ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Մամուլի ազգային ակումբի նախագահ
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1985թ. ապրիլին գորբաչովյան Վերակառուցմամբ հռչակված քաղաքական նոր ուղեգիծը թեպետ սկիզբ դրեց Խորհրդային Միության մեջ հասարակական, քաղաքական, տնտեսական փոփոխությունների, սակայն հետագայում բարեփոխումների տեղապտույտի, ազգամիջյան բախումների, տնտեսական ճգնաժամի, հանրապետությունների՝ անկախության ձգտումների արդյունքում ԽՍՀՄ-ում ծայր առած քաղաքական շարժումները, ԽՍՀՄ-ը վերափոխելու անհեռանկարայնությունը մի շարք հանրապետություններում հանգեցրեցին հեղափոխությունների, որոնց հետևանքով Խորհրդային Միությունը փլուզվեց:
Հետխորհրդային ժամանակաշրջանում սկիզբ առած համակարգային փոփոխությունները, անցումային ժողովրդավարության բարդ ընթացքը, իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը, ռազմական բախումները, հին և նոր քաղաքական էլիտայի անկարողությունը և նրա վերասերումը նախկին խորհրդային մի շարք հանրապետությունների կանգնեցրեցին քաղաքական արմատական նոր փոփոխությունների իրականացման անխուսափելիության առջև: Այսօրինակ իրավիճակը դիտարժան է հատկապես Հարավային Կովկասի երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Վրաստանի դեպքերում:
Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում մի քանի անգամ տեղի ունեցած հեղափոխության փորձերը ձախողվեցին, սակայն երկու «թավշյա հեղափոխություններն» ավարտվեցին հաղթանակով՝ երկիրը կանգնեցնելով քաղաքական և համակարգային արմատական փոփոխությունների հրամայականի առջև: ԽՍՀՄ փլուզումից 13 տարի անց հարավկովկասյան մյուս պետությունում՝ Վրաստանում, տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունն» առաջ բերեց նոր քաղաքական իրավիճակ թե՛ երկրում, թե՛ տարածաշրջանում:
Այս երկու պետություններում տեղի ունեցած թավշյա հեղափոխություններն էապես ազդեցին թե՛ ներհասարակական-ներքաղաքական և թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների վրա՝ մեծապես պայմանավորելով այդ զարգացումների ուղղությունը:
- «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ. ԴՐԱ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ, ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ, ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ժողովուրդների, պետությունների կյանքում տեղի ունեցող անգամ հեղափոխական բնույթի հասարակական-քաղաքական փոփոխությունները միշտ չէ, որ ավարտվել են հեղափոխությամբ: Ինչպես և միշտ չէ, որ հեղափոխությամբ են պսակվել հեղափոխական իրավիճակները: Ձախողված հեղափոխությունից հետո անխուսափելիորեն վրա է հասել քաղաքական ճգնաժամը: Եվ եթե հեղափոխությունից հետո կառավարող վերնախավը երկրում քաղաքական փոփոխություններ չի իրականացրել, ապա հետաձգվել է ճգնաժամի հանգուցալուծումը՝ առավել շոշափելի դաձնելով նոր հեղափոխության հավանականությունը:
«Ճշմարտությունը պետք է հաղթանակի». այս կարգախոսի ներքո 1989թ. նոյեմբերին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան Չեխոսլովակիայի փողոցներ՝ հանդես գալով կոմունիստական վարչակարգի դեմ: 1968թ. արյան մեջ խեղդված «Պրահայի գարունից» 21 տարի հետո սա Չեխոսլովակիայի քաղաքական պայքարի երկրորդ փորձն էր երկրի ազատության համար և կոմունիստական վարչակարգի դեմ:
1989թ. նոյեմբերի 17-ին Պրահայի Վացլավի հրապարակում կայացած ուսանողական բողոքի ցույցին նոյեմբերի 23-ին միացան հազարավոր ցուցարարներ՝ ընդդիմության գլխավորությամբ: Նոյեմբերի 27-ին հայտարարվեց համազգային գործադուլ միակուսակցականության չեղարկման պահանջով: Նոյեմբերի 28-ին Վացլավ Հավելի գլխավորած «Քաղաքացիական ֆորումի» և ՉԽՍՀ-ի կոմկուսի ղեկավարության միջև կայացած բանակցությունների արդյունքում երկրի խորհրդարանը չեղարկեց կոմկուսի ղեկավար դերի մասին սահմանադրական դրույթը: Դեկտեմբերի 10-ին Գուսավ Գուսակը ձևավորեց 1948թ. վեր առաջին ոչ կոմունիստական կառավարությունը:
Դեկտեմբերի 29-ին ընտրվելով երկրի նախագահի պաշտոնում՝ Վացլավ Հավելը նկատեց. «Աշխարհում բոլորը զարմանում են, թե որտեղից Չեխոսլովակիայի խոնարհ, ոտնահարված և հոռետես, առերևույթ ցինիկ քաղաքացիները ձեռք բերեցին այս հրաշք հզորությունը մի քանի շաբաթվա ընթացքում քաղաքակիրթ և խաղաղ կերպով թոթափելու ամբողջատիրության լուծը»: Նախագահի պաշտոնում Հավելի ընտրությամբ տապալվեց կոմունիստական համակարգը Չեխոսլովակիայում:
Չեխոսլովակիայի խաղաղ հեղափոխությամբ էլ համաշխարհային քաղաքագիտության և քաղաքականության մեջ ներդրվեց նոր հասկացություն՝ «թավշյա հեղափոխություն», որն արագորեն տարածվեց նաև Արևելյան Եվրոպայի այլ երկրներում, որոնք միմյանց հետևից խաղաղ ճանապարհով տապալեցին կոմունիստական վարչակարգերը:
Ի հակադրություն բռնի կամ զինված հեղափոխությունների՝ «թավշյա հեղափոխությունը» հանգում է խաղաղ, անարյուն, առանց զենքի և բռնության իրականացված բողոքի համազգային միջոցառումների, որոնք պետք է հանգուցալուծվեին քաղաքական համակարգի և իշխող վարչակարգի փոփոխությամբ:
1989թ. Բեռլինի պատի փլուզմամբ և Գերմանիայի վերամիավորմամբ փլուզվեց կոմունիստական համակարգը Եվրոպայում: 1990թ. Փարիզում Գորբաչովը ստորագրեց «Նոր Եվրոպայի խարտիան»՝ դուրս բերելով խորհրդային զորքերն Արևելյան Եվրոպայից: Հինգ տասնամյակ տևած «սառը պատերազմն» ավարտվեց:
Թե՛ Արևելյան Եվրոպայի երկրներում, թե՛ նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետություններում իրականացված թավշյա հեղափոխություններն իրադարձությունների և դեպքերի զարգացման կորագծով, նպատակներով և արդյունքներով մեծապես նույնականացվում են:
1989թ. նախագահի պաշտոնը ստանձնելիս Վացլավ Հավելն իր պատմական ելույթն ավարտեց չեխ լուսավորիչ Կոմենուսի բառերով. «Ժողովու՛րդ, քո կառավարությունը վերադարձել է քեզ»:
«Ժողովրդի իշխանության» հաստատումը թավշյա հեղափոխությունների կարևոր կարգախոսներից է, որը գերիշխում է մնացյալ բոլոր կարգախոսների վրա՝ ազդարարելով ներքևից իրականացվող հեղափոխության նպատակը:
- ԱՌԱՋԻՆ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Թեպետ ժամանակակից պատմագրությունն ու քաղաքագիտությունն առաջին «թավշյա հեղափոխություն» համարում են 1989թ. չեխոսլովակյան հեղափոխությունը, սակայն 20-րդ դարի թավշյա հեղափոխության նախակարապետը եղել է Խորհրդային Հայաստանը: Հայկական առաջին թավշյա հեղափոխությունը, որը պատմության մեջ մտավ «Ղարաբաղյան շարժում» անվամբ, սկզբնավորվեց 1988թ. փետրվարի 19-20-ին, երբ Երևանի Թատերական հրապարակում հազարավոր ցուցարարներ հավաքվեցին Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման պահանջներով:
Ղարաբաղյան շարժումը ԽՍՀՄ-ում առաջին համաժողովրդական Շարժումն էր, որն ընթացավ խաղաղ և սահմանադրական ճանապարհով: Շարժման քաղաքական ազդեցությունը սկսեց տարածվել Մերձբալթյան հանրապետություններում՝ վերածվելով անկախության շարժման: Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող առաջին թավշյա հեղափոխությունն իր վրա էր սևեռել միջազգային հանրության ուշադրությունը:
1990թ. մայիսի 20-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունները դարձան առաջին այլընտրանքային ընտրությունները, որի արդյունքում խորհրդարան մտան կոմկուսի և Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները: ԳԽ-ն ձևավորվել էր հասարակարգային տարբեր դիրքորոշումների բախման արդյունքում. խորհրդարան էին մտել Հայաստանի գիտական մտավորականության միջին սերնդի ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդային համակարգի մի քանի այլախոհներ՝ այդ սերնդի ընտրյալ հատվածը: Նրանք հետխորհրդային Հայաստանի առաջին քաղաքական գործիչներն էին, որոնք քաղաքականության դասեր էին ստացել փոթորկոտ ժամանակներում: Տոգորված նոր արժեքներով` քաղաքական գործիչների այդ սերունդն էլ 1991թ. սեպտեմբերին հայ ժողովրդին առաջնորդեց դեպի անկախություն:
1990թ. օգոստոսի 4-ին ԳԽ նախագահի պաշտոնում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությամբ տապալվեց կոմունիստական համակարգը Հայաստանում: Օգոստոսի 23-ին ԳԽ-ն ընդունեց Անկախության Հռչակագիրը:
1990թ. հոկտեմբերի 22-ին ելույթ ունենալով ԳԽ-ում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, անդրադառնալով ԽՍՀՄ-ի փլուզման հեռանկարին, ընդգծեց. «Մեզանից այսօր միայն մեկ բան է կախված, և ոչ միայն մեզանից, այլև Խորհրդային Միության բոլոր ժողովուրդներից ու համայն մարդկությունից՝ որքան հնարավոր է անարյուն, անցավ դարձնել այդ փլուզումը, անարյուն, խաղաղ դարձնել անցումը դեպի մի նոր վարչակարգ։ Արևելյան Եվրոպայի երկրների փորձը վստահություն է ներշնչում, որ դա հնարավոր է, որ խորհրդային ղեկավարներն ու նաև հանրապետությունները կդրսևորեն այնքան հանդուրժողականություն և գիտակցություն, որ գործը չեն հասցնի լուրջ առճակատման և խոշոր ցնցումների»։
Չնայած Շարժման ընթացքում Մոսկվայի կողմից կազմակերպված սադրանքներին, սումգայիթյան ջարդերին, «Օղակ» օպերացիային, արտակարգ դրության հաստատմանը, «Ղարաբաղի» կոմիտեի ձերբակալմանը և Շարժումը կասեցնելու տարբեր փորձերին՝ այս ամենի հակազդեցությունը միշտ եղել է առավել կազմակերպված, խաղաղ և ոչ բռնի՝ բողոքի գործողությունների իրականացումը:
Ղարաբաղյան շարժման՝ որպես հայկական առաջին թավշյա հեղափոխության պատմաքաղաքական նշանակությունը և արդյունքներն ակնհայտ են՝ 1. Ղարաբաղի ազատագրումը, 2. Ղարաբաղի բնակչության ֆիզիկական փրկությունը և անվտանգության ապահովումը, 3. Հայաստանի անկախացումը:
- ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ. ՌԱԶՄԱԿԱՆ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԵՊԻ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»
Հետխորհրդային Վրաստանի ներքաղաքական գործընթացները բարդ բնույթ ունեին: 1990թ. հոկտեմբերի 28-ին երկրում անցկացվեցին առաջին բազմակուսակցական խորհրդարանական ընտրությունները, ուր հաղթանակ տարավ «Ազատ Վրաստան-Կլոր սեղան» ազգային կուսակցությունը` Զվիադ Գամսախուրդիայի գլխավորությամբ, ով էլ դարձավ Վրաստանի Գերագույն խորհրդի նախագահ: 1991թ. ապրիլի 9-ին ԳԽ-ն ընդունեց «Վրաստանի անկախ պետականության վերականգնման մասին» փաստաթուղթը: 1991թ. մայիսի 26-ի ընտրություններում նախագահ ընտրվեց Զ. Գամսախուրդիան:
Հետխորհրդային շրջանի Վրաստանի քաղաքական զարգացումների առաջին փուլում ռազմական խռովություններն ու հեղաշրջումները երկրի ներքաղաքական զարգացումների անբաժան մասն են կազմել: 1992թ. հունվարի 6-ին Ազգային գվարդիայի մի մասը գլխավորող Թենգիզ Կիտովանիի և Ջաբա Իոսեկիանիի «Մխեդրոինիի» զինված խռովության հետևանքով Գամսախուրդիան ստիպված եղավ լքել Վրաստանը: 1992թ. մարտին Վրաստանի Պետական խորհրդի նախագահ ընտրվեց ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդվարդ Շևարդնաձեն: 1992թ. օգոստոսի 14-ին ազգային գվարդիականները Կիտովանիի գլխավորությամբ մտան ապստամբած Աբխազիայի տարածք. սկսվեց վրաց-աբխազական բախումը: 1993թ. սեպտեմբերի 28-ին կնքվեց հաշտության պայմանագիր, սակայն աբխազական կողմն իր վերահսկողության տակ վերցրեց Աբխազիայի տարածքը:
1993թ. սեպտեմբերին Գամսախուրդիան վերադարձավ Վրաստան` գլխավորելով Արևմտյան Վրաստանի զինված խմբավորումները: Իր իշխանությունը պահպանելու համար Շևարդնաձեն դիմեց Ռուսաստանին և Վրաստանի՝ ԱՊՀ-ին անդամակցելու դիմաց աջակցություն ստացավ:
Անցումային փուլը Վրաստանի համար բավականին բարդ էր: Ծանր սոցիալական իրավիճակը, ազգաբնակչության ցածր կենսամակարդակը (պետծառայողների միջին աշխատավարձը կազմում էր 30 լարի՝ մոտ 15 ԱՄՆ դոլար, կենսաթոշակն ավելի ցածր էր), մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիայի բարձր մակարդակը լի էին անկանխատեսելի զարգացումներով: Երկրում իրավիճակը բարդացավ 2003թ. նոյեմբերի 2-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, երբ քաղաքական ընդդիմությունը՝ Մ. Սահակաշվիլու, Զ. Ժվանիայի և Ն. Բուրջանաձեի գլխավորությամբ, հրաժարվեցին ընդունել դրանք: Երկրում քաղաքական ճգնաժամ առաջացավ:
Երիտասարդ ցուցարարների «Կմարա» (թարգմ.՝ «Հերիք է») շարժման մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելու հրապարակում բողոքի հանրահավաք կազմակերպեցին: Նոյեմբերի 21-23-ը Թբիլիսիի հրապարակներն ու փողոցները չէին լքում հարյուր հազարավոր քաղաքացիներ` պահանջելով ընտրությունների արդյունքների չեղարկում: Հանրահավաքներն ընթանում էին «Վրաստանն առանց Շևարդնաձեի» կարգախոսի ներքո:
Նոյեմբերի 22-ին, երբ խորհրդարանը նոր կազմով հավաքվեց գումարելու առաջին նիստը, ցուցարարները Սահակաշվիլու գլխավորությամբ գրոհեցին խորհրդարանի շենքը և դահլիճ ներխուժեցին Շևարդնաձեի ելույթի պահին: Սահակաշվիլու ձեռքին կարմիր վարդերի փունջ էր՝ որպես խորհրդանիշ թավշյա հեղափոխության: Հատուկ ջոկատայինները նահանջեցին առանց կրակոցի, իսկ թիկնապահները Շևարդնաձեին արագ հեռացրեցին նախագահի մերձքաղաքային նստավայր, որտեղից էլ նա հայտարարեց պետական հեղաշրջման փորձի մասին, հանրապետությունում մտցրեց արտակարգ դրություն, սակայն նոյեմբերի 23-ին ստիպված եղավ հրաժարական ներկայացնել երկրի նախագահի պաշտոնից: Նոյեմբերի 25-ին Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ԿԸՀ-ի ներկայացրած նոյեմբերի 2-ի ընտրությունների արդյունքները: Խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն հռչակվեց որպես երկրի նախագահի պաշտոնակատար:
Հանրահավաքները և բողոքի այլ միջոցառումներն ուղիղ եթերով հեռարձակվում էին ամերիկյան CNN հեռուստաընկերությամբ, հանգամանք, որը Շևարդնաձեին զրկեց բռնություններ և ռազմական ուժ կիրառելու հնարավորությունից: «Վարդերի հեղափոխության» արդյունքում հաղթահարվեց քաղաքական ճգնաժամը: 2004թ. հունվարի 4-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում քվեների 96 տոկոսով Վրաստանի նախագահ ընտրվեց Միխայել Սահակաշվիլին: Իսկ հաջորդ տարվա մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ Սահակաշվիլու, Ժվանիայի և Բուրջանաձեի գլխավորած դաշինքը:
2004թ. ապրիլի 5-ին Թբիլիսիին հաջողվեց պաշտոնանկ անել Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեին և վերականգնել վերահսկողությունն Աջարիայի վրա:
Ջեյմս Վերչը՝ ԱՄՆ Սենթ Լուիզի Վաշինգտոնի համալսարանի միջազգային հետազոտությունների տնօրենը, «Վարդերի հեղափոխության» հաղթանակի կարևոր նախապայման է համարում ազատ մամուլի գործունեությունը. «2003թ. Վրաստանի հասարակությունը ոգեշնչվում էր ԶԼՄ-ների առաջ բերած կերպարներից և գաղափարներից, հատկապես «Ռուսաթավի-2» հեռուստաընկերությունից: Հեղափոխության նախօրեին ԶԼՄ-ներն այնպիսի աներկբա հեղինակություն էին ձեռք բերել, որ իշխանության փորձերը, կասեցնել մի քանի հեուստաընկերությունների գործունեությունը, հանդիպում էին հանրային դիմակայության: ԶԼՄ-ները բացառիկ դերակատարություն և նշանակություն ունեցան հեղափոխության գաղափարները պաշտպանելու և դրանք հանրայնացնելու գործում՝ հասնելու այդ գաղափարների հասարակական, համաժողովրդական աջակցությանը»:
- ՎՐԱՍՏԱՆԸ «ՎԱՐԴԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ» ՀԵՏՈ
«Վարդերի հեղափոխությունից» երեք ամիս անց ելույթ ունենալով ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանում՝ Մ. Սահակաշվիլին անդրադարձավ «Վարդերի հեղափոխության երեք կարևոր դասերին», որոնցից առաջինը «քաղաքական ժառանգականության անցման ճանապարհի» հաղթահարումն էր: Երկրորդ դասը, ըստ Սահակաշվիլու, այն է, որ «վրացիները, լինելով եվրոպական ազգերի ընտանիքի անդամ, թե՛ աշխարհագրորեն և թե՛ ազգային ինքնագիտակցության առումով» միավորվեցին ազատական ու ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության շուրջ: «Վարդերի հեղափոխությունը» համարելով ազատության և ժողովրդավարական պետության մեջ ապրելու, իրենց ղեկավարներին ընտրելու և իրենց ճակատագիրը որոշելու Վրաստանի քաղաքացիների իրավունքի հաղթանակը` Սահակաշվիլին ընդգծեց. «Ես ժողովրդավարության նախագահն եմ»: Երրորդ դասի հիմքում ընկած են Վրաստանի և ԱՄՆ-ի միջև «առանձնահատուկ հարաբերությունները». «Վրացիներն ամերիկացիների հետ կիսում են նույն համոզմունքները, նույն արժեքները, նույն ձգտումները»:
Վրաստանի նախագահն անդրադարձավ երկրում քաղաքական և տնտեսական փոփոխությունների իրականացմանը. «Մենք պետք է առաջ ընթանանք: Մենք հնարավորություն ունենք ողջ տարածաշրջանում դրական փոփոխությունների սկիզբը դնել: Եթե այս հեղափոխությունը Վրաստանը հաջողությամբ ավարտին հասցնի, ապա այն հաջողության կհասնի ողջ տարածաշրջանում»:
Հեղափոխությունից հետո Վրաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցության ծավալներն աճեցին, և փոխվեցին դրանց ուղղությունները: 2004թ. օգնությունը կազմեց 102.1մլն ԱՄՆ դոլար. առաջին անգամ Վրաստանի աջակցության ծրագրերում առանձին տողով նշվեց ժողովրդավարական բարեփոխումների ուղղությունը:
2005թ. մայիսին Թբիլիսի այցելեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Դա ԱՄՆ նախագահների առաջին և առայժմ միակ այցն է Հարավային Կովկաս: Այդ այցով Վաշինգտոնն աջակցություն ցուցաբերեց Վրաստանում տեղի ունեցող փոփոխություններին:
«Վարդերի հեղափոխությունը» թուլացրեց ներքաղաքական լարվածությունը Վրաստանում՝ թեպետ ինքնավար միավորումների ինքնորոշման կամ անջատողական ձգտումները դարձյալ ի հայտ էին գալիս: 2006թ. հուլիսին Կոդորի կիրճում Էմզար Կվիզանին խռովություն բարձրացրեց: 2007թ. դժգոհությունն իր քաղաքական ուղեգծից Սահակաշվիլուն ստիպեց գնալ նախագահական արտահերթ ընտրությունների, որոնց արդյունքում 2008թ. հունվարի 5-ին նա վերընտրվեց նախագահի պաշտոնում:
2008թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը վրաց-օսեթական ճգնաժամը հանգեց պատերազմի, որի արդյունքում ռուսական զինուժի աջակցությունը ստացած Աբխազիան և Հարավային Օսեթիան հայտարարեցին Վրաստանից անկախանալու մասին: Օգոստոսի 26-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրեց հրամանագիր, որով ճանաչեց Աբխազիան և Հյուսիսային Օսեթիան:
Օգոստոսի վերջին Թբիլիսիում կայացած հանրահավաքում Սահակաշվիլին հայտարարեց. «Մենք հաղթեցինք», մինչդեռ Վրաստանը պատերազմից դուրս էր եկել կորուստներով: Հարավային Օսեթիային և Աբխազիային ռազմական աջակցություն ցուցաբերելով՝ Կրեմլը ճնշում էր գործադրում Վրաստանի հասարակության և անձամբ Սահակաշվիլու վրա` վերջինիս հրաժարականի դրդելով: «Որքան էլ քննադատաբար վերաբերենք մեր կառավարությանը և անձամբ Սահակաշվիլուն, մենք թույլ չենք տա Ռուսաստանին իշխանափոխություն իրականացնել Վրաստանում: Ռուսաստանն իրավունք չունի մեր փոխարեն որոշել, թե ով պետք է մեզ ղեկավարի», – BBC-ին տված հարցազրույցում ընդգծում է Նինո Բուրջանաձեն:
2009թ. հունվարին 9-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ը և Վրաստանը ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության մասին խարտիան»: Ամերիկյան կողմից այն ստորագրել է նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, վրացական կողմից՝ արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Ստորագրման արարողության ժամանակ Ռայսը հայտարարել է. «Վրաստանն ԱՄՆ-ի համար շատ կարևոր և արժեքավոր գործընկեր է: Մեր հարաբերությունները կառուցված են ընդհանուր արժեքների վրա, ԱՄՆ-ը շարունակելու է պաշտպանել Վրաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, նրա հյուսիսատլանտյան ձգտումները: Վրաստանը կարող է վստահ լինել, որ ի դեմս ԱՄՆ-ի՝ հուսալի ընկեր ունի»: Վաշաձեն ընդգծել է. «Սա պատմական օր է իմ ժողովրդի համար: Սրան Վրաստանը վաղուց է ձգտել. վերադառնալ արևմտյան աշխարհ»: Ընդգծելով, որ «Մեր բարեկամությունը հիմնված է համատեղ գիտակցության և հավատի վրա, որ ժողովրդավարությունը քաղաքական լեգիտիմության և կայունության հիմքն է»՝ Խարտիան սահմանում է Գործընկերության սկզբունքները և Վրաստանին ԱՄՆ աջակցության ուղղությունները՝ Վրաստանի եվրաանտլանտյան համագործակցության խորացում, եվրոպական և տրանսատլանտիկ կառուցներին լիարժեք ինտեգրացիայի աջակցություն, երկրի հնարավորությունների ուժեղացում և ՆԱՏՕ-ին անդամակցելու նախապատրաստում:
Խարտիան վրաց-ամերիկյան հարաբերություններին նոր որակ հաղորդեց՝ հաստատելով Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների նոր ռազմավարության սկիզբը:
***
2005թ. մայիսին Վրաստան կատարած այցից հետո Բուշը հիշատակեց վերջին 1,5 տարվա ընթացքում տեղի ունեցած հեղափոխությունների շարքը. «Եվ դա միայն սկիզբն է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ոտքի կանգնում նոր սերունդը, որի սրտում վառվում է ազատության կրակը, և նրանք կստանան այդ ազատությունը»:
«Մենք կպաշտպանենք ժողովրդավարությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը նպատակամիտված շարժումները ոչ միայն այն պատճառով, որ դրանք մեր ավանդույթների մեջ են ներառված, այլ նաև այն պատճառով, որ դրանք ապահովում են ավելի կայուն և բարգավաճ աշխարհ», – նշված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի 2004-2009թթ. ռազմավարական ծրագրում :
ԱՄՆ այսօրինակ քաղաքականությունը երբեմն որակվում է որպես «ժողովրդավարության արտահանում»: 21-րդ դարում նախկին խորհրդային տարածքում ժողովրդավարական շարժումները բնութագրվեցին որպես ԱՄՆ-ի կողմից իրականացվող «գունավոր հեղափոխություններ»: Վրաստանի «վարդերի հեղափոխությունից», Ուկրաինայի նարնջագույն հեղափոխությունից, Ղրղզստանի «կակաչների հեղափոխությունից» հետո պետությունների ներքին գործերին միջամտելու` ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքներն ավելի հասցեական դարձան: Մասնավորապես, դրանք ուղղված էին «Բաց հասարակություն» հիմնադրամի նախագահ Ջորջ Սորոսի դեմ, որին պաշտոնանկ արված ղեկավարները և Կրեմլը մեղադրում էին այդ հեղափոխությունները ֆինանսավորելու մեջ: Ինքը` Սորոսը, այսպես է պատասխանել այդևայլ մեղադրանքներին. «Իմ դերը «գունավոր հեղափոխությունների» գործում սխալ է ընկալվել և մեծապես չարաշահվել է Պուտինի և մյուսների, օրինակ` Շևարդնաձեի կողմից, որոնք գերադասեցին մեղադրել ինձ «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու համար, ընդունելու փոխարեն այն փաստը, որ ժողովուրդն է տապալել ռեժիմը Վրաստանում»16:
Միաժամանակ, ավելի վաղ Սորոսը պնդում էր. «Այն, ինչ տեղի է ունենում պետությունների ներսում, կարևոր է ինչպես նրանց հարևանների, այնպես էլ ողջ աշխարհի համար: Ազատության և ժողովրդավարության ամրապնդումը պետք է դիտվի որպես կարևորագույն քաղաքական նպատակ: Այլ երկրների ներքին գործերին միջամտելը կապված է լուրջ բարդությունների հետ, սակայն չմիջամտելը կարող է նույնիսկ ավելի վտանգավոր լինել»:
***
«Վարդերի հեղափոխությունից» հետո նոր իշխանությունները Սահակաշվիլու գլխավորությամբ ձեռնամուխ եղան ներպետական կյանքում արմատական փոփոխությունների իրականացմանը, որոնցից առանցքայինը երկրում առկա լայնածավալ կոռուպցիայի հաղթահարումն էր: Սահակաշվիլին իրականացրեց կանխարգելիչ և պատժիչ միջոցառումներ: Հակակոռուպցիոն պայքարն ընթանում էր «Զրո հանդուժողականություն կոռուպցիայի հանդեպ» կարգախոսի ներքո: Ամենակոռումպացված ոլորտը համարվող ճանապարհային ոստիկանությունը լուծարվեց, ստեղծվեց պարեկային ծառայություն: Ոստիկանական համակարգից հեռացվեցին 10 հազարից ավելի աշխատակիցներ:
Այս գործողությունների արդյունքներով էր պայմանավորված հանրային տրամադրությունների փոփոխությունը ոստիկանության հանդեպ: Այսպես: 2016թ. տվյալներով Վրաստանում ոստիկանությանը վստահում է բնակչության 87 տոկոսը. սա Արևելյան Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշն է:
Հետհեղափոխական Վրաստանում ընդունվեցին այնպիսի օրենքներ, որոնք դյուրացրեցին կոռումպացված պաշտոնյաների կալանավորումը և նրանց գույքի պետականացումն այն դեպքում, եթե նրանք չկարողանան ապացուցել այդ ունեցվածքի ծագման օրինական աղբյուրները: Ձերբակալվեցին մեծ թվով նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ: Վրաստանը կարողացավ կտրել պետության և կազմակերպված հանցագործության՝ Շևարդնաձեի կառավարման տարիներին էլ ավելի ամրացած կապը: Պետական և կազմակերպված հանցագործության առումով, ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության Միջազգային բյուրոյի 2011թ. հաշվետվության, Վրաստանի ցուցանիշներն ամենացածրն էին ողջ Եվրոպայում:
Ըստ Transparency International միջազգային հակակառուպցիոն կազմակերպության կոռուպցիայի ընկալման համաթվի՝ եթե 2002թ. Վրաստանը զբաղեցնում էր 89-րդ տեղն աշխարհում, ապա 2009թ.՝ 67-րդը:
Սկսեցին արագորեն բարեփոխվել օրենքները, տեղեկատվական տեխնոլոգիաները գործադրելով՝ պետական կառավարման ապարատը դարձավ բաց և թափանցիկ: Վերացան վերահսկողական մի շարք կառույցներ: Կրճատվեց նախարարությունների և պետծառայողների թիվը, մնացյալ պետծառայողների աշխատավարձերն աճեցին 15 անգամ:
Լուրջ փոփոխությյուններ կատարվեցին արտաքին քաղաքականության ոլորտում. Վրաստանը որդեգրեց հստակ եվրոպական ուղղություն՝ նախատեսելով ԵՄ անդամակցության հեռանկարը: Անվտանգության ոլորտում հիմնական առանցքը դարձավ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը՝ անդամակցության հեռանկարով: Վրաստանը դադարեցրեց անդամակցությունն ԱՊՀ-ին:
Տնտեսության մեջ Սահակաշվիլուն հաջողվեց հասնել լուրջ քայլերի. հարկային ոստիկանության ստեղծմամբ կտրուկ կրճատվեց ստվերային տնտեսությունը: Վրաստանի տնտեսությունն այդ տարիներին ինֆլյացիայի նվազագույն մակարդակն ուներ: Արձանագրվեց տնտեսական աճ: Աղքատությունը 1998-2003թթ. 28.4 տոկոսից նվազեց 2004-2009թթ. մինչև 24.5 տոկոսի: Գործարարության բարելավման առումով Վրաստանը հասավ այնպիսի արդյունքների, որ մուտք գործեց տնտեսապես արագ զարգացող երկրների շարք:
Չնայած այսևայլ արմատական բարեփոխումներին՝ հեղափոխությունից մի քանի տարի անց Սահակաշվիլու կառավարման հանդեպ ավելացան իշխանության գերկենտրոնացման և իշխանությունների տարանջատման սկզբունքի անտեսման մեղադրանքները:
2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում Սահակաշվիլու ղեկավարած «Միացյալ ազգային շարժումը» պարտություն կրեց: Սահակաշվիլին հայտարարեց, որ դառնում են ընդդիմություն: Պարտության պատճառը համարվում էր վրացական բանտերում իրականացվող աղմկահարույց խոշտանգումների մի քանի դեպքերը, որոնք հանրայնացվեցին ընտրությունների նախօրեին:
2013թ. ավարտվեց նախագահի պաշտոնում Սահակաշվիլու լիազորությունների ժամկետը:
«Վարդերի հեղափոխության» դերը շատ մեծ է Վրաստանի ժողովրդավարացման և արդիականացման, կոռուպցիայի հաղթահարման, արտաքին քաղաքականության հայեցակարգային փոփոխությունների առումով: Վրացական «թավշյա հեղափոխության» և հետագա արմատական բարեփոխումների մեջ առանցքային է հենց Միխայել Սահակաշվիլու դերը՝ Վրաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացման, արդյունավետ կառավարման, արևմտյան արժեհամակարգի և սկզբունքների ներդրման ու այլ կարևոր առումներով:
«Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը դուրս բերեց առաջընթացի և զարգացման ճանապարհ:
- ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ. ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Վարդերի հեղափոխությունը» Հայաստանի հասարակության մեծ մասն ընդունեց ոգևորությամբ՝ վերարթնացնելով հայկական հեղափոխական ձգտումներ: Սակայն ՀՀ ժամանակի գործող իշխանությունը և ընդդիմությունը «վարդերի հեղափոխությունն» ընդունեցին փշերով: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեղափոխության օրերին Հ1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց. «Հայաստանում վրացական սցենարը չէր կարող աշխատել». դրա նախադրյալները չկային: «Որտե՞ղ կլիներ ընդդիմությունը Հայաստանում, եթե գնար այդ ճանապարհով», – սպառնալից նկատեց Քոչարյանը՝ խորհուրդ տալով չարթնանալ «ուրիշի հեղափոխության խումհարից»:
Հեղափոխության նախադրյալները, որոնց հիմքերը դրվել էին դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին, իրականում ավելի խորացան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքում: Դրանք էին՝
– ազատ ընտրական համակարգի ոտնահարումը, ընտրախախտումներն ու ընտրակեղծումները, որոնք ուղեկցել են 1995, 1999, 2003, 2007, 2012, 2017թթ. ԱԺ բոլոր ընտրություններին, երբ իշխանությունը կամ իշխանական դաշինքները խորհրդարանում մեծամասնություն են կազմել: 1996, 2003, 2008, 2013թթ. ՀՀ նախագահի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներից և ոչ մեկը, ըստ ԿԸՀ-ի, չի դարձել ՀՀ նախագահ: Իշխանությունը միշտ բռնազավթվել է,
– համակարգային կոռուպցիան. ըստ Transparency international-ի 2017թ. տվյալների՝ 180 երկրների շարքում կոռումպացվածության մակարդակով ՀՀ-ն 107-րդն է: Հայաստանին նախորդում է Տանզանիան, հաջորդում՝ Եթոպիան,
– սոցիալական բևեռացումը և աղքատությունը. 2016թ. պաշտոնական տվյալներով՝ շուրջ 3 մլն բնակչության ունեցող Հայաստանում աղքատ է շուրջ 1 մլն մարդ ,
– անարդար և կախյալ դատական համակարգը, սահմանադրական արդարադատության և օրենքի գերակայության բացակայությունը,
– փաստացի միակուսակցական համակարգի առկայությունը. ըստ ԱՄՆ պետքարտուղարության 2015թ. զեկույցի՝ «Տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներն են եղել ՀՀԿ-ի գերակա իշխանությունը պահպանելու համար պաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսների օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու և դատաիրավական համակարգերը կոռումպացնելու նպատակով»,
– ազատական տնտեսության չկայացածությունը և մենաշնորհների առկայությունը,
– ավտորիտար կառավարումը. «Հետխորհրդային տարածքի պետությունների իշխանությունների մեծ մասը կոռումպացվածի համարում ունեն, որոնց հիմնական նպատակն է իշխող քաղաքական էլիտայի համար ստեղծել նպաստավոր պայմաններ կոռուպցիայի հետևանքով էլ ավելի հարստանալու համար: Իսկ ավտորիտար կառավարումը երաշխավորում էր նրանց հարստացումը կոռուպցիայի ճանապարհով», – նկատում է շվեդ տնտեսագետ Անդերս Ասլունդը :
1996թ.-ից ի վեր ՀՀ նախագահի յուրաքանչյուր ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո երկրում հեղափոխական իրավիճակ է առաջացել, որը հանգեցրել է ապստամբությունների, որոնք, սակայն, ձախողվել են:
2008թ. ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած համաժողովրդական շարժումն ավարտվեց ընդդիմադիր գործիչների ձերբակալությամբ և Մարտի 1-ի արյունալի դեպքերով: Այսպես, Ռոբերտ Քոչարյանն իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին: 2013թ. ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների կեղծումից հետո Սարգսյանը դարձյալ բռնազավթեց իշխանությունը:
Նույն թվականի վերջին Սարգսյանը ձեռնամուխ եղավ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի մշակմանը՝ խորհրդարանական կառավարման անցնելու միջոցով հաղթահարելու իր կառավարման 3-րդ ժամկետի սահմանադրական արգելքը: 2014թ. ապրիլի 10-ին ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծով պետության ղեկավար պետք է դառնար ԱԺ-ի կողմից ընտրված վարչապետը։ Նույն օրը Սարգսյանը հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»25։
2015թ. դեկտեմբերի 6-ին հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվեց լայնածավալ ընտրախախտումներով: 2018թ. նախագահության երկրորդ ժամկետի ավարտից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի բացառվում առաջադրվի վարչապետի պաշտոնում։
Սարգսյանի հրաժարականի պահանջով 2016թ. հուլիսի 16-ի առավոտյան զինված «Սասնա ծռեր» զինյալ խմբավորումը Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ գրավում է Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գունդը: Հուլիսի 31-ին «Սասնա ծռերը» վայր են դնում զենքերը՝ հանձնվելով իշխանություններին: ՊՊԾ գնդի գրավումը և հանձնումն ավարտվում են առանց Սարգսյանի հրաժարականի:
Սեպտեմբերին Սարգսյանը ցրում է կառավարությունը և վարչապետ նշանակում Կարեն Կարապետյանին: Սակայն ներհայաստանյան կյանքը բարելավման և առաջընթացի հույս չի ներշնչում: 2017թ. վարչական միջոցների կիրառմամբ, համատարած ընտրակաշառքի բաժանմամբ անցկացված ԱԺ ընտրությունները ներհայաստանյան կյանքում ավելի մեծացրեցին հասարակության հուսահատությունը և խորացրեցին ատելությունը Սարգսյանի և ՀՀԿ-ի կառավարման հանդեպ՝ նվազեցնելով ընտրություններով իշխանափոխության հասնելու հնարավորությունները՝ թողնելով քաղաքական փոփոխությունների մեկ ճանապարհ՝ հեղափոխությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը 2018թ. մարտի 30-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարեց, որ ՔՊ-ն մշակել է դիմադրության ծրագիր՝ հասնելու Սարգսյանի հրաժարականին՝ բացառելով ուժային մեթոդների կիրառումը և իրականացնելով բաց, մերկ ձեռքերի թավշյա հեղափոխություն. «Եթե ժողովուրդը 100 հազարներով դուրս գա փողոց և իր կամքը ցուցադրի, վարչապետի թեկնածուն կլինի ժողովրդի թեկնածուն, նա, ում կընտրի ժողովուրդը հրապարակում»:
Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանն իր փոքր խմբով Գյումրիից սկսեց 14 օր տևողությամբ քայլարշավ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետի։ Ապրիլի 13-ին քայլերթը հասավ Երևան՝ Ազատության հրապարակում հրավիրելով առաջին հանրահավաքը: Բողոքի միջոցառումներին միացել էին «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության և «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները: Դեպքերը սկսեցին զարգանալ մեծ արագությամբ: Բողոքի միջոցառումները, որոնք ընթանում էին «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսի ներքո, զանգվածային և կտրուկ բնույթ կրեցին՝ փողոցների և կամուրջների արգելափակում, դասադուլներ և գործադուլներ, որոնք ծավալվեցին ողջ Հայաստանով: Հայկական թավշյա հեղափոխությանը մեծապես աջակցում էր սփյուռքահայությունը: Հեղափոխությունն իր վրա էր սևեռել միջազգային մամուլի ուշադրությունը:
Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն ԱԺ-ում 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով ընտրվում է ՀՀ վարչապետ:
Ապրիլի 23-ին Երևանի «Մարիոթ» հյուրանոցում Փաշինյան-Սարգսյան բանակցություններն ապարդյուն անցան: Սերժ Սարգսյանը հեռացավ՝ ԶԼՄ-ների ներկայությամբ սպառնալից հիշեցնելով Մարտի 1-ի դասը: Այս հայտարարությունը կտրուկ մեծացրեց համաժողովրդական դժգոհությունը՝ դառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականի ազդականչը: Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով. «Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը»։ Սարգսյանի հրաժարականը ցնծությամբ ընդունվեց Հայաստանում և Սփյուռքում:
Մայիսի 8-ին Ազգային ժողովը համաժողովրդական ճնշմամբ երկրորդ դժվար փորձից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին: Իր ելույթում Փաշինյանը հայտարարեց. «Ներքաղաքական կյանքի բոլոր մասնակիցներս հանգել ենք լռելյայն մի համաձայնության, որ վե՛րջ, բռնությունն այլևս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում, ներհայաստանյան հարաբերություններում ավտոմատները պետք է լռեն հավիտյան, և ժողովրդական կամքի անառարկելիությունը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ պետք է տեղի ունենան հայկական պետականության հետագա կայացումն ու հզորացումը»28:
Վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությամբ Թավշյա հեղափոխությունը հասավ հաղթական հանգրվանի՝ Հայաստանը կանգնեցնելով արմատական փոփոխությունների իրականացման հրամայականի առջև:
***
Հայկական «թավշյա հեղափոխության» և վրացական «վարդերի հեղափոխության» ընդհանրություններն ակնհայտ են.
- Բողոքի միջոցառումները սկսեցին մի խումբ երիտասարդներ՝ Վրաստանում՝ «Կմարան», Հայաստանում՝ «Իմ քայլը»:
- Երկու հեղափոխություններն էլ երկրի ղեկավարի հրաժարականին հասան 20-օրյա բողոքի գործողությունների արդյունքում:
- Իշխանության եկան հեղափոխության նախաձեռնող նոր ուժերը, որոնք էլ ձևավորեցին նոր կառավարություն՝ քաղաքական և կառավարման փորձառության պակասով ու դրանից բխող հետևանքներով:
- Կարգախոսները բովանդակային առումով նման էին՝ «Վրաստանն առանց Շևարդնաձեի» և «Մերժի՛ր Սերժին»:
- Երկու հեղափոխություններն էլ ունեին իրենց խորհրդանիշները՝ վարդերը՝ Վրաստանում, ուսապարկը՝ Հայաստանում:
- Հեղափոխությունները սկիզբ դրեցին ազատ, օրինական ընտրությունների անցկացմանը:
Ակնհայտ են նաև երկու երկրների հետհեղափոխական զարգացումների որոշ տարբերություններ.
- Վրաստանը որդեգրեց ընդգծած արևմտյան ուղղություն՝ վերանայելով արտաքին քաղաքական ուղեգիծը:
- Հայաստանը շարունակեց ՀՀԿ-ի քաղաքականությունը. Փաշինյանը վերանայեց ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության դադարեցման իր մոտեցումը՝ հայտարարելով, որ արտաքին քաղաքական օրակարգի փոփոխություն չի նախատեսվում:
- Վրաստանը հաղթահարեց համակարգային կոռուպցիան հետևողական մշակված քայլերի միջոցով: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հետհեղափոխական արդյունավետությունն աստիճանաբար թուլացավ:
- Սահակաշվիլին նոր քաղաքական մտածողություն ձևավորեց, քաղաքական միտք բերեց, Հայաստանի քաղաքական համակարգում քաղաքական միտքը բացակայում է: Հեղափոխությունը ևս չլուծեց այդ հարցը:
- Հայկական թավշյա հեղափոխությունը տարաբնույթ պատճառներով սկսեց տեղապտույտ տալ՝ առաջացնելով որոշակի մտահոգություններ Հայաստանի ներկայի և ապագայի համար: Փաշինյանը չկարողացավ արդյունավետ օգտագործել համազգային միասնականությունը՝ ազգային և պետական կարևոր խնդիրներ առաջադրելով և լուծելով:
- Վրացական ԶԼՄ-ներն ազատ էին և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հետո: Հայաստանում ազատ են թերթերը և համացանցային ԶԼՄ-ները, իսկ հեռուստաընկերություններում մշտապես բացակայում է բազմակարծությունը:
Չնայած այսևայլ ընդհանրություններին և տարբերություններին՝ թե՛ վրացական, թե՛ հայկական թավշյա հեղափոխությունները ստեղծեցին երկրի զարգացման և առաջընթացի մեծ հնարավորություններ՝ ապահովելու երկրների արդիականացումն ու մրցունակությունը, ժողովրդավարությունն ու զարգացումը:
Այդ հեղափոխությունների պատմաքաղաքական նշանակությունը, ազդեցությունը քաղաքական և տարածաշրջանային գործընթացների վրա անուրանալի է:
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)