Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ-ում հայտնաբերվել են 56 ՀՀԿ կուսակցական տոմսեր

Հոկտեմբեր 15,2018 21:07

Այսօր ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են 56 ՀՀԿ կուսակցական տոմսեր։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանող, «ԵՊԼՀ Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Միքայել Նազարյանը։

Չհրկիզվող պահարանը բացվել է  էլեկտրական կտրիչով, քանի որ  ուսանողական խորհրդի նախկին անդամները հրաժարվել են բանալի տրամադրել։

Այս թեմայի շուրջ Aravot.am-ը զրուցեց ՈՒԽ նախկին նախագահ Ռոզա Հակոբյանի հետ։

Հակոբյանը նշեց, որ իր նախագահության շրջանում ուսանողական խորհուրդը  զբաղվել է միայն ուսանողական խնդիրներով, իսկ մինչ իր նախագահությունը տեղի ունեցածի համար ինքը պատասխանատվություն չի կրում։

Նրա խոսքով ՈւԽ գույքը ապօրինի կերպով հանել են սենյակից՝ առանց ընդունում հանձնում անելու, և  հայտնի չէ՝ տեղափոխումից հետո ինչեր են ավելացել կամ պակասել։

Մեր այն հարցին, թե իր նախագահության շրջանում երբևէ չի՞ բացել չհրկիզվող պահարանը և չի՞ տեսել կուսակցական տոմսերը, Հակոբյանը պատասխանեց․

«Այդ պահարանում տարբեր իրեր են եղել, վերջիվերջո, դա ուսանողական խորհրդի սենյակն է և տարբեր ուսանողներ իրենց անձնական իրերն են թողնում այնտեղ։ Ես չեմ նկատել էդպիսի բան, ճիշտն ասած, չգիտեմ»։

Aravot.am-ը զրուցեց նաև «ԵՊԼՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Միքայել Նազարյանի հետ։

Նազարյանը վստահեցրեց, որ պահարանը տեղափոխվելուց առաջ կնիքվել է, և կնիքը առկա է եղել այն բացելիս։

Նրա խոսքով չհրկիզվող պահարանը բացելիս՝ իրենց նախաձեռնության անդամներից որևէ մեկը ներկա չի եղել։

«Այն բացվել է հանձնաժողովի կողմից, որի անդամները ամբիոնի վարիչներն ու դասախոսներն են, ուսանողությունը ոչ մի կերպ ներգրաված չի եղել այդ պրոցեսում»,-ասաց Նազարյանը։

Նա նաև նշեց, որ ընդունման- հանձնման ժամանակ հայտնաբերվել են  պակասորդներ, մասնավորապես չկան երկու համակարգիչներ և մեկ ֆոտոխցիկ։

Հավելենք, որ 56 անդամատոմսերից 51-ը ԵՊԼՀ ուսանողների անունով են, իսկ մյուս չորսը՝ անհայտ։

 

Լուսանկարը` Միքայել Նազարյանի ֆեյսբուքյան էջից:

Սոնա Գևորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031