ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն այսօր կնշանակվի Սյունիքի մարզպետ: Որոշման նախագիծը ներառված է կառավարության նիստի օրակարգում:
Նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Պողոսյանն ասաց, որ սպասում էր որեւէ պաշտոնի նշանակման. «Կոնկրետ մարզի մասով ոչինչ չեմ կարող ասել, բնականաբար ինչ-որ բաներ սպասում էի»:
Հունան Պողոսյանի խոսքերով՝ «Կարծում եմ՝ ես նոր Հայաստանի կողմնակից եմ»:
Իր նշանակման մասին քննադատություններին ի պատասխան, Հունան Պողոսյանն ասաց, որ նորմալ է վերաբերվում դրանց, առանց քննադատության անհնար է:
«Դե դրանք ստրկամիտ մարդիկ են, էդպես կարող են մտածել: Ես ծառայելով օրենքին՝ ծառայել եմ ժողովրդին»,-ասաց Սյունիքի մարզպետի թեկնածուն՝ ի պատասխան դիտարկման, թե նա, ըստ որոշ կարծիքների, հին ռեժիմի ծառայող է եղել:
Հարցին՝ ՏԻՄ մարմիններում աշխատելու փորձ չունի, ինչպե՞ս է աշխատելու, Պողոսյանը խոստացավ փորձել:
Որպես մարզպետ առաջնահերթ լուծելու խնդիրը Պողոսյանը համարում է փոխվստահության մթնոլորտ ստեղծելը.«Որ ժողովուրդը հասկանա՝ ինքն է իրավիճակի տերը»:
Հաշվի առնելով, որ Հունան Պողոսյանը փոխոստիկանապետի պաշտոնից հրաժարական տվեց նախկին իշխանության հետ, արդյոք սա չի՞ նշանակում, որ ինքը ՀՀԿ թիմի անդամ է, նա պատասխանեց. «Դա սխալ ընկալում է: Ես նախկինում էլ ութ տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար էր պետք, կարճ դադարը եղավ, ու դրանից հետո մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ