտրությունների գնալ նոր ԸՕ-ով, գերնպատակ չէ: Բայց ինքը վստահ է, որ պատգամավորներն այդուամենայնիվ «կողմ» կքվեարկեն նոր ԸՕ-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ