Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ հաճելի չէ ձեզ ձերբակալելը, բայց․․․»․ Շիրակի մարզում սպասվում են պաշտոնանկություններ (տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2018 23:00

Մարզխորհրդի վերջին նիստին, որին մասնակցում էին Շիրակի ոստիկանապետ Սևան Քոչարյանն ու Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, վերջինս համայնքապետերին խստորեն նախազգուշացրեց զերծ մնալ կոռուպցիոն բնույթի հանցագործություններից, այլապես ստիպված կլինի օգտվել իր լիազորություններից ու ժամանակավորապես դադարեցնել նրանց պաշտոնավարումը։ Դատախազը նաև նշեց, որ իրեն հաճելի չէ համայնքի ղեկավարների ձերբակալումը, կալանավորումը։

Aravot.am-ն այսօր Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե մարզխորհրդի նիստից մեկ շաբաթ անց կա՞ն պաշտոնանկ արված կամ ձերբակալված, կալանավորվա՞ծ համայնքապետեր։ Դատախազն ասաց, որ այս ընթացքում դեռ ոչ մի համայնքապետի պաշտոնանկ չեն արել, չկան նաև ձերբակալվածներ։

Նշենք, որ մարզխորհրդի նիստի ժամանակ, դատախազը հայտարարել էր, որ նախորդ տարվա հետ համեմատ Շիրակի մարզում այս տարի գրեթե 2 անգամ ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Նա մեջբերել էր սերմերի յուրացման դեպքերը, որոնք մասսայական բնույթ էին կրում․ 19 քրեական գործեր են հարուցվել՝ 50 ավելի համայնքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։

«Լրատվամիջոցների ներկայացուցիչներ հետ հանդիպելիս՝ առաջ եմ քաշել պետությանը պատճառած վնասը վերականգնելու հարցը, բայց ուզում եմ հասկանաք, որ վնասը վերականգնելով՝ քրեական պատասխանատվությունից ազատվել չի լինում։ Մարդիկ չմտածեն, որ կատարել են հանցավոր արարք, լավ, եթե կբացահայտվի, վնասը կվերականգնեմ, կազատվեմ քրեական պատասխանատվությունից։ Մենք ունենք վնասը վերականգնելու տարբեր մեխանիզմներ, օրենքը մեզ դա լիովին թույլ է տալիս, կոնկրետ հանցագործություն կատարած անձի գույքի վրա կալանք դնենք, և դա մենք կանենք շատ հեշտ և շատ պարզ եղանակով։ Ես նաև որպես մարզի դատախազ, որպես մարզի քրեական քաղաքականության ուղղությունը որոշող սուբյեկտ՝ տեղեկացնում եմ, ունեմ լիազորություն, որից չեմ օգտվել, համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին է խոսքը։ Նման փաստ արձանագրելու դեպքում խոստանում եմ կգնամ այդ քայլին։

Ինձ համար հաճելի չէ համայնքի ղեկավար ձերբակալելը, կալանավորելը,այնպես չէ, որ ես դրանից հաճույք եմ ապրում, ո՛չ, ցավ եմ ապրում, շատ եմ ափսոսում որովհետև բոլորիդ անձնապես ճանաչում եմ, բոլորդ էլ ինձ եք անձնապես ճանաչում, մի ստիպեք, որ ես գնամ այդ քայլին։ Ես ուղղակի ձեզ խնդրում եմ՝ չգնաք այդ քայլին, հետո դուք եք գալու ինձ խնդրելու, եղել են նման մարդիկ, բայց այդ դեպքում առաջին հարկից երկրորդ հարկ ՝ իմ աշխատասենյակ չեք բարձրանալու»,- նախազգուշացրել էր դատախազը։

Նա կոռուպցիան մեկնաբանել էր որպես «պետական իշխանության աշխատակցի ծախվածություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031