Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն դժվար հարեւաններ ունի». ամերիկացի պաշտոնյան՝ Իրանի մասին

Հոկտեմբեր 16,2018 13:59

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ առաջիկայում ՀՀ սպասվելիք այցին,  նշեց, որ նա կլինի նաեւ կովկասյան տարածաշրջանի այլ երկրներում ու Մոսկվայում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱՄՆ-ի համար ի՞նչ նշանակություն ունի այն փաստը, որը ՀՀ-ն սերտ գործակցում է ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնված Իրանի դեմ: «ԱՄՆ-ն հասկանում է, որ ՀՀ-ն օրհնյալ քաղաքացիներ ունեցող երկիր է, բայց նա դժվար հարեւաններ ունի: Հասկանում ենք այն մարտահրավերները, որոնք ՀՀ-ի առաջ են՝ տարածաշրջանային առեւտրի տեսանկյունից, սակայն մեզ շարունակում են մեծապես մտահոգել Իրանում ռազմական եւ պետական տարրերը, որոնք նպաստում են տարածաշրջանային անկայունությանը»,-նախ ընդգծեց Ջորջ Քենթը:

Նա հիշեցրեց՝ ԱՄՆ-ն տարիներ առաջ մի քանի այլ երկրների հետ բանակցեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն դա չօգնեց, որպեսզի Իրանը վերջ տա իր ապակայունացնող դիրքորոշմանը. «Նա աջակցում է Սիրիայում Ասադի ռեժիմին, «Համաս»-ին, «Հիզբալլահ»ին…Այդ քաղաքականության պատճառով անմեղ քաղաքացիներ են տուժում Սիրիայում: Բոլթոնի այցի ժամանակ կարելի է ակնկալել շիտակ քննարկումներ՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»:

Լրագրողների հարցին, թե արդյոք հնարավո՞ր են ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ Իրանի բարեկամ ՀՀ-ի հանդեպ, Ջորջ Քենթը չպատասխանեց, միայն նշեց. «Մեր պատժամիջոցների թիրախում կոնկրետ իրանական ընկերություններ են: Հայկական ընկերությունները, ինչպես եւ վրացական ու  ադրբեջանական, պետք է իմանան, թե ովքեր են իրենց իրանական գործընկերները: Այո, մենք հորդորում ենք որոշ իրանական ընկերությունների հետ առեւտրային հարաբերություններ չձեւավորվել, քանի որ հնարավոր է՝ դրանք պատժամիջոցների տիրույթում լինեն»:

Քենթը նաեւ հայտնեց, որ պատժամիջոցների հարցերով մասնագիտացած ամերիկացի պաշտոնյաները նոյեմբերին կայցելեն ՀՀ՝ իրանական ընկերությունների հետ առեւտրային հարցերի շուրջ հանգամանալից խոսելու հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031