Փաստաբան Արայիկ Պապիկյանը, որն օրերս կյանքից հեռացած ազատամարտիկ, ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի շահերն էր պաշտպանում, լրացուցիչ հարցեր է առաջադրել՝ Խանդոյանի մահվան առնչությամբ դատաբժշկական փորձաքննության շրջանակում: Այս մասին նա հայտնեց Aravot.am-ին՝ նշելով, որ այդ պատճառով փորձաքննությունը երկար կտեւի՝ մոտ մեկ ամսից արդյունքները պարզ կլինեն:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ Արայիկ Խանդոյանը մահացել է սրտի կաթվածից, սակայն պաշտպանական կողմը ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում պնդել էր, որ նրա առողջական վիճակի վատթարացման վրա ազդել է մոտ մեկ տարի առաջ դատարանի շենքի խցում գրանցված միջադեպը:
«Քննիչի որոշմամբ՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելն արդեն իսկ փաստ է, սակայն մենք հանդես եկանք լրացուցիչ միջնորդությամբ՝ փորձագետի համար առաջադրելով մի շարք հարցեր, ուստի փորձաքննության կատարման ծավալներն ավելացան: Ժամկետները կապված են փորձաքննության կատարման գործողությունների հետ, այսինքն՝ բազմակողմանի եզրակացություն տալու համար փորձագետը պետք է պարզի լրացուցիչ հարցեր: Նա, քննիչի որոշմամբ, եզրակացություններ պետք է առաջադրի մեր հարցերի շուրջ»,-տեղեկացրեց Արայիկ Պապիկյանը:
Հետաքրքրվեցինք, թե լրացուցիչ հարցերն արդյոք կապվա՞ծ են դատարանի նկուղում տեղի ունեցածի հետ: Պաշտպանը նշեց, որ այս փուլում չի կարող հարցադրման պատասխանի մասին բարձրաձայնել. «Միայն կարող եմ ասել, որ փորձել ենք առավելագույնս ապահովել, որպեսզի փորձաքննության շրջանակում բոլոր հարցերը ներկայացվեն եւ հետազոտվեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ