Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխովը ապրիլյան պատերազմի տղաներն էին, Թաթուլ Կրպեյանն էր, Մոնթե Մելքոնյանն էր». Էջմիածնի քաղաքապետի թեկնածու

Հոկտեմբեր 15,2018 23:50

«Այո, ես 13 տարի աշխատել եմ Էջմիածնի փոխքաղաքապետ: Ինչ-որ մեկը պետք է աշխատեր: Ես ունեցել եմ իմ գործառույթները, կատարել եմ դրանք անթերի եւ ամբասիր: Արել եմ հնարավորը, որպեսզի օգնեմ իմ համաքաղաքացիներին. 30 հազարից ավել մարդ եմ ընդունել ու չի կարող լինել մի էջմիածինցի, որ ասի`ես դժգոհ եմ եղել Գրիգորյան Վազրիկից, նրա ընդունելությունից, նրա նիստ ու կացից, նրա վարք ու բարքից»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի թեկնածուներից Վազրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Էջմիածնում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են, որին մասնակցում են 14 թեկնածու: Վազրիկ Գրիգորյանը քաղաքապետի հիմնական հավակնորդներից է: Նա առաջին անգամը չէ, որ հավակնում է դառնալ Էջմիածնի քաղաքապետ: Aravot.am-ի դիտարկում-հարցին`թեեւ քաղաքապետ դառնալու Ձեր հավակնությունները չեն արդարացել, բայց 13 տարի եղել եք փոխքաղաքապետ, ընդ որում, նախկին աղմկահարույց քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ նրա հոր`Մանվել Գրիգորյանի, այսպես ասած, իշխանության տղաներին. այսինքն, Դուք, ուզեք, թե ոչ, ընկալվում եք գեներալ Մանվելի մտերիմներից, Վազրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Քաղաքապետարանն առանձին կառույց է եղել, ԵԿՄ-ն առանձին: Դրանք մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունեն»:

Ի դեպ, իշխանափոխությունից հետո Էջմիածնի քաղաքապետարանում եվս ստուգումներ իրականացվեցին, չարաշահումներ հայտնաբերվեցին. այդ շրջանում Վազրիկ Գրիգորյանը եղել է փոխքաղաքապետ: Հարցրեցինք`ինչպե՞ս եք այդ ամենից պատրաստվում ձերբազատվել: «Թե ի՞նչ է արել քաղաքապետը`մյուս աշխատողներն ի՞նչ կապ կամ մեղավորություն ունեն: Մենք մեր գործառույթներն ենք ունեցել, կատարել ենք դրանք: Ես եղել եմ չորս հանձնաժողովների նախագահ, որոնք նորմալ աշխատել են, ֆինանսական հարցերի հետ կապ չեն ունեցել: Այո, եղել են ստուգումներ, նաեւ ինձ մոտ են եղել եւ ոչ մի բան չի հայտնաբերել, որովհետեւ չի եղել: Ես, որտեղ էլ, որ աշխատել եմ, միշտ օրինապահ եմ եղել, դրա համար այսօր շատերը չկան, փախել են, շատերը տանից չեն կարողանում դուրս գալ, իսկ ես բաց ճակատով ման եմ գալիս Էջմիածնում եւ նույնիսկ թեկնածությունս եմ դրել»,- պատասխանեց նա:

Հարցին`Դուք ակտիվ քարոզարշավ չեք իրականացնում, ինչպես մյուսները, ինչպե՞ս եք պատրաստվում շահել էջմիածնեցիների սիրտը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Որոշ մարդիկ քարոզարշավը տանում են դրոշներով, մեքենաներով, մարդիկ կան նույնիսկ գլխարկներ են դնում` վրան գրած`«դուխով»: Փառք ու պատիվ մեր վարչապետին, որ կարողացավ չորս հոգով, դուխով Հայաստանը դնել նոր ուղեծիր, կատարել թավշյա եւ սիրո հեղափոխությունը, բայց այսօր Էջմիածնում կրկնել նույնը, որոշ թեկնածուների կողմից, արդեն չի ընկալվում: Դա ձեր ճանապարհը չէ, սիրելի թեկնածուներ, դուք ձեր ճանապարհն ունեցեք: Կամ`Էջմիածնի մեջ`մեքենաներով, դրոշներով ո՞ւմ եք զարմացնում: Էջմիածնի մեջ ի՞նչ դուխով, ո՞ւմ դեմ դուխով, սա արդեն նոր Հայաստանն է: Շատերն ասում են`մենք ողջունում ենք նոր Հայաստանն ու հեղափոխությունը. ձեր ողջունել կամ չողջունելով հեղափոխությունը ոչինչ չի կորցնի: Դուխովը ապրիլյան պատերազմի տղաներն էին, Թաթուլ Կրպեյանն էր, Մոնթե Մելքոնյանն էր…»:

Վազրիկ Գրիգորյանն ասում է`թեկնածուներ կան, որ ծրագրեր են «գրել», որը եթե տաս արտագրելու`տառասխալներով կարտագրեն: Իսկ թեկնածու կա, որն իր ծրագիրը կարդում է, նայում է բուկլետի նկարին ու ինքն էլ զարմանում, որ դա իր ծրագիրն էր:

Այլ մանրամասներն`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031