Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվեց եւ միաձայն ընդունվեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի կանոնակարգը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական պատմությունը մոտ 20 տարվա վաղեմություն ունի, բայց ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ընդունումից հետո նախատեսվում է ԵՄ-Հայաստան խորհրդարանական ձեւաչափի մակարդակի բարձրացում: Այսուհետեւ միջխորհրդարանական ձեւաչափը կոչվելու է ոչ թե ԱԺ համագործակցության, այլ՝ գործընկերության, սա նշանակում է, որ խորհրդարանի լիազորություննները մեծանում են, խորհրդարանական ձեւաչափը կարող է ունենալ համանախագահներ, ոլորտային ենթահանձնաժողովներ ստեղծել ու կարող է վերահսկող դեր ունենալ:
Աշոտյանն ասաց, որ մինչեւ ԱԺ-ն ցրվի, պետք է հասցնեն այս ձեւաչափը հաստատել, որով մեկ աստիճանով կբարձրանա ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը: «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԱԺ խորհուրդը լիազորված չէ հաստատել այս կանոնակարգը, դրան պետք է համաձայնություն տա ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
Արմեն Աշոտյանը նշեց, որ ԱԺ խորհրդի անդամները գտել են, որ իրավական խնդիր կծագի, եթե իրենք հաստատեն այն, ուստի եղած իրավական դաշտում լուծումներ կտան, բայց ճիշտը ԱԺ խորհրդի հաստատումն է:
Կանոնադրության ձեւակերպումները համադրելի են ասոցացված երկրների միջեւ ԵՄ-ի ստորագրած փաստաթղթի ձեւակերպումների հետ, համաձայնագիրը տիպային է՝ որպես գործընկերության ձեւաչափ: Ըստ Աշոտյանի, այսօր հավանություն տալով կանոնակարգին՝ ԱԺ-ի համար լավ հիմք է ստեղծվում իր լիազորությունների շրջանակներում խորացնելու իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց. «Ես հասկանում եմ, որ այս ամեն ինչը արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է քննարկել, բայց մենք ունենք նաեւ Եվրաինտեգրման հանձնաժողով, սա կարծես իրենց զբաղվելու առարկան է»: Այլ կերպ ասած՝ հարց է առաջանում, թե ինչու է Աշոտյանը ղեկն իր ձեռքը վերցրել, երբ կա կոնկրետ ոլորտային հանձնաժողով, որի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է:
Աշոտյանն էլ պատասխանեց. «Իրականության մեջ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Եվրաինտեգրման հաձնաժողովի մանդատները համադրվում են, ոչ թե հակադրվում»: Նա ասաց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով երկու հանձնաժողովներն էլ իրավունք ունեն քննարկել, «Բաց ասեմ՝ ՀՀ-ի կողմից ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափի ղեկավարը ես եմ, ով միաժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է, հարցը մեղմանում է նրանով, որ տիկին Զոհրաբյանը հանդիսանում է մեր պատվիրակության անդամ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ