ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հանդիպումներ է ունեցել ԵԽԽՎ ղեկավարության հետ։ Քննարկման առանցքում, ըստ Նազարյանի՝ եղել են ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների միակողմանի հայտարարությունները, որոնք ապակողմնորոշել են կառույցի ներկայացուցիչներին։
Թեմայի եւ ներքաղաքական զարգացումների շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է Լենա Նազարյանի հետ։
– Տիկին Նազարյան, անցյալ շաբաթ մեկնել էիք Ստրասբուրգ եւ ԵԽԽՎ-ում մի շարք հանդիպումներ եք ունեցել կառույցի ղեկավար կազմի հետ։ Նպատակը ո՞րն էր։
– Տեղեկացնելու, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում ու ինչ զարգացումներ են հեղափոխությունից հետո ընթացել։ Ես հարկ համարեցի կառավարության առաջնահերթությունների եւ արտահերթ ընտրությունների մասին տեղեկացնել ԵԽԽՎ-ի ղեկավարությանը։
– Քննարկման առանցքում հատկապես ի՞նչն էր։
– Վերջերս եղավ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողի հայտարարությունը, որտեղ նշված էին որոշ դրույթներ, որոնց վերաբերյալ մենք ունեինք վերապահումներ։ Մասնավորապես, զեկույցում նշված էր, որ Երեւանի ավագանու ընտրություններում հանրային մասնակցությունը ցածր է: Սա տարօրինակ հայտարարություն էր, որովհետեւ եվրոպական երկրներում մասնակցության տոկոսը մոտ է մեր մասնակցության ցուցանիշին կամ շատ քիչ է տարբերվում։ Այդ հայտարարությունը բխում էր հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների խոսքերից, որը ներկայացնում են ՀՀԿ-ականները։
Հարկ համարեցի ԵԽԽՎ ղեկավարությանը ներկայացնել իմ մտահոգությունները եւ առաջիկայում, երբ համազեկուցողները գան Հայաստան, լսեն բոլոր կողմերի կարծիքները եւ օբյեկտիվ պատկեր ներկայացնեն իրենց զեկույցներում։ Նոյեմբերին համազեկուցողի այց է նախատեսվում։
– ԵԽԽՎ-ում Ձեր դիտարկումները ինչպե՞ս ընդունեցին, մասնավորապես, այն մասով, որ միակողմանի զեկույց էին հրապարակել՝ հիմնվելով միայն պատվիրակության ՀՀԿ-ական ներկայացուցիչների խոսքերի վրա։
– Այդ իրավիճակն արդեն վերլուծել էին ԵԽԽՎ-ում, եւ նրանց դուր չէր եկել, որ ոչ օբյեկտիվ գնահատականը ինչ-որ առումով կարող է ստվերել նրանց հեղինակությունը։
– ԵԽԽՎ ղեկավարության հետ քննարկել եք նաեւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Ի վերջո, նո՞ր, թե՞ հին տարբերակով են անցկացվելու ընտրությունները։
– Ես տեղեկացրեցի, որ ԸՕ-ի նոր նախագիծը ներկայացվել է հանրությանը՝ քննարկման համար, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողով է ներկայացվել; Հոկտեմբերի 16-ին առաջին փոխվարչապետը լինելու է մեր խմբակցությունում եւ ներկայացնելու է օրենսգրքի փոփոխությունները։ Կարծում եմ, որ այդ ուղղությամբ գործընթացները շարունակվում են եւ շատ հուսով եմ, որ կկարողանանք նոր ԸՕ-ով ընտրությունների մասնակցել։
– Ի վերջո, կարո՞ղ ենք փաստել, որ Ձեր այցից հետո ԵԽԽՎ-ում կարծիք փոխվեց։
– Ես համոզվեցի, որ ԵԽԽՎ-ի ներկայացուցիչները շատ դրական են տրամադրված։ Լավ տպավորություն ունեն, թե ինչպես տեղի ունեցավ հեղափոխությունը։ ԵԽԽՎ նախագահը շնորհավորեց Հայաստանին։ Նրանք պատրաստվում են արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելությամբ գալ Հայաստան։ Իրենց տպավորությունները դրական են, քան փորձում են ներկայացնել ՀՀԿ-ականները։
– Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունը կոռումպացված է: Այս մասին Դուք ԵԽԽՎ ղեկավարությանը տեղեկացրի՞ք կամ վարչապետի հայտարարությունը նրանք լսե՞լ էին։
– Իմ հանդիպումների ժամանակ ես անդրադարձել եմ համազեկուցող Յուլյա Լովոչկինայի հայտարարությանը, որն ազդված էր ԱԺ-ից ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամների խոսքերից։ Ըստ էության, նա կրկնում էր ՀՀԿ-ին։ Իրենք լավ չեն վերաբերվում կողմնապահ հայտարարություններին։
– Տիկին Նազարյան, ԵԼՔ խմբակցությունը ԵԽԽՎ-ում ունի ներկայացուցիչ՝ Էդմոն Մարուքյանն է: Ինչո՞ւ Դուք գնացիք, վստահության խնդիր կա՞ր։
– Բացարձակ վստահության խնդիր չկա, պարոն Մարուքյանն այդ նստաշրջանի աշխատանքներին պետք է մասնակցեր, լիներ հանձնաժողովներում։ Ես ազատ էի այդ պարտականություններից եւ կարող էի իմ ժամանակը տրամադրել այդ հանդիպումներին։ Ես ունեցա ութ հագեցած հանդիպում եւ դա հնարավոր չէր համատեղել նիստերի աշխատանքների հետ։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում