Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գյուլբուդաղյանցը վեր հանեց ազգային հավաքականի անհաջողությունների խորքային պատճառները

Հոկտեմբեր 15,2018 23:13

Ազգերի Լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի Հայաստան-Մակեդոնիա
հանդիպումից մեկ օր առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի
գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը լրագրողների հետ հանդիպման
ժամանակ խոսեց, թե ինչու մեր ընտրանին ֆուտբոլասերների իրական
սպասելիքները չի կարողանում արդարացնել: «Ֆուտբոլի զարգացման
երկարաժամկետ ծրագիր է հարկավոր, որում նախապատվությունը պետք է
տրվի մանկապատանեկան ֆուտբոլին: Ռեսուրս, մրցակցություն է անհրաժեշտ,
որպեսզի շնորհալի երիտասարդներ շատ լինեն, ու հավաքականը ռոտացիոն
կարգով թարմանա: Ներկայիս երիտասարդական հավաքականից մեկ-երկու
ֆուտբոլիստ կա, բայց նրանք այս օրերին զբաղված են իրենց տարիքային խմբի
հավաքականում:

Մենք ուզում էինք այս փուլում արդյունքի հասնել, բայց
արդյունք ունենալու համար երիտասարդները պետք է ազգային
հավաքականում փորձ ձեռք բերեն: Տեսեք, հայաստանյան ակումբներից մեկ-
երկուսն են, որ լիարժեք ենթակառուցվածք ունեն՝ իրենց մանկապատանեկան
մարզադպրոցով, ակադեմիայով: Հարկավոր է, որպեսզի յուրաքանչյուր ակումբ
իր ակադեմիան ունենա, ուր կտեղափոխվեն լավագույն պատանի
ֆուտբոլիստները եւ այնտեղ նրանց հետ կպարապեն անհատական ծրագրով:

Այդպես է ֆուտբոլային յուրաքանչյուր զարգացած երկրում: 14 տարեկաններն
արդեն պիտի հասկանան՝ ինչ է տակտիկան, ժամանակը, տարածությունը,
փոխհամագործակցությունը խաղադաշտում: Եվ արդեն 17 տարեկանում
համալրեն տարիքային հավաքականները: Հիմա ի՞նչ վիճակ է մեր մոտ: Ասում
ենք մեր 13-14 տարեկանները շատ լավն են, սակայն դրանից հետո ասպարեզից
անհետանում են, կորչում: Ֆուտբոլիստը 17 տարեկանում պետք է այս ամենն
իմանա, լինի կրթված, այլ ոչ թե գա երիտասարդական կամ ազգային
հավաքական եւ միայն այդ ժամանակ նրանց հետ խոսվի գնդակի փոխանցման
որակի մասին», – ասաց մարզիչը:

Անդրադառնալով Ազգերի Լիգայում մնացած հանդիպումներին՝ Արմեն
Գյուլբուդաղյանցն ասաց. « Ջիբրալթարից կրած դաժան պարտությունից հետո
մենք կենտրոնացած ենք վաղվա եւ հաջորդ հանդիպումների վրա, որպեսզի
ուրախացնենք մեր երկրպագուներին»:

Aravot.am-ի հարցին, թե պարտությունից հետո ՀՖՖ նախագահ Արթուր
Վանեցյանի հետ հանդիպում եղե՞լ է, մարզիչը պատասխանեց. «Անձամբ պարոն
Վանեցյանի հետ ոչ, իսկ փոխնախագահների հետ՝ այո: Ֆեդերացիայի նախագահի
հետ հանդիպել եմ գլխավոր մարզչի պարտականություններն ստանձնելուց
առաջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031