«Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը վերջերս Դուշանբեում հանդիպեցին, եւ նրանք այդ շփումը դրական են համարում: ԱՄՆ-ն էլ աջակցում է, որպեսզի կողմերը խոսեն, երկրի ղեկավարների միջեւ շփումներ պետք է լինեն»,-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Նա կարծիք չհայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային սեղանի շուրջը վերադարձնելու հայտարարության մասին, սակայն նշեց. «ԵԱՀԿ համանախագահողներ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ միասին ԵԱՀԿ անդամներ են, ուստի ընդունում են կառույցի չափանիշները, որոնք հայտնի են «Մադրիդյան սկզբունքներ» անվամբ: Հիմնական սկզբունքներն են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Յուրաքանչյուր երկիր իր մեկնաբանությունը կարող է ունենալ դրանց վերաբերյալ, բայց դրանք են առաջնորդող սկզբունքները»:
Քենթի խոսքով՝ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերը կողմերի միջեւ շփումներին աջակցելն է, որպեսզի վերջիններս կարողանան լուծումներ գտնել. «ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ աջակցելու ՀՀ-ին եւ Ադրբեջանին՝ խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար»: Ջորջ Քենթը չարձագանքեց նաեւ հարցին, թե ինչ ազդեցություն է ունենում հակամարտության վրա Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Նա միայն ասաց. «Գիտեմ, որ շատ հայեր եւ ադրբեջանցիներ տուժել են այս հակամարտությունից ուղղակիորեն՝ կորցրել են ամեն ինչ, ստիպված եղել նորից սկսել կյանքը: Բոլոր պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ սա բոլորի խնդիրն է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ