Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կարող է դառնալ Ռուսաստանի դարպասը կասպյան էներգառեսուրսների համար

Հոկտեմբեր 16,2018 14:05

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի երկար սպասված հաստատումը, որը տեղի ունեցավ 2018թ. օգոստոսի 12-ին, խթան հանդիսացավ մի շարք նախագծերի համար Կասպից ծովում, ինչը զարմանալի է, հաշվի առնելով այն, թե որքան փոխզիջումային էին կոնվենցիայի ձևակերպումները:  Ամենաշատը նոր ազդակ նկատվում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Ադրբեջանի հետ համատեղ նախագծերին մասնակցելը կարող է բեկումնային լինել «Ռոսնեֆտի» համար, որի Կասպից ծովում հաստատվելու փորձերը մինչև վերջին ժամանակներս այդքան էլ հաջող չէին, գրում է «Եվրազիա Էքսպերտ» պարբերականը:

Հոդվածագիր Վիկտոր Կատոնան նշում է, որ աշխարհաքաղաքական հարցերը չեն կաշկանդում Մոսկվային և Բաքվին, որոնք ափամերձ գծերի սահմանափակման մասին համաձայնություն ձեռք են բերել ավելի քան  15 տարի առաջ:  2018թ. սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպմանը կողմերը ստորագրել են Գոշադաշ բլոկի նավթագազային  ներուժի համատեղ ուսումնասիրության մասին պայմանագիր:

Բավականին բարդ ժամանակաշրջանից հետո ռուս-ադրբեջանական էներգետիկ (և ոչ միայն) հարաբերությունները սկսեցին բարելավել: Գոշադաշի վերաբերյալ պայմանագրի ստորագրման ընթացքում ռուսական կողմից հստակ մասնակիցը հայտնի չէր, բայց ակնկալվում է, որ դա կլինի : «Ռոսնեֆտ»-ը Իգոր Սեչինի ղեկավարության ներքո  նկատելիորեն սկսեց մերձենալ ադրբեջանական SOCAR-ի հետ՝ ի թիվս այլ պայմանագրերի ստորագրելով նաև մինչև 1 միլիոն տոննա նավթի մատակարարման մասին պայմանագիր թուրքական Star նավթի մշակման գործարանին, որը պատկանում է ադրբեջանական ընկերությանը և տեղակայված է Իզմիրում:

Հոդվածագրի կարծիքով՝ «Ռոսնեֆտ»-ի համար տվյալ պայմանավորվածությունը կարող է դառնալ հերթական հնարավորությունը՝ իր ներկայությունն ընդլայնելու  և մի շարք անհաջող փորձերից հետո Կասպյան տարածաշրջանում հաստատվելու համար: 2002թ.  ընկերությունը իրավունք ստացավ վերամշակումներ իրականացնել Կուրմանգազի հանքավայրում, որի նավթային պաշարներն այդ պահին գնահատվում էին մինչև 1 միլիարդ տոննա, բայց կոմերցիոն նավթ կամ գազ չհաջողվեց հայտնաբերել:  «Ռոսնեֆտ»-ը երկրորդ փորձն արեց՝ գնելով այլ տեղամաս, բայց նախագիծը փաստացիորեն սառեցվեց:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռոսնեֆտ»-ը չկարողացավ իր ծրագրերն ի կատար ածել  Կասպյան տարածաշրջանի ռուսական մասում, Ադրբեջանն ունի բոլոր հնարավորությունները այս իրավիճակում բեկում մտցնելու համար:

Այնուամենայնիվ, հերթական ձախողումը չի բացառվում՝ կապված Գոշադաշ բլոկի սեյսմոլոգիական առանձնահատկությունների և տեղանքի հետ: Բայց չնայած դժվարություններին՝ ձեռք բերված համաձայնությունը կարող է դառնալ Գոշադաշի զարգացման հաջողության գրավականը, ինչում, անկասկած, շահագրգռված է Բաքուն: Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանում նավթի արդյունահանումը առաջին տարին չէ, որ նվազում է և կշարունակի նվազել, անհրաժեշտ են նոր  համարձակ միջոցներ:

Ռուսաստանը ևս հետաքրքրված է Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ:  Կասպից ծովի կարգավիճակի  մասին Կոնվենցիայի ստորագրումից հետո  Ադրբեջանը դառնում է առանցքային քաղաքական գործընկեր Ռուսաստանի համար: Կողմերը հասկանում են, որ համագործակցությունն ավելի շատ օգուտ կբերի, քան հակասությունները:  Գոշադաշ բլոկի համատեղ զարգացումը կարող է դառնալ սկիզբ ավելի հավակնոտ նախագծերի համար: Օրինակ, ռուս-ադրբեջանական  էներգետիկ համագործակցությունը նոր մակարդակի կհասնի, եթե  «Լուկօյլ»-ը մասնակցություն ունենա Ումիդ և Բաբեկ հանքավայրերի մշակման նախագծում: Հաշվի առնելով կողմերի շահերը՝ այն, ինչ անհնարին էր թվում նախկինում, այժմ կարող է իրականություն դառնալ, եզրափակում է հոդվածագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031