Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի խորհրդականը՝ իր «պարտքերի» և «իր դեմ դատական գործերի» մասին

Հոկտեմբեր 16,2018 09:59

«Ցավոք, նման բացթողումները հարցեր են առաջացնում հոդվածի նպատակի և հոդվածագրի մտադրությունների վերաբերյալ»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Eurasianet.org կայքի տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով խորհրդական Արսեն Գասպարյանը  դատական գործընթացների մեջ է գտնվում ԱՄՆ-ում, այսպես պատասխանեց Արսեն Գասպարյանը:

Հիշեցնենք՝ կայքի տվյալներով՝ վերջին երեք տարում վարչապետի խորհրդականի գործով երեք դատավարություն է տեղի ունեցել: Կայքի տեղեկություններով՝ Գասպարյանը, որը ինչպես Հայաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների քաղաքացի է, մեղադրվում է շուրջ 25 հազար ԱՄՆ դոլարի չափով պարտքերը չվճարելու համար։ Դատական գործերից երկուսն արդեն ավարտվել են, իսկ երրորդն ընթացքի մեջ է. այս գործում Գասպարյանը մեղադրվում է հափշտակություն կատարելու համար: Նրա դեմ դատական հայց են ներկայացրել American Express-ը և Capital One Bank-ը:

Արսեն Գասպարյանը մեզ ուղարկած գրավոր պատասխանում պնդում է, որ «Եվրազիանեթ.օրգ» կայքում հրապարակված հոդվածը շեղվում է լուսաբանման ընդունված չափորոշիչներից.  «Վարկաբեկիչ» ոճով գրված հոդվածը ընտրովի կերպով է թիրախավորում հանրային դեմքին՝ փորձելով օգտագործել նրա հեղինակությանը վնաս հասցնելու և ոչ թե բարեխղճորեն լուսա­բանելու հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցը: Հոդվածը թերի է անդրադառնում կամ ընդհանրապես չի անդրադառնում իմ անցած մասնագիտական ճանապարհին և կրթությանը՝ որպես Հայաստանի դիվանագիտական ծառայության նախկին պաշտոնյայի: Միաժամանակ, հոդվածում բաց են թողնված իմ կենսագրության դրվագները՝ կապված քաղաքականության և պետական ծառայության հետ՝ վիճարկելով իմ ճշմարտացիությունն ու  ազնվությունը»:

Ըստ Արսեն Գասպարյանի՝ հոդվածագիրն օգտագործում է անցյալից հայտնի քաղաքացիական վեճերի վերաբերյալ միակողմանի տեղեկատվություն: Նա մանրամասնեց. «Այս տեղեկատվության բարեխիղճ վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ վեճերից երկուսը, որոնք առնչվում են վարկային կազմակերպություններին, արդեն իսկ լուծված են: Ինչ վերաբերում է երրորդին, այն կրում է մասնավոր բնույթ և անհիմն է. իր վերջին միջնորդությունում հայցորդն անձամբ է ընդունում, որ բողոքի հիմնական պատճառն արդեն իսկ լուծվել է և փոխհատուցվել: Ինչպես արդեն նշեցի, բարեխիղճ լուսաբանումը չէր կարող չանդրադառնալ նաև այս չափազանց կարևոր մանրամասներին: Ցավոք, նման բացթողումները հարցեր են առաջացնում հոդվածի նպատակի և հոդվածագրի մտադրությունների վերաբերյալ: Մարդկանց տեղեկացնելը կարևոր առաքելություն է, որ մինչ օրս սույն կայքն իրականացրել է բարձր պրոֆեսիոնալիզմով և արժանապատվորեն: Այնուամենայնիվ, «Եվրազիանեթ.օրգ»-ն ունի դրական պարտականություն ստուգելու տեղեկատվության իսկությունը, նախքան հրապարակելը: Այս պարագայում, կայքը խախտել է իր պարտականությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031