Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսը՝ ռուսական կայսերապաշտության վերջին հանգրվան. վտանգներ եւ հնարավորություններ Հայաստանի համար

Հոկտեմբեր 16,2018 22:00

Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցուն ինքնուրույնության՝ ավտոկեֆալիայի պաշտոնական տրամադրումը՝ տոմոսը Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքարանի կողմից եւ Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա հիմնելու երկկողմ պայմանավորվածությունը սեւեռեց Մոսկվայի ուշադրությունը Բելառուսի ուղղությամբ։

Ակնհայտ է, որ «ռուսսկի միռ»-ի ի սկզբանե սնանկ գաղափարախոսությունը սնանկանում է նաեւ գործնական առումով, եւ Մոսկվան առանց դեմքը կորցնելու չի կարող մարսել այս գործընթացը։

Համաձայն ոչ պաշտոնական տեղեկատվության՝ բելառուսական Մոգիլյովում կայացած՝ Լուկաշենկո-Պուտին հանդիպմանը բավականին խոսակցություն է տեղի ունեցել. Մոսկվան «հաշիվ» է ներկայացրել Բելառուսի ղեկավարին, որը պետք է արդեն «փակվի»։ Տասնամյակներով Մինսկը «կերակրել» է Մոսկվայի կայսերապաշտներին «վերամիավորման», «դաշնային պետության», «սլավոնական եղբայրության» եւ համանման կարգախոսներով՝ դիմացը ստանալով էժան էներգառեսուրսներ, վարկեր, մուտք դեպի ռուսական շուկա։ Մյուս կողմից, հաստատելով երկրում բացահայտ ավտորիտար ռեժիմ եւ վաստակելով «Եվրոպայի վերջին բռնապետության» անպատվաբեր կոչումը, Լուկաշենկոն Մոսկվայի միջոցով է ապահովել իր երկրի կապերն արտաքին աշխարհի հետ՝ չընկրկելով տեղի քաղաքացիական հասարակության եւ Արեւմուտքի քննադատությունների առաջ, նույնիսկ մահապատիժը չվերացնելով, այդ հարցում էլ լինելով Եվրոպայում վերջինը։

Բայցեւ Լուկաշենկոն մտադիր չէ ընկրկելու նաեւ Ռուսաստանի առաջ. Բելառուսը հրաժարվում է միանալ Ռուսաստանին, Վանուատուին եւ Նաուրուին՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու հարցում, պահպանում է բարիդրացիական հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ խուսափելով հարաբերություններից բռնակցված Ղրիմի եւ այսպես կոչված՝ «ԼՆՌ-ԴՆՌ»-ի հետ: Մյուս կողմից, վաճառելով ռուսական «Գազպրոմին» իր տարածքով անցնող տարանցիկ գազատարները բավականին թանկ գնով, ի տարբերություն Հայաստանի, որտեղ «պարտքի դիմաց» էր կամ «հանուն բարեկամության», Մինսկը հրաժարվում է իր տարածքում տեղակայել ռուսական ռազմաբազաներ, ինչի վերաբերյալ Մոսկվան բազմիցս է հորդորել։ Սակայն դրա հետ մեկտեղ, Եվրասիական ավտորիտար ինտերնացիոնալի շահերից բխող բոլոր հարցերում Մոսկվան, հանձին Լուկաշենկոյի, ունեցել է հավատարիմ դաշնակից, ավելին՝ շատ հարցերում նաեւ «ուսուցիչ», այն բոլոր հարցերում, ինչը վերաբերում է սովետական «ժառանգության» պահպանմանը, ընդդիմության նկատմամբ կենտրոնացված բռնաճնշումներին եւ քաղաքականության «սպանությանը» երկրի ներսում, ոստիկանապետության, «ուժեղ ձեռքի» իշխանության «արժեքների» հաստատմանը, մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակմանը։

Սակայն ժամանակները փոխվել են։ Ճիշտ է, պաշտոնական Մինսկը մտադիր չէ դեմ դուրս գալ Մոսկվային միջազգային թատերաբեմում, քանզի կախվածությունը ռուսական շուկայից եւ էներգակիրներից, իսկ Արեւմուտքից՝ մերժվածությունն առայժմ այն աստիճանի է, որ գործը կհասնի կոլապսին, բայցեւայնպես Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները եւ ռուսական «հակապատժամիջոցները» Մինսկի համար մանեւրի դաշտ են բացել թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով։

Ակամայից, որքան էլ որ նա անցյալում ճնշել է մամուլը եւ ընդդիմախոսներին, փոփոխված իրավիճակում նա երկրի ներսում ունի բազմաթիվ «դաշնակիցներ», որոնք երկրի ինքնիշխանության, պաշտպանունակության հարցերում նրան կարող են նեցուկ դառնալ՝ դա հենց այդ ճնշված մամուլն է, քաղաքացիական հասարակությունը, բելառուսախոս երիտասարդությունը եւ մտավորականությունը։ Բացի դրանից, ինչ-ինչ, բայց Լուկաշենկոն հարեւանների տարածք չի ներխուժել, չի բռնակցել, այլ երկրներում քիմիական զենք չի կիրառել, միջուկային ահաբեկչությամբ չի տարվել՝ ի տարբերություն «ավագ եղբոր»։ Եվ ունենալով կրիմինալ եւ կոռուպցիոն մտածողությունից զերծ, հանդարտ բնավորությամբ, կարգապահ եւ օրինապաշտ ժողովուրդ, որը նաեւ չի մոռացել հարուստ պարտիզանական ավանդույթները, Լուկաշենկոն ունի բոլոր հնարավորությունները ներկայացնելու այն բոլոր խոչընդոտները, որոնք կհայտնվեն ռուսների ճանապարհին, եթե նրանք անգամ փորձեն «ավանդական»-կացնային մեթոդներով «վերածնել» Ռուսական նեոկայսրությունը։

Բելառուսն իր «սեպտեմբերի 3-ը» վաղուց է անցել, եւ ռուսներին մնալու է միայն ուղղակի «անշլյուսի» ենթարկել այդ՝ Եվրոպայի աշխարհագրական կենտրոնում գտնվող երկիրը։ Ի դեպ, այդ վտանգի մասին օրերս ուղիղ տեքստով նախազգուշացրել է հայտնի ռուս տնտեսագետ եւ վերլուծաբան Վլադիսլավ Ինոզեմցեւն իր՝ «Ուղղություն դեպի Մինսկ» հոդվածում՝ նշելով, որ արեւմտյան քաղաքական շրջանակները պատրաստ չեն անգամ քննարկել նման սցենարը։

Ռուսական քաղաքականության տոտալ ձախողումը բոլոր ուղղություններով Մոսկվային դարձնում է էլ ավելի ագրեսիվ եւ անկանխատեսելի, հատկապես՝ իր հարեւանների նկատմամբ։ Մյուս կողմից՝ Մոսկվայի քաղաքական-դիվանագիտական եւ ռազմաքաղաքական ռեսուրսն անսահմանափակ չէ բոլոր դեպքերում, իսկ Արեւմուտքի հնարավոր հակազդեցությունն ընդունակ է չեզոքացնելու այդ նկրտումները, եթե առկա է դրա անհրաժեշտության գիտակցումը եւ դրանից բխող քաղաքական որոշումը։

Զարգացումները բելառուսական ուղղությամբ Հայաստանին տրամադրում են որոշակի ժամանակային ռեսուրս, քանզի բնական է, որ Մոսկվան իր սահմանների ամբողջ պարագծով չի գնա ապակայունացման։ Սակայն Մոսկվայի ագրեսիվության եւ անկանխատեսելիության աճն ինքնին մարտահրավեր է բոլոր հարեւանների համար, եւ այդ սպառնալիքի չափն ուղիղ համեմատական է առկա ազդեցության աստիճանին։ Բնական է թվում, որ երկկողմ հարաբերությունների հարթության վրա բազմաթիվ հարցեր են մնում, որոնք կարիք ունեն, որ պաշտոնական Երեւանը եւ Մինսկը քննարկեն, մտքեր փոխանակեն, գոնե միմյանց դեմ ակամայից քայլեր չանելու միտումով։

Բացի դրանից, Բելառուսի ղեկավարության բացահայտ մեղքով է, որ այդ երկրի, նրա ներուժի նկատմամբ առկա է խիստ կարծրատիպային մոտեցում՝ որպես «պահածոյացված ԽՍՀՄ», մինչդեռ իրականությունը միանգամայն այլ է. Բելառուսն այլեւս Ռուսաստան չէ եւ Ռուսաստան չի դառնա։ Իսկ դա, ինչպես եւ Ուկրաինայի պարագայում, մեծացնում է Ազատ եւ Անկախ Հայաստանի շանսերը:

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Լուսանկարում` Մինսկ-ԵրեւանՄինսկի Անկախության հրապարակը

«Առավոտ»

16.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտյոմ says:

    Ցանկացած քաղաքական հիմնավորումից զուրկ մի նյութ: Դա այն է ինչը հիմա արդի է Հայաստանում?

  2. Մարինա says:

    Ազատ և Անկախ լինում են միայն գերտերությունները, այն էլ՝ մասնակիորեն։ Հոդվածի հեղինակը նախ պետք է ցույց տար, թե ինչ պարամետրերով է գնահատում ՀՀ Ազատ և Անկախ լինելը, այնուհետև ապացուցեր, որ իր ասածը ճշմարիտ է և օբյեկտիվ, ապա նոր սկսեր շարադրել իր մտքերը։ Հակառակ դեպքում այս ամբողջ նյութը իմաստազուրկ է և մեռած։ Ուղղակի հակառուսական հիստերիայի սրացման ստադիա է։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031