«Նոր Հայաստան-Հին Հայաստան» հակադրությանը ես վերաբերվում եմ որոշ վերապահումներով: Այդ բաժանումը խիստ պայմանական է ոչ միայն Երրորդ հանրապետության տարբեր փուլերի, այլեւ ընդհանրապես մեր ժողովրդի՝ պետություն կառուցելու երեք վերջին փորձերի եւ դրան նախորդած բոլոր դարերի տեսանկյունից: Հայաստանը, ի վերջո, մեկն է, եւ ցանկացած ժամանակաշրջանում կարելի է գտնել թե՛ դրական, թե՛ բացասական դրսեւորումներ: Ասել, թե ահա եկել է նոր քաղաքական թիմ, որը զերծ է լինելու թերություններից, կամ որը երկնային դրախտ կկառուցի այս տարածքում, մեղմ ասած, խիստ չափազանցություն կլիներ:
Բարիկադների կարիք, իրոք, այլեւս չկա: Որովհետեւ, մեծ հաշվով, չկա այն ուժը, որը կկանգնի բարիկադների «այն կողմում»՝ թեթեւ խլրտոցները հաշիվ չեն: Անցյալի թացն ու չորը խառնող հեղափոխական պաթոսի (երբեմն դա «զոմբիացում» են անվանում) կարիքը նույնպես, կարծում եմ, չկա: Եթե այս կամ այն քաղաքական թիմի ներկայացուցիչը խախտել է օրենքը, նա պետք է պատասխան տա, իսկ եթե չի խախտել, նա նույնքան հարգված քաղաքացի է, ինչպես «քայլողները», «թմբուկ զարկողները» եւ «հո՜ւ» գոռացողները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Երեւանի նոր քաղաքապետի երդմնակալության ժամանակ այդ առումով չափավոր լավատեսության հիմք է տալիս: Նա խոսել է «քաղաքական ռասիզմի», անցյալն ամբողջությամբ մերժելու, նախորդ սերունդների արածը թերագնահատելու անթույլատրելիության մասին: Ճիշտ է, որ մեր մայրաքաղաքը եւ ընդհանրապես ներկայիս երկիրը կառուցել են նաեւ «հները», այդ թվում նաեւ՝ իշխանությունները, ընդդիմությունները, քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիները: Եթե մենք պնդենք, որ բոլորը թալանել են, կերել են եւ ընտրություններ են կեղծել, կնշանակի, որ մենք ժխտում ենք ինքներս մեզ: Իրականում ունե՛նք պետություն՝ բազմաթիվ ծանրագույն խնդիրներով, եւ հեղափոխությունն իսկապես բացել է այդ խնդիրները լուծելու հեռանկարը:
Վաղվանից՝ վարչապետի հրաժարականից եւ դրան հաջորդող խորհրդարանի լուծարումից հետո սկսվելու է հեղափոխության վերջին փուլը, որն ավարտվելու է արտահերթ ընտրություններով: Իհարկե, զուտ տեսականորեն բացառված չէ, որ Ազգային ժողովում գտնվեն արկածախնդիրներ, որոնք կփորձեն այդ փուլը ձգձգել կամ փոքր-ինչ «հուզումնալից» դարձնել: Բայց այդ մանր խոչընդոտներին, եթե անգամ դրանք լինեն, պետք է հանգիստ վերաբերվել՝ որպես տհաճ դրվագների:
Սկզբունքորեն «հին-նոր Հայաստան» հակադրության ժամանակահատվածն արդեն ավարտվում է: Որքան շուտ բոլորը դա հասկանան, այնքան լավ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Խնդիրը՝ այդ իրականութիւնը հասկացնելն է այն շատ ջահելներին, որոնք այդքան յուզումներով, այդքան խանդավառութեամբ մասնակցեցան իշխանափոխութեան շարժումին, զորս իրենց ներկայացուեցաւ որպէս Յեղափոխութիւն: Յիսուն-վաթսուն տարեկանը անցած, յաւերժական պատանիները կարեւոր չեն, անոնք ուզեն կամ չուզեն, այս կամ այն ձեւով, դարձեալ պիտի համակերպին իրականութեան: Խնդիրն ու ցաւալին՝ այդ ջահելներն են, որոնց համար այս իրականութեան անդրադառնալը, ինքնին, հոգեկան խոր ցնցում է, էական հիասթափութիւն է: Անոնք այդ փուլէն դուրս կրնան գալ կամ հասունացած, կամ կոտրուած, տարիքէն առաջ ծերացած: Այս է մարդկային ամենացաւալի գինը, այս տեսակի քաղաքական շարժումների: Եւ ասոր համար է որ, առաջին օրէն իսկ սկսեալ, ոմանք – հակայեղափոխական, սեւ կամ պարզապէս անհամակրելի նկատուելէ առանց վախենալու – կը ջանային զգուշացնել՝ անիրականալի խոստումների, վիպապաշտ թռիչքների եւ շատ սիրուն ու շողշողուն սակայն լիովին դատարկ, խաբուսիկ հռետորութեան մը նկատմամբ:
Ամէն դէպքում, իսկական զարթնումը տակաւին չէ սկսած, եւ այս խմբագրականը կանխահաս է, ափսոս: Ոչ միայն որովհետեւ դեռ շատեր երկար ժամանակի կարիքը ունին, հասնելու համար այդ հասկացողութիւնը, այլ նաեւ որովհետեւ նոր վարչակարգը, որպէս քաղաքական գործիք, տակաւին կարիքը ունի երկարաձգելու չափազանցեալ երազանքներն ու յուզալից պատրանքները: «Նպատակը կ’արդարացնէ միջոցները» տրամաբանութեամբ: Յուսալով ուրեմն որ նպատակների գոնէ մի հիմնական բաժինը իսկապէս կ’իրագործուի, այդքան չափով ու տարողութեամբ մը, որ այս ամէնուն արդարանայ ամենանոր սերունդի մի մասին հոգեկան խորտակումը: Նամանաւանդ որ, ի տարբերութիւն այլ երկիների, յարատեւաբար նոր հասնող, մեծ թիւով նոր սերունդների երաշխիք չկայ Հայաստանում, որպէսզի կարելի լինի պարբերաբար կրկնել այսպիսի գործընթացներ…