Լրահոս
Օրվա լրահոսը

«Չստացվի, թե սրանով ես համալսարանի ղեկավարության դեմ քայլեր եմ անում, քայլերը սրանով չեն անում, քայլերն ուրի՛շ կերպ են անում». Գեւորգ Պետրոսյան

Հոկտեմբեր 16,2018 15:05

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն օրենսդրական նախագիծ է ներկայացրել եւ առաջարկում է «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն կատարել: Ըստ գործող կարգավորման, գործատուն կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտավոր է աշխատողից պահանջել բացատրություն, ու փորձը ցույց է տալիս, որ գործատուները շրջանցում են գրավոր պահանջ ներկայացնելու պարտականությունը ու դատարաններում հնարավոր չի լինում ապացուցել՝ իրականում գործատուն կատարե՞լ է գրավոր պահանջ ներկայացնելու պարտականությունը, թե՞ ոչ:

Հիմա առաջարկում են, որ գործատուն անպայման դա անի գրավոր: Այսօր այս նախագիծը քննարկվեց ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում եւ դրական եզրակացություն ստացավ, այն կքննարկվի առաջիկա քառօրյա նիստում:

Հաջորդ նախագիծը, որը քննարկվեց հանձնաժողովում ու դարձյալ զեկուցողը Գեւորգ Պետրոսյանն էր, «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխությունների մասին էր: Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ գործող օրենքով արհեստակցական միություններ ստեղծվում են բացառապես մեկ գործատուի շրջանակներում՝ տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող առնվազն 3 աշխատողների կողմից: Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման արհեստակցական մարմինները անաչառ ու օբյեկտիվ չեն, ուստի արհեստակցական կազմակերպությունները պետք է իրավունք ունենան ստեղծել ոչ միայն տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերություններ ունեցողները, այլեւ՝ ցանկացած տնտեսական ճյուղի: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «Սա արհեստակցական միությունը գործատուի գրպանային կառույցից անկախ կառույց ստեղծելու նպատակն է հետապնդում»: Կառավարության ներկայացուցիչն ասաց, որ սկզբունքորեն դեմ չեն դրան, մարդկանց ազատություն են տալիս, բայց ճյուղային արհմիությունների դերն է վերանում: Գեւորգ Պետրոսյանն էլ ասաց, որ այսպես ցանկացած աշխատողի տալիս են ազատություն, որ ինքն ընտրի, թե որ արհեստակցական միությանն անդամակցի:Այս նախագիծը եւս միաձայն ընդունվեց:

«Աշխատանքային օրենսգրքում» փոփոխությունների եւս մեկ նախագիծ քննարկվեց, այս անգամ՝ պատգամավորների, համայնքների ղեկավարների աշխատանքային իրավունքների համար: Գործող իրավակարգավորմամբ, ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնող եւ գիտամանկավարժական գործունեությունը համատեղող պաշտոնյաները կարծես տուժում են: Գեւորգ Պետրոսյանի մեկնաբանությամբ՝ «Երբ ընտրությունների ժամանակ տվյալ գիտամանկավարժական հաստատության հետ մարդը գտնվել է անորոշ ժամկետով աշխատանքային հարաբերությունների մեջ, ընտրվելով պատգամավոր, համայնքի ղեկավար, գործատուները մեխանիկորեն նրանց հետ կնքած անժամկետ պայմանագրերը փոխարինում են  ժամկետային պայմանագրերով, որպեսզի ամեն տարի աշխատողների պոչը, այսպես ասած, պահեն գործատուի ոտքի տակ, ամեն տարի ասեն՝ արի մի հատ դիմում գրի, կորոշենք՝ քեզ հետ նորի՞ց պայմանագիր կնքենք, թե՞ չէ»: Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ սա հակասում է միջազգային խարտիայի սկզբունքին. «Հիմա դասախոսը ի՞նչ կապ ունի, որ ընտրվել է պատգամավոր կամ համայնքի ղեկավար, ինչո՞ւ պետք է միայն այդ հիմքով պայմանագիրը փոխեն, դարձնեն ժամկետային, այսինքն, պայմանագրի էական պայման փոփոխել միակողմանիորեն՝ չունենալով բավարար իրավաբանական եւ փաստական հիմքեր: Մենք սրանով գիտամանկավարժական գործունեություն իրականացնող կադրերին ապահովագրում ենք գործատուի կամայական մոտեցումներից»:

Պատգամավորն ասաց, որ եթե աշխատողը պատշաճ չկատարի իր պարտավորությունները, գործատուն այլ հիմքեր ունի վերանայելու աշխատանքային պայմանագիրը, եւ միայն ընտրովի պաշտոնի անցնելը հիմք ընդունել՝ անձի երաշխավորված աշխատանքային պայմանագիրը վերանայելու, անթույլատրելի է:

Կառավարության անդամն ասաց, որ դեմ չեն փոփոխությանը, բայց այդ լուծումը հատվածական է, միայն մի խնդիր է լուծում, կարող են ընդլայնել, ու դա տարածել ոչ միայն քաղաքական պաշտոն ստանձնած մարդկանց վրա, այլ՝ ցանկացած քաղաքացու: Սակայն Գեւորգ Պետրոսյանն այդտեղ վտանգներ տեսավ, ասաց, որ օրինակ, պատգամավորի աշխատանքն այնպիսին է, որ կարող է զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ, ու դրանից չտուժի ոչ մի աշխատանքը, ոչ մյուսը, որովհետեւ պատգամավորի աշխատանքը նորմավորված աշխատաժամ չունի, իսկ նախարարը, որը հանրային ծառայող է, նորմավորված աշխատաժամ ունի, ժամը 18-ից հետո գիտամանկավարժական աշխատանք չի լինում:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի՝ ընտրովի պաշտոնները ժամանակավոր են, ժամկետային են, իսկ հանրային ծառայողներինը՝ ոչ. «Դասախոս է, դառնում է պատգամավոր, իր պայմանագիրը դարձնում են ժամկետային, ու 5 տարի հետո մարդը էլի էդ ժամկետի հետ կռիվ է տալու, իսկ հանրային ծառայողը անժամկետ է»:

Ուշագրավ է, որ Գեւորգ Պետրոսյանն ինքն էլ դասախոս է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ու նա նախապես ասաց. «Չստացվի, թե սրանով ես այս ամբիոնն օգտագործելով՝ համալսարանի ղեկավարության դեմ քայլեր եմ անում, քայլերը սրանով չեն անում, քայլերն ուրիշ կերպ են անում…Մեր խմբակցության ու ՀՀԿ պատգամավորները կհաստատեն՝ ընտրվում են պատգամավոր, իրենց պայմանագրերը բուհում դարձնում են մեկ տարվա, որ ամեն տարի գնաս ռեկտորին խնդրես»:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ դրական եզրակացություն ստացավ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031