Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը։ Ամանորյա տոնակատարությանը վերաբերող ծախսերը ներկայացնելիս՝ բուռն քննարկում սկսվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայից գնումներ կատարելու շուրջ։
Ըստ քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանի, ամանորյա միջոցառումների կազմակերպման նպատակով նախատեսել են 7 միլիոն դրամ։
«Ինչո՞ւ հիմա ենք ներկայացնում նախագիծը, մենք ունենք միջոցառումներ, որոնք պարտադիր պետք է մրցույթ անցկացվեն, դրա պատճառով երկու ամիս շուտ ենք ներկայացնում, որպեսզի կարողանանք մրցույթն անցկացնել, կազմակերպել ու այդ ծախսերը կարգավորել։ Ամանորյա նախահաշվի մեջ նախատեսված է ամանորյա պարկերի ձեռք բերում, ասեմ, որ պարկերը մեր բոլոր մանկապարտեզներին, պարտադիր բոլոր երեխաներին տրվում են։ Բացի դրանից, մեր ՀՈԱԿ-ներին են պարկեր տրվում, բացի դրանից քաղաքում ֆայտոնով շրջող երեխաներին այդ օրը պարկեր են տրամադրվում, ինչպես նաև մեր որբանոցներին, մանկատներին, մի խոսքով բոլորին տրամադրվում է, արժեքը՝ 2 միլիոն 300 հազար դրամ։
Հրավառություն ենք նախատեսել երկու անգամվա՝ մեկ միլիոն դրամ, կազմակերպչական, հյուրասիրության ծախսեր՝ 600 հազար դրամ և ասեմ, որ մեկ անգամ մեր քաղաքը զարդարել ենք դեկորներով և այսքան տարի հիմնական տեղադրված դեկորների վրա ընդամենը կատարում ենք վերականգման-վերանորոգման աշխատանքներ, և էլի մեր քաղաքը շատ լուսավոր, շատ պայծառ, շատ գեղեցիկ տեսք է ունենում։ Տոնածառի ամանորյա տեղադրման և մոնտաժման, հետո ապամոնտաժման աշխատանքները, ինչպես նաև դեկորների վերանորոգման աշխատանքների համար 3 միլիոն 300 հազար ենք տրամադրել։ Բացի կազմակերպչական և հյուրասիրության ծախսերից, մնացածը կդնենք մրցույթի և նոր կսկենք գումարների ծախսում», -զեկուցեց տիկին Ջիլավյանը։
«Գալա» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Մկրտչյանը հետաքրքրվեց, թե հին եղևնին է տեղադրվելո՞ւ քաղաքում։ Ավագանու անդամին նաև հետաքրքրեց, թե հնարավո՞ր է այս անգամվա մրցույթի անցկացման ժամանակ «Անուշարան»-ը չմասնակցի, որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն։
«Նախ հնարավոր չէ նույն եղևնին, որովհետև մեր եղևնին բնական է, իսկ բնական ճյուղերը մի տարի պահելն անհնար է, դրա համար եղևնին հաստատ պետք է փոխվի, անցած տարվա ճյուղերը չունենք։ Կոնստրուկցիան չենք փոխի, մեր տոնածառի բարձրությունը շատ հիանալի է, չի զիջում ոչ մի քաղաքի, ընդհուպ մայրաքաղաքի, էնպես որ շատ լավն է մեր կոնստրուկցիան, ինչի՞ փող ծախսենք, չէ՛, նույնը կլինի։
Հաջորդը՝ասեմ, որ մրցույթը բաց է, էլեկտրոնային եղանակով է անցնում, կարող եք դուք էլ մասնակցել, ես էլ մասնակցեմ և շահենք Ամանորի հետ կապված, բայց «Անուշարանն» արդեն քանի տարի մրցույթ չի շահում․ քանի որ «Անուշարանն» այս քաղաքում գործող կառույց է, աշխատող կազմակերպություն է, շահող մարդը, մրցույթը հաղթած անձնավորությունը «Անուշարան»-ի ապրանքը կարող է առնի, բերի, ես չեմ կարա ասեմ՝ հետ տար։ Մարդը բնութագրով, կշռով, գնով, ամեն ինչով շահել է մրցույթը։ Շահել է, որ պետք է լինի էս տուփը, մեջը էս տեսականին, էսքան կոնֆետ և ինձ բերում է նույն բնութագրով շահած պարկերը, մենք իրավունք չունենք հետ տալու, կարող է ինքը առնի «Անուշարան»-ից, կարող է առնի «Գրանդ Քենդի»-ից, որը որ իրեն ձեռնտու է, մարդը մրցույթը շահել է, էդ գնով ինձ տալիս է, որտեղից կառնի, դա իմ գործը չէ։
Ասեմ, որ արդեն որերորդ տարին «Անուշարան»-ը մրցույթը չի շահում, 2014 թվից սկսած «Անուշարան»-ը երկու հատ տորթ է մեզ տվել, իհարկե, չի տվել, մենք առել ենք, ծերանոց ենք տարել, իսկ մրցույթները շահել են տարբեր մարդիկ, տարբեր կազմակերպություններ, որտեղ կուզեն, կառնեն, իրենք իրենց աղա քեֆը», -պարզաբանեց Լենա Ջիլավյանը։
«Գալա» խմբակցության մեկ այլ անդամ՝ Արման Գրիգորյանը, սակայն, նշեց․ «Տիկին Ջիլավյան, նկատելի է, որ վերջին տարիներին շահող կազմակերպությունը շատ բուռն ցանկություն է հայտնում միայն գնել «Անուշարան-ից»։
«Ի՞նչ անենք»,-պատասխանեց տիկին Ջիլավյանը՝ նշելով, որ «Անուշարանն» այս քաղաքում աշխատող, գործող կազմակերպություն է, և որ ավագանու անդամները պիտի շահագրգիռ լինեն քաղաքի տնտեսությունը զարգացնելու։
Սամվել Բալասանյանը շատ վրդովվեց՝ տիկին Ջիլավյանին հորդորելով չշարունակել թեման։ « Լավ էդ «Անուշարան»-ը կփակենք, բոլորդ ուրախացեք։ Թող փակվի, էդ «Անուշարան»-ի տորթն ու կոնֆետը չգնեն», -բացականչեց քաղաքապետը։
«Բայց ինչի՞ փակվի, պարոն քաղաքապետ, քանի՞ աշխատատեղ է»,- հակադարձեց տիկին Ջիլավյանը, որին ի պատասխան՝ պարոն Բալասանյանը շարունակեց․ «Թող փակվի էլի, ինչի՞ չփակվի, էլ ինչ փակե՞նք, գարեջուրն էլ չփակե՞նք։ Զարմանալի է, զարմանում եմ, ես ուղղակի ինձ վատ եմ զգում, հավատացեք, հիմա ինչ աշխատատեղ բացենք, կասեք՝ ահա, է հետո՞, վերջը, ասենք «Անուշարան»-ից չեն առել, «Գրանդ Քենդի»-ից են առել, լավ ի՞նչ, զարմանում, մնում եմ, իրական եմ ասում․ չէ՞ որ դրանք աշխատատեղեր են»։
Քրիստինե Մկրտչյանը, սակայն նշեց, որ իրենք դեմ չեն բիզնեսի զարգացմանը, դեմ են շահերի բախմանը, կոռուպցիային և առաջարկեց ամեն ինչ անել օրենքի սահմանում ու թափանցիկ։
«Լրիվ թափանցիկ է լինում, ռիսկեր կա՞ն կոռուպցիոն, տվեք դատախազություն»,- խորհուրդ տվեց Սամվել Բալասանյանը։ Քրիստինե Մկրտչյանը հակադարձեց, որ եթե այդ թեման քննարկեն, այսօրը չի բավարարի։
Քրիստինե Մկրտչյանը նաև հետաքրքրվեց, թե ովքե՞ր են մասնակցող անձինք,, կազմակերպությունը։ «Նկարագիրն այս անգամ դուք տվեք, գնացեք «Գրանդ Քենդիի» պարկը վերցրեք, թող էդ մարդը էդտեղից գնի։ Հիմա ՞ինչ տարբերություն էստեղի՞ց է գնել, թե՞ էնտեղից է, երեխայի համար։ Ինչևիցե, գեղեցիկ չէ, դրանք բոլորն աշխատեղեր են, հարգելի ավագանու անդամներ», -նեղվեց քաղաքապետը։
«Գալա»-ի ավագնու անդամ Արման Գրիգորյանն առաջարկեց, թե թող անմիջապես «Անուշարան»-ը մասնակցի մրցույթին, ոչ թե միջնորդ կազմակերպության միջոցով գնումներ կատարեն «Անուշարան»-ից։
«Անուշարանը չի մասնակցի։ Կասկած ունեք, ավագանու անդամ եք, դիմեք դատախազություն, թող գան, ուսումնասիրություն անեն»,- դարձյալ խորհուրդ տվեց Սամվել Բալասանյանը։ Նա նշեց, որ երբեմն մրցույթ են հայտարարում, մասնակից չի լինում, օրինակ՝ չորս անգամ մրցույթ են հայտարարել երիտասարդական պալատի կտուրի մի հատվածի վերանորոգման համար, ոչ մեկը չի արձագանքել, այս դեպքում օրենքը թույլ է տալի մեկ անձի հետ պայմանավորվել ու համապատասխան գնով անել։
«Հիմա օրենք հանեք, որ Անուշարանի տորթը լավը չէ, մի գնեք, վերջացավ, թող փակվի էդ գործարանը, ուրախանաք», -նյարդայնացավ քաղաքապետը։
Նա նաև ասաց, որ առաջարկելու է հանել նաև սոցիալական բաղնիքը, թեև տնակներում 2000 ընտանիքիներ կան, որոնք կոմունալ տարրական պայմաններ չունեն։
«Լավ ծրագիր է, արեցինք, տալիս ենք գումար, մեկ էլ լսում եմ ՝ Բալասանյանը բաղնիքից փող աշխատեց, բա անհարմար չէ՞․․․ Խնդրում եմ բոլորին չափեք էն արշինով, որքան էդ մարդը կա»,- նորից նեղվեց քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ