Հայաստանի հաշվեքննիչ պալատը Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում լայնածավալ արտահերթ ստուգումներ է իրականացրել։ Նորակերտի գյուղապետարանում ստուգումներ իրականացնելու առիթ հանդիսացել է մայիսի 29-ին Արմավիրի մարզի դատախազությունում պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրգործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նշենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Նորակերտի մի շարք բնակիչներ բողոքի ակցիա էին անցկացրել՝ պահանջելով 16 տարվա գյուղապետ Շահեն Կարապետյանի հրաժարականը, ինչից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ուսումնասիրություն անցկացրեց գյուղապետարանում։ Դրա արդյունքների հիման վրա նախարար Սուրեն Պապիկյանը դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Նախարարը հայտնել էր, որ Նորակերտի գյուղապետի եւ ավագանու իրականացրած գործողություններում առկա են քրեական օրենսդրությամբ սահմանված հանցակազմի առերեւույթ տարրեր, եւ խնդրել էր քրեական գործ հարուցել։ Բայց սա դեռ ամենը չէ։ Բացի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից Նորակերտի գյուղապետարանում ստուգումներ իրականացրել է նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք սկսվել են այս տարվա հուլիսի 2-ից մինչեւ օգոստոսի 3-ը ներառյալ։ Այսպես, ըստ հաշվեքննիչ պալատի՝ գյուղի մանկապարտեզի տնօրենին եւ հաշվապահին հաշվարկվել եւ վճարվել է ընդհանուր 1 մլն 389 հազար դրամ աշխատավարձ։ Միայն մանկապարտեզի տնօրենին ավել վճարվել է 785 հազար 800 դրամ, իսկ հաշվապահին՝ 604 հազար դրամ։ Սա այն դեպքում, երբ մանկապարտեզը փաստացի չի գործել, իսկ աշխատողները գտնվել են հարկադիր պարապուրդում։
Ավելին, գյուղապետարանը դեռեւս 2016 թվականի մարտի 3-ին պայմանագիր է կնքել «Երան Վիլսոն» Ա/Ձ-ի հետ. կնքել է 337 հազար 500 դրամի պայմանագիր համայնքի տարածքում գործող հիմնարկների կին աշխատողների համար կանանց միամսյակի առթիվ նվերներ տրամադրելու նպատակով։ Նվերները պետք է բաժանվեին 81 հոգու։ Սակայն հաշվեքննիչ պալատը բացահայտել է, որ նվեր ստացողների ցանկում ներառված են եղել տղամարդ աշխատողների անուններ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կանանց որպես նվեր բաժանվել է սուրճի բաժակներ։ Իհարկե, մարտի 8-ին սուրճի բաժակ ստացողների մեջ եղել են նաեւ տղամարդիկ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գյուղապետարանը անցած տարում մարտի 8-ի առթիվ նվերների համար ծախսել է 441 հազար դրամ, իսկ այս տարվա համար՝ 430 հազար դրամ։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում