Աճարկուտը Իջեւանի տարածաշրջանի փոքր համայնքներից է: Բնակավայրը հիմնադրվել է 1924թ., Կունեն կոչվող տարածքում: Այն հիմնվել է փայտի սղոցման գործարանի շնորհիվ, շրջակա գյուղերից մարդիկ եկել են այդտեղ, աշխատանքի անցել, բնակություն հաստատել:
1932 թվականից արտադրության ընդլայնման արդյունքում այդտեղ սկսել են կառուցել բնակելի տներ, դպրոց, հիվանդանոց, խանութ, ճաշարան եւ այլն: 1964թ. Սեւքարի սղոց-գործարանը վերանվանվել է Աճարկուտ բանավանի: 2017թ. հունվարի 1-ի դրությամբ Աճարկուտն ունեցել է 177 բնակիչ, 50 տնտեսություն:
Աճարկուտի համայնքապետարանը մշտապես տեղակայված է եղել Աճարկուտ գյուղում գտնվող Սեւքարի անտառտնտեսության վարչական շենքում: Սեւքարի անտառտնտեսության վարչական աշխատողները 7-8 տարի առաջ տեղափոխվել են Սեւքար գյուղի մուտքին գտնվող նորակառույց շենք:
Աճարկուտ համայնքը 2016թ. սեպտեմբերի 18-ից ղեկավարում է 30-ամյա Մանվել Ավետիքյանը: Նա ասաց, որ Հայանտառը փորձել է Սեւքարի անտառտնտեսությանը պատկանող վարչական շենքը աճուրդով վաճառել, սակայն գործը չի ստացվել, որովհետեւ շենքը վթարային է: Վնասված է նաեւ կառույցի տանիքը: Աճարկուտում ազատ այլ շինություններ չկան, որպեսզի համայնքապետարանը, թեկուզ ժամանակավորապես, այնտեղ տեղակայվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ